Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կոպտագույն սխալներից մեկը գրանտալափության առջև կանաչ լույս վառելն էր
«Հրապարակի» զրուցակիցը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն է:
- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով` ընդդիմությունն անցել է փողոցում ապակենտրոն պայքարի: Ի՞նչ արդյունք կտա այն, ըստ Ձեզ, եւ ի՞նչ սպասել այս պայքարից:
- Ընդդիմությունը հիմա` այս պահի դրությամբ բավականին արդյունավետ է գործում: Փոփոխությունների հավանականությունն այժմ բավականին մեծ է:
- Թեև ընդդիմադիրների նախաձեռնած բողոքի ակցիաներն ինչ-որ առումով թափ են առնում, սակայն, կարծես մարդիկ, այնուամենայնիվ, այնքան էլ ակտիվ չեն: 2018-ին հակառակն էր:
- Բանն այն է, որ անցյալ տարի ձմռանն Ազատության հրապարակում բավականին մեծ թվով քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Ընդդիմությունը 2021-ի ամռանը վազեց արտահերթ ընտրությունների և հենց այդ պատճառով շատերի մոտ ընդդիմության նկատմամբ անվստահություն առաջացավ: Ես այն ժամանակ գոռում-գոչում էի, որ չի կարելի գնալ արտահերթ ընտրությունների:
- Ինչո՞ւ:
- Կար անվստահություն: 2018-ի իրադարձությունները ֆինանսավորվում էին դրսից և Հայաստանում բոլոր գրանտալափները լծվել էին իշխանափոխության գործին: Թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին, եղել են բազմաթիվ կոպտագույն սխալներ: Կարևոր սխալներից մեկը` գրանտալափության առջև կանաչ լույս վառելն է եղել: Դեռ 90-ականներին ես ասել եմ, որ Հայաստանում գրանտալափությունն արգելող օրենք պետք է մշակել, ինչպես ԱՄՆ-ում 1930-ականներին ընդունվեց FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենքը: Նման օրենք պետք է ընդունվեր արցախյան հաղթանակից անմիջապես հետո: Առաջին վտանգավոր ազդանշանը եղել է 2008-ին:
- 2021 թվականի արտահերթ ընտրություններն ինչո՞վ էին սխալ:
- Ամեն ինչով: Ինչո՞վ էր ճիշտ:
- Իսկ ինչպե՞ս պայքարեին:
- Ինչպես եղավ 2018-ը:
- 2018-ին կար հանրային մեծ ներգրավվածություն:
- 2020 թվականին հանրային աջակցություն ձեռքբերելու համար պետք էին մի քանի փուլեր: Ես դրանց մասին շատ եմ խոսել:
- Ի՞նչ փուլեր էին, օրինակ:
- Առաջին հերթին ներքին պառակտումներ պետք է չլինեին: Ազատության հրապարակում հիշո՞ւմ եք ինչ էր կատարվում: Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները բեմի ետևում Ծառուկյան, Ծառուկյան վանկարկումներ էին անում, նույնը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների համախոհները: Մարդիկ տեսան, որ շարժումը պառակտված է: Այդ պայմաններում էլ վազեցին արտահերթ ընտրությունների: Ես ասել էի, որ լավագույն դեպքում ոչ մի արդյունք էլ չի լինելու:
- Ուզում եք ասել` ընդդիմության պայքարն աթոռի՞ համար է:
- Ոչ: Ընդդիմությունը չի ձևավորվել որպես մեկ ճակատ: Ասածս դա է: Ցանկացած կուսակցություն ձգտում է իշխանության, սա աշխարհում էլ է ընդունված: Դա չի նշանակում աթոռակռիվ տալ:
- Շատերը պնդում են, որ նախկին նախագահները չունեն ընդդիմադիր լինելու ստատուս, նրանք պարզապես նախկին իշխանության ներկայացուցիչներ են: Գուցե հասարակությունը նրանց չի՞ ընկալում որպես ընդդիմություն:
- Նա, ով դեմ է իշխանությանն` ընդդիմություն է: Խոսքս բոլոր ժամանակների մասին է: Սա հոգեբանական խնդիր է, բնական է:
Կարծիքներ