Պարզվում է, որ Ամուլսարը գիտելիքահեն արտադրություն է. համաձայն եմ

Պարզվում է, որ Ամուլսարը գիտելիքահեն արտադրություն է. համաձայն եմ

Նման բացահայտմանը տեղեկանում ենք «Հանքարդյունաբերությունն այն հարցը չէ, որը պետք է քննարկել փողոցում» հրապարակումից («Հրապարակ», 15.09.2020):

2008 թվականին լույս տեսավ իմ հեղինակած «Գիտելիքահենք տնտեսություն. հնարավորություններ և մարտահրավերներ» մենագրությունը: Դրանով առաջին ան­գամ հայերեն լեզվում շրջանառության մեջ դրվեց «գիտելիքահենք» բառեզրը, որի օգտագործման համար լեզվի տեսչությունը դեռևս 2006 թվականին տվել էր իր գրա­վոր համաձայնությունը: Այդ գիրքը հասանելի է համացանցում : 

Չնայած այդ գրքի 1500 օրինակից ավելին նվի­րել եմ (պետական կառավարման մարմիններին, պատգամավորներին և շատ ու շատ մարդկանց), այդուհանդերձ, ինչ­պես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտո­նական հրապարակումներում մինչ օրս մեկընդմերթ հանդիպում է «գիտելիքահեն» արտա­հայ­տությունը:

Կարելի էր տխրել, բայց այս դեպքում ուրախության զգացողություն ունեցա, երբ իմ գործընկեր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը կամա, թե ակամա ճշգրիտ բնութագրել է Ամուլսարի հիմնախնդիրը. «սա գիտելիքահեն արտադրություն է»:

Մի փոքր անդրադարձ «հեն» - ի ստուգաբանությանը: Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «հեն» նշանակում է «ավազակ», «ավարառու», իսկ փոխառությունն իրաներենից է (միջին պարսկերեն hēn, հին պարսկերեն hainā, ավեստերեն hae): Հետևաբար, «սա գիտելիքահեն արտադրութ­յուն է» արտահայտության հոմանիշն է՝ «սա ավազակային, ավարառու արտադրութ­յուն է»:

Ես որևէ մտադրություն չունեմ վիրավորելու Ամուլսարի ներդրողներին: Իրենք բարեխիղճ գնորդներ են: Ավելին, որպես տնտեսագետ, նույնիսկ կասկածահարույց չեմ համարում 350-400 մլն. դոլարի ներդրումները:

Դասագրքային ճշմարտությունն այն է, որ բազմաթիվ երկրներ չեն խրախուսում օտարերկրյա ներդրումները մի շարք ոլորտներում, հատկապես, հանքարդյու­նա­բերութ­յունում (օրինակ, Փ. Լինդերտ, «Աշխարահատնտեսական կապերի տնտե­սա­գիտություն»): 
Անդրադառնանք հարգելի պրոֆեսորի առաջին դատողությանը. «Սկսենք ցիանիդից։ Միանգամից ասեմ, որ այսօր ստեղծված նորագույն մեթոդների եւ տեխ­նոլոգիայի շնորհիվ պոչամբար կոչված արտադրական միավորը դարձել է անվտանգ, քանի որ նորագույն պաշտպանիչ շերտերը բացառում են այդ նյութի արտահոսքի բոլոր հնարավոր եւ անհնար սողանցքները»: Բայց այդ ցիանիդը մի տեղ կուտակվելու՞ է: Իսկ եթե «հայի բախտն» այցելի մեզ: 

1940-ականների Գերմանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Ֆ.Գալդերի օրագրում արված գրառումները վկայում են, որ Խորհրդային Միության դեմ պատերազմի ողջ պատրաստությունը հիմնված է եղել երեք փղերի վրա. авось, небось и как-нибудь (կներեք՝ ռուսերեն լավ է հնչում): Զարմանալի ու գեր­մա­նա­ցիներին ոչ բնորոշ մոտեցում: Ինչպես հետագայում երևաց, այդ «փղերն» այնքան էլ հուսալի չէին: «Авось повезет» - ի վրա, ասում են թե, սովո­րա­բար ռուսներն են հիմնվում: Թեպետ Ռուսաստանի պատմությունն այլ բան է ասում:
Ինչևէ: 2000-ականներին ես Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկայի տնօրենների խորհրդի անդամ էի, նախարարի տեղակալ, հանքարդյունաբերության ոլորտի պատաս­խանատուն: Ներդրողները Հնդկաստանից էին:

