Արցախի նախագահը պետք է հստակեցնի, թե ինչ խաղաղության օրակարգ նկատի ուներ

Արցախի նախագահը պետք է հստակեցնի, թե ինչ խաղաղության օրակարգ նկատի ուներ

Այսօր տեղի ունեցած ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ նախ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Արցախի իշխանությունները նույնպես որդեգրել են խաղաղության օրակարգ՝ նշելով դրա վերաբերյալ Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունը, այնուհետև Արայիկ Հարությունյանը նշեց, որ բարեբախտաբար այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ և արցախահայությունն ընդունում և ողջունում է խաղաղության օրակարգը: Նկատենք, որ նախագահը դա ասում է Արցախում ձևավորված քաղաքական միասնության համատեքստում ու արցախահայության անունից: Ի՞նչ խաղության օրակարգի մասին է խոսում Արցախի նախագահը:

Կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը առաջիկայում պետք է անհապաղ հստակեցնի, թե ինչ խաղաղության օրակագ ի նկատի ուներ: Իհարկե արցախահայությունը նույնպես ձգտում է խաղաղության, սակայն  Արցախի, արցախահայերի, խաղաղության օրակարգը և Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը, խաղաղության պատկերացումներն էականորեն տարբերվում են միմյանցից: Նիկոլ Փաշինյանի ու իր կուսակից պատգամավորների հայտարարություններից հստակ երևում է, որ իրենց խաղաղության օրակարգը ձևավորված է Արցախը Ադրբեջանին բռնակցելու շուրջ, որոշ իշխանական պատգամավորներ նույնիսկ ուղիղ տեքստով են դա ասել, իսկ Արցախի խաղաղության օրակագը նշված է Արցախի խորհրդարանի ապրիլի 14-ին արված հայտարարության մեջ: Արայիկ Հարությունյանը պետք է հստակեցնի, թե իր նշած խաղաղության օրակարգը ո՞րն է այս երկուսից, քանի որ ինչպես նշեցի դրանք էականորեն տարբեր են ու նույնիսկ հակասում են միմյանց: 

Արայիկ Հարությունյանը խոսեց նաև ինքորոշման իրավունքի մասին՝ նշելով, որ դրանից շեղվելու ուղղություն չենք տեսնում ու այդ համատեքստում կրկին հիշեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ ու դա լինելու է նաև ժողովրդի տրամադրությունից բխող ու հնարավոր չէ լինի մինփաստաթուղթ, որ Արցախի ժողովուրդը մերժի: Այս երկիմաստ հայտարությունը կարելի է տարբեր ձև մեկնաբանել: Նկատենք, որ Արայիկ Հարությունյանը չշեշտեց Արցախի քաղաքական ուժերի և  ԱԳՆ-ի կողմից անընդհատ բարձրաձայնվող և խորհրդարանի հայտարարության մեջ ընդգրկված «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու» ձևակերպման կամ ինչպես ասվում է այդ «կարմիր գծի» մասին: 

Նաև ևս մեկ անհասկանալի ձևակերպում արեց Արցախի նախագահը՝ խոսքը «ժողովրդի տրամադրությունից բխող» արտահայտության մասին է: Ի՞նչ նկատի ուներ Արայիկ հարությունյանը: Գուցե ակնարկում է, որպեսզի Արցախի ժողովուրդը ցույց տա իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգի վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է ինքնորոշման իրավունքին, ապա ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է տարբեր ձևերով լինել՝ անկախ պետությունից մինչև ինքնավարություն, ուստի այս հարցում պետք է հստակ մոտեցում ունենալ: Այստեղ մտահոգվելու առիթ է տալիս նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը վերոնշված հանդիպման ժամանակ կրկին հնչեցրեց, նախօրեին իր կողմից հնչեցված, իր իսկ պնդմամբ՝ Արցախի հիմնահարցի հիմքում իրենց կողմից դրված սկզբունքը. «Արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ»: Իսկ, թե ի՞նչ է դա նշանակում իրականում արդեն անդրադարձել եմ , բայց հակիրճ կրկին նշեմ: Սա ոչ այլ ինչ է, քան նույն մշակութային ինքնավարության մասին սկզբունք: 

