Շուշի

Շուշի

Ռեքվիեմ տիկին 
Ռիտա Սարգսյանի 
խնկելի հիշատակին

Այս վերահաս աշնան տերեւների միջով, 
Այս նոր ցավի միջով անմեկնելի, 
Դեպի երկինք հառնող հոգիների կանչով,
Քո պատկերն է զարթնում, քույր սիրելի։ 

Քո Փրկիչը ճերմակ, պարիսպներդ մռայլ, 
Քո պատիվը այսու ո՞վ կբեմադրի, 
Լուռ նայում են ընկած զանգակներդ անփայլ, 
Քերված նշաններին հավերժական գրի։ 

Քո պատկերն է զարթնում արյան կարմիր մշուշ
Եվ լուսավոր բախտիդ փառքը տեղահանում, 
Որպես անցած կյանքի մի անհաստատ վերհուշ, 
Քո զինվորի սիրտն են կռունկները տանում։ 

Աստված այդ ո՞ւր գնաց քշվող տերեւի հետ,
Բաժանումի ցավն այս ո՞ւմ է վիճակվելու, 
Ո՞րն է այն բառն, ասա՛, որ կբերի քեզ ետ, 
Որ խոնարհվեմ բառի ոտքը համբուրելու... 

Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ 
Նոյեմբեր, 2020