Ալիեւի տնտեսական ֆիասկոն

Ալիեւի տնտեսական ֆիասկոն

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան եռօրյա սրացումը մերկացրեց հակառակորդի ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական սնանկությունը: Պարզվում է, էլ ավելի ծանր է Ադրբեջանի տնտեսական դրությունը: Այնքան, որ SOCAR պետական նավթային ընկերությունն սկսել է զանգվածային կրճատումներ անել: Նավթի գնանկումը եւ արդյունահանման ծավալները շուրջ 40 տոկոսով կրճատելու BP-ի որոշումն անում են իրենց գործը: Օգոստոսի 5-ին Միլլի մեջլիսն առաջին ընթերցմամբ ընդունել է ընթացիկ տարվա պետական բյուջեում փոփոխությունների մասին օրինագիծը: Ըստ այդմ, Ադրբեջանի պետական եկամուտները կրճատվում են շուրջ երկու միլիարդ դոլարով, փոխարենը նույն չափով նախատեսվում է ծախսերի ավելացում: Իրականում խոսքը սեկվեստրի մասին է: Մոտ կես միլիարդ դոլարով կրճատվում են պետական նպատակային ծրագրերի համար նախատեսված գումարները: Ծախսային խնայողություններ են արվում կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում: Կառավարությունը երաշխավորում է միայն թոշակների եւ նպաստների վճարում: Չնայած սոցիալական լարվածությանը, ռազմական ծախսերին հատկացվում է հավելյան մոտ երեք հարյուր միլիոն դոլար: Բայց բոլորը կասկածում են բյուջետային փոփոխությունների իսկությանը: Վիճակն այնքան բարդ է, որ անկախ փորձագետները կառավարությանը հորդորում են պետական նավթային հիմնադրամի պահուստները նպատակաուղղել բյուջեի դեֆիցիտի փակմանը: Բայց որտեղի՞ց գումար պետական նավթային հիմնադրամում, եթե մեկուկես տսանմյակ այնտեղ եկած մուտքերը փաստացի տնօրինում է իշխող ընտանիքը: Ահա այս իրավիճակում Իլհամ Ալիեւը որոշել է ազատականացնել տնտեսությունը: «Վերջ պետական կապիտալիզմին»- գրում է ալիեւյան քարոզչամիջոցը՝ խնդիրը ներկայացնելով որպես տնտեսական «բարեփոխման ծրագիր»: Իրականում խոսքը շուրջ երեքուկես միլիարդ դոլարի հասնող բյուջետային դեֆիցիտի փակման մասին է: Եթե առաջիկա մեկ-երկու ամիսներին այդ գումարը չգտնվի, ապա ձմեռնամուտին Ադրբեջանում կարող է սոցիալական խռովություն բռնկվել: Կառավարությունն իր զորու չի լինի նույնիսկ աշխատավարձ վճարել: Թեման հրատապ է, Ալիեւը հատուկ հեռավար խորհրդակցություն է անցկացրել կառավարության տնտեսական բլոկի նախարարների, պետական ընկերությունների ղեկավարների հետ: Խնդիր է դրվել իրականացնել լայն սեփականաշնորհում, ներգրավել արտաքին ֆինանսական միջոցներ: «Դա կնպաստի նաեւ աշխատատեղերի ստեղծմանը»- լեզվից թռցրել է Ալիեւը՝ ակամա խոստովանելով, որ տարեկան 50 000 աշխատատեղ ունենալու մասին իր նախկին հայտարարությունները պարզապես ստախոսություն էին: Վիճակն այնքան ճգնաժամային է, որ Ալիեւն ստիպված խոստովանել է, որ միայն Բաքվում խորհրդային ժամանակներից «ոտքի վրա փտող տասնյակ ձեռնարկություններ կան»: Նա պատրաստ է դրանք «խորհրդանշական գնով» օտարել, եթե ներդրողը խոստանա վերականգնել արտադրությունը եւ բացել աշխատատեղեր: Անցել են ժամանակները, երբ Ալիեւը կարողանում էր կոռուպցիոներներին փակել Ազգային անվտանգության նախարարության նկուղներում, նրանց ,,կուլակաթափ անել,, եւ լրացնել բյուջեի դեֆիցիտը:

Նրա իշխանությունը թուլացել է: Այժմ նա առաջարկում է կողոպտված գումարներով սեփականատեր դառնալ եւ թույլ չտալ, որ տնտեսությունը վերջնականապես փլուզվի: Մեկուկես տասնամյակում իշխող ընտանիքը տասնյակ միլիարդավոր դոլարի հարստություն է կուտակել: Մարդիկ, բնականաբար, սպասելու են Իլհամ Ալիեւի քայլին: Իր միջոցների նա կներդնի՞ Ադրբեջանի մեռնող տնտեսության մեջ: Դա իրեն փրկելու, թերեւս, վերջին հնարավորությունն է: Բայց ավելի ուժեղ է տպավորությունը, որ Ալիեւը որոշել է քաղաքականությունից հեռանալուց առաջ ավելի ապահովագրել իշխող ընտանիքի ապագան՝ տեր դառնալով նոր հարստությունների: Կտա՞ն նրան այդ հնարավորությունը: