Միխեիլ, Վոլոդիմիր եւ Նիկոլ

Միխեիլ, Վոլոդիմիր եւ Նիկոլ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը չի զիջի տարածքներ հանուն խաղաղության։ Նիկոլն անում է ճիշտ հակառակը՝ անընդհատ տարածքներ է զիջում, որպեսզի պատերազմ չլինի: Սակայն երկուսի քաղաքականությունն էլ պաշտպանություն է գտնում Արեւմուտքում: Ընդունեք, որ սա հակատրամաբանական է: Իսկ միակ տրամաբանականը մեր հարեւան վրացիների դիրքորոշումն էր: Դիմագրավելով արտաքին եւ ներքին հզոր ճնշմանը՝ Վրաստանը չբացեց «երկրորդ ճակատ» ՌԴ-ի դեմ եւ պահպանեց խաղաղությունը։ Այդ քայլին դիմելուն վրացիներին դրդեց ոչ վաղ անցյալի սեփական դառը փորձը: Կարելի է ասել, որ դաս առան պատմությունից՝ չփորձելով երկրորդ անգամ մտնել նույն գետը: Առաջին անգամ, հիշեցնեմ, 2008-ի օգոստոսի սկզբի հնգօրյա պատերազմում ԱՄՆ-ի կողմից սպառազինված եւ վարժեցված 20-25 հազարանոց զորքը բախվեց ռուսական զինված ուժերին եւ Արեւմուտքից չստանալով լրացուցիչ ռազմական աջակցություն՝ պարտություն կրեց: 

Ի դեպ, Վրաստանի գործող իշխանությունը գիտակցում է, որ Ռուսաստանի դեմ պատերազմից խուսափելու համար իրենց իշխանությունը «շատ բան է վտանգել»՝ ինչպես արտահայտվել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Իսկ այդ «շատ բանն» էլ հիմնականում եվրաինտեգրումն էր, ինչի համար պայքարել են 2003 թվականի, այսպես կոչված, «Վարդերի հեղափոխությունից» այս կողմ: Վարչապես Կոբախիձեն միաժամանակ հայտարարել է, որ իրենց իշխանությունը մտադրություն չունի հրաժարվելու եվրաինտեգրումից, չնայած այն հանգամանքին, որ արտասահմանյան գործակալների վերաբերյալ օրենքի ընդունումից հետո ողջ Արեւմուտքն արտահայտվել է դրա դեմ եւ չեղարկել դրամական օժանդակությունը:

Այդ առումով շատ ավելի բարենպաստ վիճակում է գտնվում Ադրբեջանը: Օգտվելով իր երկրի նավթագազային պաշարներից՝ դրա ղեկավարը դարձել է Արեւմուտքի հուսալի գործընկերը՝ միաժամանակ ռազմավարական գործընկերության մեջ մնալով Ռուսաստանի նախագահի հետ: Թե՛ բարոյապես եւ թե՛ ռազմական ու հումանիտար առումներով օժանդակելով Ուկրաինային՝ Իլհամը միավորներ է շահում Արեւմուտքում: Ու, միաժամանակ, որպես Պուտինի գործընկեր՝ նրա հետ, բնականաբար, առանց Նիկոլի ներկայության, քննարկում է տարածաշրջանային հարցեր՝  անվտանգային եւ տնտեսական: Եվ աշխարհաքաղաքական երկրորդ բեւեռին ձգտող՝ ԲՐԻԿՍ միավորման մեջ ընդունվելու հայտ է ներկայացնում Ռուսաստանի միջնորդությամբ: Այս քաղաքականությունը նոր երեւույթ չէ՝ այն հիշեցնում է դարասկզբի հայաստանյան՝ փոխլրացման եւ «եւ ... եւ»-ի քաղաքականությունը: 

«Թավշյա հեղափոխության» շնորհիվ վարչապետ կարգվելով՝ Փաշինյան Նիկոլը շատ հարցերում օրինակ վերցրեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուց, ով իր հայրենիքում այսօր գտնվում է անազատության մեջ եւ ով ժամանակին թշնամանալով Ռուսաստանի հետ՝ իր երկիրը տարավ դեպի պատերազմ ու պարտություն: Զարմանալիորեն, նույնն արդեն երրորդ տարին անում է Ուկրաինայի նախագահը՝ ժամանակին վստահելով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու արեւմտյան խոստումներին ու ողջ երկիրը վերածելով արեւմտյան եւ ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի մարտադաշտի: Ճիշտ է, նրա դեպքում արեւմտյան օգնությունն իրեն սպասեցնել չտվեց, սակայն դրա օգուտը ոնց որ թե չի երեւում: Եվ այդ բացը Վոլոդիմիր Զելենսկին փորձում է փակել խոսքի ուժով՝ օրերս հայտարարելով, թե «Կուրսկի գործողությունը մեծ ռազմաքաղաքական, ռազմադիվանագիտական գործողության մի մասն է»: Եվ Ուկրաինայի ղեկավարության բոլոր գործողություններն ուղղված են` «Ռուսաստանին ստիպելու՝ պատրաստ լինել արդարացի խաղաղությանը»։ Սակայն եթե 2022-ի աշնանն ու 2023-ի ամռանը շատերն էին հավատում արդարացի խաղաղություն ուկրաինական զորությանը, ապա, ենթադրաբար, այս տարի ինքն էլ արդեն չի հավատում դրան, ինչի վկայությունը ռազմաքաղաքական առումով վաբանկ գնալու՝ Կուրսկի հարձակողական գործողությունն էր, որն արդեն ցույց է տալիս դիրքային մարտերի վերածվելու, այսինքն՝ մարելու նախանշաններ: