Մեծ թվով սեւամորթներ սպառնալից հաղորդագրություններ են ստացել
ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից հետո, ամերիկյան տասներկու նահանգների սեւամորթ բնակիչներ հեռախոսային տեքստային հաղորդագրություն են ստացել, որոնք ունեցել են ռասիստական բնույթ եւ սպառնացել են սեւամորթներին վերստին վերականգնել ստրկությունն ու ստրկական աշխատանքը պանտացիաներում։ Հաղորդագրություն ստացել են նաեւ Կոլումբիայի դաշնային շրջանի սեւամորթները։ Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը։ Թե քանի մարդ է նման ռասիստական սպառնալիքներ ստացել, հայտնի չէ, սակայն նման հաղորդագրություններ ստացել են նաեւ սեւամորթ ամերիկացի ուսանողները։
«Ձեզ ընտրել են, որպեսզի մոտակա պլանտացիայում բամբակ հավաքեք։ Հավաքեք իրերը եւ պատրաստ եղեք 13․00-ին։ Մեր ստրուկների վերակացուները կգան ձեզ մոտ ֆուրգոնով, որը կլինի շագանակագույն։ Պատրաստ եղեք, որ ձեզ կխուզարկեն, երբ հայտնվեք պլանտացիայում»,- ասված է նման հաղորդագրություններից մեկում։
Որոշ հաղորդագրություններում ասվում է, որ իրենք, որպես հաղորդագրության առաքողներ, հանդիսանում են նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներ եւ կապ ունեն նրա վարչակազմի հետ։ Սակայն Թրամփի շտաբը կտրուկ հերքել է, որ նման հաղորդագրությունների հետ կապ ունի։ Հետաքննությունների դաշնային բյուրոն հաստատել է, որ նման հաղորդագրություններ են ուղարկվել։ Ներկայումս հետաքննվում է այդ դեպքերը։
Կարծիքներ