Հայկական համարանիշերով մեքենաները դարձել են գլխացավանք Ռուսաստանում. մաս 3-րդ

Հայկական համարանիշերով մեքենաները դարձել են գլխացավանք Ռուսաստանում. մաս 3-րդ

Ամռանը հայկական համարանիշերով մեքենաները հայտվեցին հատուկ հսկողության ներքո։ Համաձայն Մոսկվայի Պետավտոտեսչության ղեկավար Միխայիլ Չերնիկովի ցուցումների, ՌԴ քաղաքացիները կարող են հայկական համարանիշերով մեքենա շահագործել, որոնք բերված են 2014 հոկտեմբերից հետո, միայն այն դեպքում, երբ առկա են համապատասխան մաքսային փաստաթղթերը։ Խախտման դեպքում համաձայն ռուսական օրենսդրության, խախտողը տուգանվում է 500 ռուբլով, իսկ մեքենան տարվում է հատուկ կայանման հարթակ։ Կարող է պատահել նաեւ, որ տուգանքը դառնա մինչեւ 5 հազար ռուբլի, իսկ վարորդն էլ կես տարով զրկվի վարորդական իրավունքից։ Ռուսաստանում կարծում են, որ ԵԱՏՄ անդամ պետությունում գրանցված մեքենայի վարորդները չեն կարող համարվել միջազգային երթեւեկության մասնակիցներ եւ պարտավոր են մեքենան կանգնեցնել հաշվառման, թեեւ իրավաբաններն էլ հակառակն են պնդում, կրկին հղում տալով եւ ռուսական օրենսդրությանը, եւ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության պայմանագրին։ Սակայն իրականությունը շարունակում է մնալ այն, որ հայկական համարանիշերով մեքենաները շարունակվում են «հալածվել», եւ այդ «հալածանքը» ռեգիոնից ռեգիոն տարբեր է։ Օրինակ Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերում պարզապես տեսուչները կանգնեցնում են եւ լուսանկարում փաստաթղթերը, որպեսզի մեքնենան ամրագրեն սեփականատիրոջը, իսկ ահա Կուրգանում այդ փաստաթղթերը փոխանցվել են մաքսային ծառայությանը։ Վերջինս էլ դիմել է Հայաստանին եւ ստացել պատասխան, որ մեքենան օրինակ մաքսազերծվել է ներքին օգտագործման համար։ Արդյունքում արդեն մաքսայինը հայց է ներկայացնում ՊԱՏ եւ սկսվում է տրանսպորտային միջոցի ձերբակալման կամ հետախուզման պրոցեդուրա։ Այս դեպքում արդեն, մեքենան տարվում է ժամանակավոր պահման վայր եւ մեքենայի տերն ունի երեսուն օր, որպեսզի դուրս բերի մեքենան՝ կամ դուրս հանելով այն երկրի տարածքից, կամ էլ լրացնելով մաքսային վճարների տարբերությունը, իսկ եթե ոչ, ապա մեքենան փոխանցվում է «Ռոսիմուշչեստվոյին» եւ մեքենան վաճառքի է հանվում։ Կուրգանում, երբ մեքենաների տերերը համաձայնել են իրականացնել ռեէքսպորտ, պարզվել է, որ մաքսային ծառայությունը չի կարող նման ձեւակերպումներ անել, քանի որ խախտված են եղել որոշ պրոցեդուրաներ։ Բանն այն է, որ հայկական համարանիշերով մեքենաները բերվել են Ռուսաստանի տարածք անձնական օգտագործման նպատակով եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությունը վերջիններիս համար ռեէքսպորտի հնարավորություն չի նախատեսում։ Առկա է օրենսդրական թնջուկ որը պայմանավորված է ՀՀ ԵԱՏՄ անդամակցության պայմանագրում եւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության միջեւ եղած հակասությամբ։