Իսկ մշակութային ինքնավարություն նշանակում է՝ մայրենի լեզվով սովորելը, մայրենի լեզվով խոսելը, մայրենի լեզվով հեռուստատեսություն ու ռադիո, մամուլ ունենալը, իր ինքնուրույն եկեղեցին ու հավատքն ունենալը: Ու առավել ոչինչ: 
Այսինքն՝ ՀՀ իշխանության խաղաղության օրակարգի և ընդհանրապես Արցախի հարցի լուծման առանցքային սկզբունք են համարում միմիայն արցախցին Արցախում ղարաբաղցի, արցախցի կամ հայ զգալու հանգամանքը, սա հենց նույն մշակութային ինքնավարության ձևակերպումն է՝ քողարկված բառերով: 
Ուշադրություն դարձրեք նաև վերոնշվածի մասին Փաշինյանի խոսքի ձևակերպմանը ու հատուկ «ղարաբաղցի» տերմինաբանության օգտագործումը: Այսինքն՝ պետք է եզրակացնենք, որ վերոնշվածի համատեքստում պարտադիր չի նույնիսկ «հայ զգալը», «ղարաբաղցի զգալը» նույնպես բավարար է: Ի դեպ, Արցախի կառվարությունը վերոնշված հանդիպման մասին իր կայքում այս մասով տրված լրատվության մեջ Փաշինյանի մեջբերումից հանել են «ղարաբաղցի» բառը:

Ի դեպ, Ադրբեջանում՝ այդ թվում նաև իշխանական վերլուծաբաններն ու լրատվականները, հաճախակի են խոսում Արցախի հայերին մշակութային ինքնավարություն տալու, պատրաստակամության մասին՝ նշելով, որ դա կարող է լինել առավելագույնը, որին Բաքուն կհամաձայնի Լեռնային Ղարաբաղի հարցում: 

Այս ամենը ավելի մտահոգիչ է դառնում Իլհամ Ալիևի այսօրվա տարածած հայտարարության ֆոնին: Խոսելով արցախահայեր մասին Ալիևը նշում է, որ  նրանք մեր քաղաքացիներն են ու կարծում է, որ նրանք ապրելով Ադրբեջանում կհասկանան, որ կլինեն պաշտպանված, բայց դրա համար պետք է վերջ տան հակադրբեջանական քարոզչությանը: «Կարծում եմ մենք կհասնենք Ղարաբաղի հայերից քաղաքական ազդակների: Այդ գործընթացը արդեն սկսվել է»: 
Համընկնու՞մ է, թե՝ ոչ, որ Ալիևը այս հայտարարությունն անում է Փաշինյան-Հարությունյան հանդիպմանը զուգահեռ, դժվար է ասել: Բայց ուշադրություն դարձրեք հատկապես Ալիևի վերոնշված հայտարարության երկրորդ հատվածին:

Չեմ կարծում, որ Արցախում որևէ մարդ կգտնվի, որ կհամաձայնի ՀՀ իշխանությունների կողմից առաջ տարվող խաղաղության օրակարգին, որի էությունը հանգամանալից փորձեցի ներկայացնել ձեզ:
Ուստի այստեղ տարբերակները երկուսնն են կամ Նիկոլ Փաշինյանը խաբում է Արայիկ Հարությունյանին ու Արցախի իշխանություններին, կամ համատեղ են գործում: Ի սրտե չեմ ուզում հավատալ երկրորդ տարբերակին: Արցախի կառավարությունը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Արցախի, արցախահայության ապագայի և ընդհանրապես Արցախի հարցում, մանավանդ, որ Արցախի խորհրդարանն արդեն համապատասխան հայտարարություն է ընդունել։