Վիտալի Բալասանյանը փորձում է մոբիլիզացնել կեղծ լուրերին հավատացող ընտրազանգվածին

Վիտալի Բալասանյանը փորձում է մոբիլիզացնել կեղծ լուրերին հավատացող ընտրազանգվածին

Վիտալի Բալասանյանի վերջին հարցազրույցը  փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում և մամուլում․գնահատականներն ամենատարբեր են՝ սկսած նրանից, որ նա իրեն պահում է ոչ թե որպես Արցախի նախագահի թեկնածու, այլ խուլիգան։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում: Ղարաբաղյան արմատներով Գրիգորյանն ամփոփել էր ղարաբաղցիների հայտնի խոսքով․« հըրսընքանը ետը նըղարա չըն թխում» ։

Մյուս կողմից, առաջին հայացքից գեներալ Բալասանյանի հայտարարությունում հանցակազմ պարունակող տարրեր կան նրա՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների, 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման իրադարձոթյունների վերաբերյալ աղմկահարույց հայտարարարություններում։

Մասնավորապես, այդ հայտարարությունը որպես այդպիսին է դիտարկում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը։  Քարտուղարության տարածած հայտարարության մեջ  ասված է. «ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով: Ըստ ծռերի՝ խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ:

Hraparak.am -ին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանն այս առնչությամբ խոստացավ լրացուցիչ հայտնել։

Փորձեցինք նաև ստանալ հարցի առնչությամբ արցախցի քաղաքական գործիչների տեսակետը։ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանն այս առնչությամբ ասաց․ «Արցախի իշխանությունները հայաստանյան հեղափոխությունից ի վեր կազմակերպված հակաքարոզչություն են իրականացնում ՀՀ նոր իշխանությունների դեմ: Այդ քարոզչությունը թե՛ հրապարակային է, թե՛ թաքնված, ենթադրենք, սոցցանցերում կառավարող խմբակի կողմից ուղղորդվող օգատատերերի միջոցով: Հիմնականում տարածվում է կեղծ ինֆորմացիա, թշնամանք է սերմանվում ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Արցախի կառավարող շրջանակի վարքագիծը պարզ է. նրանք կամաց-կամաց զրկում են թալանելու իրենց իրավունքից, կարող են կանգնել թալանածը վերադարձնելու հարցի առջև: Հետևաբար այլ բան չի մնում, քան հայաստանյան ռևանշիստական շրջանակների հետ մեկտեղ փորձեն վարկաբեկել ՀՀ իշխանություններին»։  

Հայկ Խանումյանին հարցրեցինք՝ կա՞ Արցախում այնպիսի ընտրազանգված, որին այդ կարգի հայտարարությունները դուր կարող են գալ։ Նա ասաց, որ չգիտի՝ արդյո՞ք այդ հակաքարոզչությունը, կեղծ լուրերը մեծ ազդեցություն կարող են ունենալ բնակչության վրա, բայց վստահաբար կարող է ասել, որ այսօր Վիտալի Բալասանյանը փորձում է մոբիլիզացնել կեղծ լուրերին հավատացող ընտրազանգվածին: «Ես ցավում եմ Բալասանյանի համար, երբեք չէի մտածի, որ ինքը կարող է ստանձնել թալանչիների շահերի արտահայտողի դերը»։

Հայտնի է, որ այս օրերին Արցախում է Սերժ Սարգսյանը, ում մասին մեր աղբյուրները հայտնել էին, որ բոլորին ասում է՝ առաջադրվիր։ Հարցրեցինք նաև այդ մասին, Հայկ Խանումյանն ասաց․«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանը ում ինչ է ասում, բայց հստակ է, որ վերը նշած սցենարը Սերժի սցենարն է, և, որ Բակո Սահակյանը, Վիտալի Բալասանյանն այդ սցենարի իրականացնողներն են:

Հարց ուղղեցինq նաև ԼՂ ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահրամ Բալայանին։ Նա ասաց, որ ամեն քաղաքական գործիչ կարող է քաղաքական գնահատական տալ այս կամ այն քաղաքական երևույթին, բայց միաժամանակ, մանավանդ, եթե խոսքը վերաբերում է երկու հանրապետություններին, ավելի փափուկ ու ընկալելի պետք է խոսել։ «Այնպես չստացվի, որ ամեն մի նախադասություն բերի նոր խնդիրների ու հիմնարհարցերի։ Ես կողմնակից եմ, համենայն դեպս, եթե խնդիրներ կան, դրանք քննարկել, ինչպես ասում են՝ փակ սենյակում, հանրությանը անհրաժեշտություն չկա էդ խնդիրներով ծանրաբեռնել»։

Վահրամ Բալայանն, իր իսկ խոսքով՝ խաղաղության կողմնակից է։