Դեռ տաք ենք եւ այդ ստեղծագործությունների որակը էմոցիոնալ ֆոնի վրա ենք ընկալում

Դեռ տաք ենք եւ այդ ստեղծագործությունների որակը էմոցիոնալ ֆոնի վրա ենք ընկալում

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը երկարատեւ վերանորոգումից հետո անցել է բնականոն աշխատանքային ռեժիմի, թարմացվել է ամեն ինչ՝ դահլիճը, աթոռները, լուսաձայնային տեխնիկան։

Թե ինչպես անդրադարձան կորոնավիրուսն ու պատերազմը թատրոնների գործունեության վրա, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանն ասում է, որ դժվար է միանգամից պատասխանել, որովհետեւ պետք է ժամանակ անցնի․ «Նույնիսկ Ֆրանսիական հեղափոխության արդյունքները չեն կարողանում վերլուծել, ժամանակ է պետք։ Ամեն դեպքում, մենք աշխատում ենք այնպես անել, կազմակերպել, պլանավորել, որ վերադառնանք առաջվա ռեժիմին, եւ կարծես թե դա ստացվում է։

Օրինակ, Սովետմիության քանդվելուց հետո մենք շաբաթը 6-7 օր էինք աշխատում, հիմա 3-4 օր ենք աշխատում, ներկայացումներ անում, չնայած մնացած օրերին էլ փորձեր են լինում, որովհետեւ 18 անուն ներկայացում ունենք, որոնք մեկ տարվա պանդեմիայի դադարից հետո ամեն մեկն առնվազն 3-4 փորձի կարիք ունի, որ վերականգնվեն։ Հիմա գրեթե վերջացնում ենք, մնացել է 2 ներկայացում, որ վերականգնվի»։

Խանդիկյանն իր խոսքում նկատում է, որ թատրոնն արդեն ունի ոչ միայն արցախյան պատերազմին, այլեւ ցեղասպանությանը նվիրված 2-3 գործ․ «Հետո՝ պետք է ժամանակ անցնի, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ամփոփել, չգիտեմ՝ ուրիշները ոնց, բայց ես երբեք այդ հողի վրա սպեկուլյացիա չեմ անի»։   

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ընդգծում է՝ ռուսական թատրոնն այս ընթացքում ոչ մի օր չի դադարել աշխատել, եւ բացօթյա ներկայացումներ խաղալու թույլտվությունը ստանալուն պես իրենք անցած տարվա օգոստոսին արդեն պրեմիերա են արել։ «Մեր թատրոնի բախտը բերեց, որ ունենք ներքին բակ եւ բացօթյա խաղում էինք ներկայացումներ, մինչեւ հնարավորություն ստացանք խաղալ նաեւ ներսում։ Նախատեսում էինք տարբեր պրեմիերաներ, բայց պատերազմը սկսվեց, եւ մենք սկսեցինք խաղալ երեխաների համար՝ նրանց մի փոքր շեղելով իրականությունից եւ նվիրելով մեկ ժամ հեքիաթ»,-ասում է նա ու հավելում, որ իրենք այն միակ թատրոնն են, որ անցած տարի 3 առաջնախաղ ունեցան, դրանք էին՝ «Քաջ Նազարը»,  «Կենդանիներ, մարդիկ, հանգամանքներ» ներկայացումները՝ Կարեն Ներսիսյանի, եւ «Գարդենիան»՝ Գոռ Մարգարյանի բեմադրությամբ։

Այս տարի եւս հասցրել են ունենալ մեկ առաջնախաղ, եւս մեկը նախատեսված է առաջիկայում։ «Մենք շատ ակտիվ աշխատում ենք, եւ ստեղծված իրավիճակում միայն աշխատանքը կփրկի մեզ»։ 
Այդուհանդերձ, այս ընթացքում եղել է նաեւ հանդիսատեսի կորուստ․ «Ամռանը մենք խաղում էինք «Գարդենիան»՝ շաբաթը 4 անգամ, որն աննախադեպ քանակի հանդիսատես էր ուզում դիտել, նույնը՝ նաեւ աշնանը, ձմռանը, բայց այս ամսվա մեջ չգիտեմ ինչ կատարվեց․ ինչքան ես եմ զգում, բոլոր թատրոնները, նույնիսկ կոմերցիոն ներկայացումները, հանդիսատեսի կորուստ են արձանագրել։ Չգիտեմ՝ դա ինչով կարելի է բացատրել, բայց, համենայնդեպս, մենք աշխատում ենք եւ ներկայացումներ խաղում թե՛ փոքրերի, թե՛ մեծահասակների համար»։ 

Մ․ Մխիթարյանը եւս կարծում է, որ պետք է ժամանակ անցնի, որպեսզի կարողանանք «մարսել» պատերազմը, այն, ինչ կատարվեց մեզ հետ, ու նոր դրա մասին ստեղծել լիարժեք գործեր․ «Ես չեմ ուզում քննադատել կամ քննարկել այն ներկայացումները, ֆիլմերը, որոնք արդեն դուրս են եկել, դրանք եւս շատ կարեւոր են, բայց, ըստ իս, պիտի մի փոքր ավելի ժամանակ անցնի։ Մենք դեռ տաք ենք եւ այդ ստեղծագործությունների որակը մենք ավելի շատ էմոցիոնալ ֆոնի վրա ենք ընկալում, այդ գործերի մշակութային արժեքն էլ առայժմ ընկալում ենք շատ էմոցիոնալ, ոչ թե՝ ըստ արժանվույն»։

Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոններին, ապա ներկայացումից առաջ բոլորին բաժանում են դիմակներ,  ջերմաչափում են անում, ալկոգել տրամադրում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը նաեւ դահլիճում։