Ըստ պայմանագրի, իրենք Սոթքից հանքաքարը պետք է տեղափոխեին Արարատի ֆաբրիկա: Եր­կաթգծի նորացման նպատակով խոստացած ներդրումներից խուսափելու հա­մար, նրանք առաջարկեցին գործարան կառուցել Սոթքում, այսինքն, Սևանի ազ­գային պարկի տարածքում: Խնդրեցին հանդիպում: Հանդպման ժամանակ ես հարցրեցի, թե ինչ տեխնոլոգիայի մասին է խոսքը: Նրանց պատասխանը եղավ՝ ցիանիդի հիման վրա: Նրանք, այնուհետև շարունակեցին բացատրել, թե դա ինչ մաքուր տեխնոլոգիա է, սակայն, ներողություն խնդրելով, ես ընդհատեցի զրուցակցին ու ասացի. «Մեր հանդիպումն ավարտված է»: Հետո պարզվեց, որ իրենք սկզբում փորձել են ամենաբարձր օղակներից: Չի ստացվել: Թե ինչու էին կրկին փորձ անում ցածր օղակներում, անհասկանալի էր:

Ցիանիդը մի կողմ: Բազմաթիվ երկրներում հեղափոխություններից հետո մի շարք ձեռնարկություններ պետականացվել են, առաջին հերթին, հանքարդյունա­բերության ոլորտի: Ենթադրենք այդպիսի քայլ ձեռնարկված լիներ Ամուլսարի դեպ­քում և այն դառնար պետական, այսինքն՝ մեր ազգային շահերը սպասարկող: Գու­ցե հարցն այդպես չսրվեր: Մի բան է, երբ շրջակա միջավայրին վնաս է հասցվում՝ հե­տագայում այն ավելի լավը դարձնելու կամ երկրի զարգացումն ապա­հովելու հա­մար, մեկ այլ բան է, երբ շահույթը հիմնականում արտահոսում է: Ի վերջո, օտարերկրյա ներդրումները տարբեր են լինում: Կան ներդրումներ, որոնք, բացի ներդրվող գու­մարի անվանական մեծությունից ապահովում են այլ էֆեկտներ. արտասահ­մանյան տեխնոլոգիայի և գիտելիքի, կառավարման հմտությունների փո­խանցում:

Ընդորում, այդ էֆեկտները երբեմն ավելի մեծ օգուտ են բերում երկրին, քան բուն ֆինան­սա­կան միջոցները: Մինչդեռ հանքարդյունաբերության դեպքում այդպիսի էֆեկտ­ները գրեթե բացակայում են: 

Կարելի է համաձայնել նշված հրապարակման մեջ տեղ գտած այն նկա­տառ­մանը, որ փոքր ավելացված արժեքով հումքի արտահանման փոխարեն նպա­տ­ակահարմար է ընդարձակել արժեքի ստեղծման շղթաները և արտահանել ավե­լաց­ված մեծ արժեք պարունակող արտադրանք: Միայն այդ դեպքում կավե­լանան ինչ­պես պետական բյուջեի մուտքերը, այնպես էլ մարդկանց բարեկե­ցությունը և միայն այդ դեպքում ավելի արդյունավետ կլինի շրջակա միջավայրի պահպա­նութ­յունը: 
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե հանքարդյունաբերությունն այն հարցը չէ, որը պետք է քննարկել փողոցում, ապա հարկ է նշել, որ էկոլոգիական և այլ շար­ժումները եկել են զարգացած երկրներից՝ որպես քաղաքացիական հասարակության արձագանք այս կամ այն երկրի կառավարության ոչ ժողովրդահաճո որոշումներին: Այլ հարց է, թե մեզանում ինչու է այդ հարցի լուծումը ձգձգվում: Գուցե թերի են «դեմ»-ի կամ «կողմ»-ի փաստարկները:

Հ.Գ. Կոտայքի մարզում մի գեղատեսիլ գյուղ կա (անունը չեմ ցանկանում նշել): Մանկության տարիներին հիշում եմ, հայրս` գի­շեր լիներ, թե ցերեկ, Երևանից հասնում էր այդ գյուղի հայտնի աղբյուրy՝ ջուր խմե­լու: Ներկայում այդ աղբյուրից վերև ընկած տարածքները յուրացվել են. մարդիկ այ­գի­ներ ու բանջարանոցներ են հիմնել և, բնականաբար, օգտագործում են պա­րար­տանյութեր… Մնացել է այդ աղբյուրի ջրի միայն սառնությունը: Այդ ջուրը գուցե թու­նավոր չէ, բայց այլևս այն ջուրը չէ:

Գագիկ Վարդանյան
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր