«Ետնամուտքից առաջանալը Փաշինյանի համար կենսակերպ է դարձել». նոր սկանդալ Մոսկվայում  

«Ետնամուտքից առաջանալը Փաշինյանի համար կենսակերպ է դարձել». նոր սկանդալ Մոսկվայում  

Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը Ռուսաստանի «Հայ իրավաբանների ասոցիացիա» կազմակերպության հետ՝ Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցի 11-րդ հարկում, առանց ոստիկանության միջամտության եւ տհաճ անակնկալների չի անցել: Ժամը 17.00-ին հյուրանոցի գլխավոր մուտքի մոտ հավաքվել են հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն են ունեցել մասնակցելու Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, նրան հարցեր տալու, սակայն նրանց ներս չեն թողել՝ պատճառաբանելով, որ իրենց անունները ցուցակում չկան: Մարդիկ չեն հեռացել եւ սպասել են Փաշինյանին: Վերջինս, անցանկալի բախումներից խուսափելու համար, հյուրանոց է մտնել ետնամուտքից, իսկ հավաքվածներից 14 հոգու ոստիկանությունը բերման է ենթարկել: Նրանք հիմնականում Ռուսաստանի հայերի միության անդամներ են եղել: Բերման ենթարկվածներից չորսը կանայք են: 

Առցանց առեւտրով զբաղվող գործարար Լեւոն Ադամյանին հաջողվել է ճեղքել ոստիկանների շարքը եւ բարձրանալ 11-րդ հարկ, սակայն նրան անմիջապես ֆիքսել են ու բերման ենթարկել: Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանին ոստիկանները հեռացրել են մինչեւ Փաշինյանի գալը: «Մենք փորձեցինք մասնակցել, բայց պարզվեց, որ եթե ցուցակներում չկա մեր անունը, իրավունք չունենք նույնիսկ ներկա գտնվել: Փաստաթղթերը ստուգելու պատրվակով մի քանի ակտիվիստների հրավիրեցին բաժին, ու մի քանի ժամ նրանք սպասեցին: Տեղեկություն ունեմ, որ դա հայկական կողմի անվտանգության աշխատակիցների պահանջով է եղել, որ նրանց հեռացնեն, թեեւ ոչ մի բարձր խոսք, ոչ մի պաստառ չի եղել»,- պատմում է Ներսես Ներսիսյանը:  

Ըստ նրա, նորաստեղծ Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ Փաշինյանի հանդիպումն անցել է հանգիստ մթնոլորտում, որովհետեւ ընտրված են եղել մարդիկ, որոնք ընդդիմադիր հայացքներ չունեն: «Սա չի նշանակում, որ նրանք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, նրա բառով ասած՝ աներկբա: Դա շարքային ձախողված փորձ էր՝ ցույց տալու, որ Փաշինյանն ունի աջակիցներ, բայց իրականում սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի աջակցություն ո՛չ ՌԴ-ում, ո՛չ էլ այլուր չունի»,- ասաց Հայ դատի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ ռուսահայ համայնքի կազմակերպությունները վերջին շրջանում ցույց տվեցին, որ ի զորու են համախմբվել, լուրջ հարցեր լուծել, ինչը երեւաց ե՛ւ համավարակի, ե՛ւ պատերազմի ժամանակ ու դրանից հետո, բայց այդ կազմակերպություններից որեւէ մեկը հրավիրված չի եղել: «Անթույլատրելի է նման գործելակերպը, պառակտիչ է ու միակողմանի: Նման շոուներ բեմականացնելը պատիվ չէ երկրի ղեկավարներին ու ներկայացուցիչներին»,- նշեց Ներսես Ներսիսյանը:

Արդեն գրվել է, որ Հայ իրավաբանների ասոցիացիան Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայ համայնքի կազմակերպություններից միակն է, որի անդամների հետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, կազմակերպության ղեկավար Շահեն Պետրոսյանը, որը նախկինում ղեկավարել է Ռուսաստանի հայերի միության մոսկովյան բաժինը, Փաշինյանի հետ հանդիպման չի ներկայացել՝ հավանաբար, իրեն ապահովագրելով հետագա բարդություններից: Նիկոլը բեմում տեղադրված սեղանի մոտ միայնակ է եղել, ինչը պետք է որ հաճելի չլիներ ՀՀ վարչապետի համար: 
Այնուամենայնիվ, Շահեն Պետրոսյանն ամեն ինչ արել է, որ հանդիպման ժամանակ ավելորդ հարցեր չհնչեն:

