Երեւանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը

Երեւանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը

Մայիսի 8-14-ը Երեւանում կանցկացվի Ֆլամենկոյի միջազգային Gravity փառատոնը (International Flamenco Festival)։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն համերգներ, կցուցադրվի ներկայացում, ինչպես նաեւ արտերկրից Հայաստան ժամանած արտիստները կանցկացնեն վարպետության դասեր։

Փառատոնի շրջանակում կներկայացվի «Հոգի» ֆլամենկո ներկայացումը, որի շրջանակում թատրոնի բեմում Ռուսաստանի, Հայաստանի եւ Իսպանիայի արտիստները կստեղծեն մեկ կտավ, որը բաղկացած է տարբեր դարաշրջանների եւ ոճերի երաժշտությունից, ֆլամենկո պարերից եւ տեսահոլովակներից։ Մասնակցությամբ՝ Հայաստանի Կամերատա նվագախմբի, կոնցերտմայստեր՝ Աստղիկ Վարդանյան, վոկալ ֆլամենկո՝ Մելքիոր Կամպոսի (Ֆրանսիա), Ֆլամենկո պարային թատրոնի (գեղարվեստական ղեկավար՝ Եկատերինա Ցվետկովա)։ Խորեոգրաֆիա՝ Եկատերինա Ցվետկովա, Խավիեր Լատորե։ Երաժշտությունը՝ Անտոնիո Վիվալդի, Աստոր Պիացոլլա, իսպանական ժողովրդական երաժշտություն։

«Միջազգային համագործակցության եւ փոխադարձ համակրանքի վրա հիմնված ամուր կապերի ստեղծումը, որը ծնվում է տարբեր երկրների մասնակիցների միջեւ, փառատոնի հիմնական նպատակներից է։ Ֆլամենկոյի արվեստը վաղուց դարձել է միջազգային: Gravity փառատոնին հրավիրելով տարբեր երկրների արտիստների՝ մենք ցանկանում ենք աջակցել միասնության եւ համերաշխության նախաձեռնությանը։ Եվ որպես մեկնարկային հարթակ ընտրելով հյուրընկալ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը՝ եւս մեկ անգամ ցանկանում ենք ցույց տալ, թե որքան անսահման է այս արվեստը»,- նշում են միջոցառման կազմակերպիչները։