«Ծուռ հայելիների թագավորություն»

«Ծուռ հայելիների թագավորություն»

Հայաստանյան մեր իրականությունը միշտ է եղել «ծուռ հայելիների թագավորություն» (ԾՀԹ) ու չի դադարել այդպիսին լինել 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ինքնահռչավելուց և ինքնանշանակվելուց հետո: Եթե այդ իրադարձությունները բնորոշենք որպես հեղափոխություն, ապա ԾՀԹ-ն չպետք է այլևս շարունակվեր: Սակայն եթե հարցին մոտենանք ըստ էության, ապա պիտի ընդունենք հեղափոխություն բնորոշումը: Եվ ահա թե ինչու՝ մինչև 2018-ի ապրիլը երկրում գործում էր իշխանություն, ու այդ իշխանությունը քչից-շատից առաջնորդվում էր օրենքներով: Ուրիշ հարց, որ օրենքներն այնպես էին գրվում, որ որևէ անհատական կամ խմբային շահ բավարարելու համար հնարավորություն էր առաջանում խուսանավել դրանց միջև: Ու գոհ էին մնում տվյալ գործընթացի բոլոր մասնակիցները՝ հա՛մ օրենք չէր խախտվում, հա՛մ էլ գործն առաջ էր գնում՝ հիշում եք, չէ՞,  դասականի հանրահայտ՝ «թղթերով ամեն ինչ կարգին է» արտահայտությունը: Իհարկե, կային նաև առանձին անհատներ ու կազմակերպություններ, որոնք փորձում էին բողոքել, բայց նրանց բողոքները մեծ հաշվով հաշվի առնող չկար: 

2018-ի մայիսի 8-ից սկսած իրավիճակ փոխվեց՝ եթե օրենքն արգելում է անել մի բան, որը խիստ անհրաժեշտ գործող իշխանությանը, ապա խնդիր չկա՝ օրենքը «վռազ» կփոխվի: Իսկ եթե չփոխվի էլ, ապա կրկին խնդիր չկա՝ դրա վրա ուշադրություն չի դարձվի: Ու նշանակություն չունի, որ նման վարքագիծն իրականացվում էր 2018-ի մայիսին, թե 2019-ի և կամ 2020-ի մայիսին ու կամ 2021-ի հունվարին: Ի՞նչ է այդ գործընթացը՝ եթե ոչ հեղափոխության անընդհատ գործադրում: Իսկ եթե Հայաստանում հաստատված լիներ օրենքի գերակայություն, ու այն անփոփոխ մնար 2018 ապրիլյան իրադարձությունների ընթացքում և հետո, ապա կունենայինք բնականոն ընթացող գործընթաց: Եվ քանի որ իրավիճակ է փոխվել, ու փոխվել է միակողմանիորեն, ապա պետք է և պահպանվեր «ծուռ հայելիների թագավորությունը»: 

Այսքան երկար նախաբանից հետո բուն թեմային անցնելով՝ նկատենք, որ վաղեմի՝ «նպատակն արդարացնում է միջոցները» արտահայտությունը հենց ասվել է մեր ժամանակների համար, թեև դրա հեղինակն ապրել է մեզանից հինգ դար առաջ (իտալացի մտածող, քաղաքական գործիչ և քաղաքագետ Նիկոլո Մաքիավելի): Նպատակը հայաստանյան դատավորներին իշխանությունից ամբողջության կախման մեջ գցելն է, միջոցները օրենքի բացահայտ խախտումը: Հենց այդպես. խախտելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար սահմանված սահմանափակումը՝ տարիքային ցենզը, պետական բարձրագույն մարմնի՝ Ազգային ժողովի «իմքայլական» մեծամասնության կողմից որպես նշված խորհրդի անդամ է առաջադրվել Գագիկ Ջհանգիրյանը, որպեսզի ընտրվելով, նշված կառույցի կազմում ապահովի դատարանների «անկախությունը» նույն այդ մեծամասնությունից կամ դրա «պատրոնից»: Եթե սա  «ծուռ հայելիների թագավորություն» չէ, ապա ի՞նչ է…  

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