«Հրապարակի» տրամադրության տակ է հայտնվել ասոցիացիայի խմբային «չաթի» մի հատված, որում Շահեն Պետրոսյանը հրահանգում է կազմակերպության անդամներին, իր գործընկերներին՝ «հաճելի ու բարյացակամ» մթնոլորտ ստեղծել ՀՀ վարչապետի համար: Ահա թե ինչ է նա գրում ասոցիացիայի խմբակային զրուցարանում. «Հարգելի գործընկերներ, եւս մեկ ու վերջին անգամ կրկնում եմ. բոլոր հարցերը համաձայնեցված են անձամբ մեր վարչապետի, արարողակարգի ծառայության ու Զարեհ Սինանյանի կողմից: Հարցերը չեն փոխվում: Եթե անդամներից որեւէ մեկը «վազնիկատ» անի (նա այդպես էլ գրում է՝ տառասխալով «будет вазникать» - Ս. Ս.), ապա հղում կատարեք «պրոտոկոլին»: Մթնոլորտը պետք է լինի հաճելի եւ բարյացակամ: Նա ներկայացնում է մեր երկիրը եւ ղեկավարում է այն: Մենք քաղաքականությունից դուրս ենք, բայց հիմա պետք է շփվենք եւ համագործակցենք մեր վարչապետի հետ: Բոլոր, բոլոր հարցերը փակվում են: Սպասում ենք: Շնորհակալություն»: Ասոցիացիայի անդամներից մեկն էլ պատասխանում է Շահեն Պետրոսյանին. «Լիովին համաձայն եմ: Մենք մեր երկրի ու մեր ազգի կողմից ենք: Նիկոլ Վովաեւիչը ներկայացնում է դրանք: Ամեն ինչ կանցնի ինչպես պետք է, Շահեն, մի անհանգստացիր»: 

Մեկ այլ տեղեկացված անձ մեզ տրամադրեց այն հարցերը, որոնք պետք է տրվեին Փաշինյանին՝ հանդիպման ժամանակ, եւ որոնք, փաստորեն, իր եւ Սինանյանի հետ համաձայնեցված են եղել: Յուրաքանչյուր հարցից առաջ նշված է ասոցիացիայի անդամի անունը, որը որ պետք է ուղղի այն Փաշինյանին: Ըստ ցուցակի, Հակոբ Աբգարյանը, օրինակ, հարցնում է Փաշինյանին, թե ինչ են պայմանավորվել Պուտինի հետ, Արթուր Ավագիմյանը՝ թե ինչպես է բարեփոխվելու դատական համակարգը, տրվում են հարցեր Հայաստանի հեղինակությունն աշխարհում բարձրացնելու, կառավարությունը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու մասին, եւ Սյունիքում ստեղծված իրավիճակի, Շուշին հանձնելու, թուրքի հետ եղբայրանալու, նույնիսկ առաջիկա ընտրությունների մասին ոչ մի բառ չկա ծրագրում: Անսպասելի են եղել, թերեւս, Մոսկվայում հայտնի փաստաբան Նարեկ Կոստանյանի հարցերը՝ ի՞նչ պայմաններով եք պատրաստ փոխանցել իշխանությունը Ձեր ընդդիմախոսներին, ո՞ւմ եք Ձեզ մրցակից տեսնում եւ Ձեր խոստացած ռեֆորմներից ո՞րը չեք հասցրել իրականացնել եւ ինչո՞ւ: Փաշինյանը, ըստ փաստաբանի, պատասխանել է, որ ատամներով կառչած չէ իշխանությանը, որ այն ոչ թե իրենն է, այլ՝ ժողովրդինը, որ դրա համար նշանակված են ընտրություններ, եւ ով որ հաղթի, նա էլ կմնա: Եթե լինեն իր ընդդիմախոսները, ապա ինքը կփոխանցի նրանց իշխանությունը: Չիրագործած ռեֆորմներից նշել է դատականը: «Նա ասաց, որ պետք է ազատեր գործից բոլոր դատավորներին, բայց այդքան դատավոր որտեղի՞ց գտներ, որ նշանակեր: Իմ հարցերն անսպասելի էին, բայց նա պատասխանում էր առանց հուզմունքի»,- ասաց Կոստանյանը:

Ըստ նրա, հարցերը համաձայնեցված չեն եղել վարչապետի «պրոտոկոլի» հետ, այլ ընտրությունը կատարվել է ասոցիացիայի անդամների կողմից, քանի որ ժամանակը քիչ է եղել:
Ռուսաստանի հայերի միությունից հրաժարվեցին մեկնաբանել ապրիլի 7-ի իրադարձությունները: Միայն հայտնեցին, որ ակնհայտ է արդեն՝ ետնամուտքից առաջանալը Փաշինյանի համար կենսակերպ է դարձել: