Եթե Պուտինը խաղա Թրամփի հետ, ապա՝ կզղջա. սենատոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է համոզել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայի հետ հրադադարի հասնելու համար։
Սակայն եթե Պուտինը փորձի խաբել Թրամփին, նրա համար կլինեն հետեւանքներ։
Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Թրամփը պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներին, Գրեհեմը պատասխանել է, որ նախագահը, հավանաբար, սպասում է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի գլխավորած բանակցությունների արդյունքներին։
«Թրամփը պատրաստվում է այս շաբաթ խոսել Պուտինի հետ։ Դուք չեք կարող լուծել խնդիրը, քանի դեռ չեք խոսել այն ստեղծողի հետ: Իսկ խնդիրը Պուտինն է։ Նա ագրեսիվ քաղաքականություն է վարում Ուկրաինայի և ողջ տարածաշրջանի նկատմամբ»,- ասել է սենատորը։
Միաժամանակ Գրեհեմը հույս է հայտնել, որ Թրամփը կկարողանա համոզել Ռուսաստանի առաջնորդին գնալ փոխզիջումների։
«Ես հուսով եմ, որ նախագահ Թրամփը կարող է բանակցություններ վարել Պուտինի հետ հրադադարի շուրջ և գտնել այնպիսի լուծում, որը ձեռնտու է երկու կողմերին՝ դադարեցնելու արյունահեղությունը։ Դուք երբեք չեք իմանա, մինչև չփորձեք: Եվ մոլորակի վրա կա միայն մեկ մարդ, ով ունակ է դրան՝ Դոնալդ Թրամփը։ Եթե Պուտինը փորձի խաղալ Թրամփի հետ, նա կզղջա դրա համար»,- ընդգծել է սենատորը։
Կարծիքներ