Բռնության ենթարկված տղամարդու գործով ստուգո՞ւմ կանցկացվի

Բռնության ենթարկված տղամարդու գործով ստուգո՞ւմ կանցկացվի

Ձեռնաշղթաներով ոստիկանություն բերման ենթարկվող երիտասարդի մասին մենք 2 օր առաջ էինք գրել: Հիշեցնենք, որ հուլիսի 19 -ի ուշ երեկոյան Նոր Նորքի առաջին զանգվածի ոստիկանության բաժանմունքի մոտ պատահաբար ականատես եղանք, թե ինչպես են կարմիր բերետավորները ձեռնաշղթայված, դիմադրություն ցույց չտվող և իրենց հանգիստ պահող երիտասարդի նկատմամբ բիրտ ուժ կիրառում: Նրանք տղամարդու գլուխը մետաղյա դռանը խփելով նրան ներս տարան:

«Հրապարակը» դիմել էր ՆԳՆ-ն, հասկանալու համար, թե ի՞նչի հիման վրա էին երիտասարդին բերման ենթարկել եւ ինչու էին ոստիկաններն նման կերպ վարվում մարդու հետ, երբ դիմադրություն չկար՝ ընդհակառակը, բերման ենթարկվողը բավականին հանդարտ տոնով փորձում էր իրեն բառացիորեն քարշ տվող կարմիր բերետավորներին բացատրել, որ չի կարողանում ոտքի վրա մնալ:

ՆԳՆ-ից մեզ տեղեկացրին, որ մեր ահազանգի մասին տեղեկացվել է  ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը՝ ստուգման արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: