«Իմ քայլը» հիմնադրամի փողերը վերջացե՞լ են 

«Իմ քայլը» հիմնադրամի փողերը վերջացե՞լ են 

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը սոցկայքերով տեղեկացնում է, որ հունվարի 30-ին, համագործակցության հուշագիր է ստորագրել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ: Համատեղ ջանքերով իրականացնելու են 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրում, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում, նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծում:

Կարդացի ու` լրիվ ԴԵԺԱՎՅՈՒ: Այս ամենն արդեն կարդացել էի, այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարել է դեռեւս կես տարի առաջ: 

ՀՀ փոխվարչապետի (այդ պահին՝ Համբարձում Մաթեւոսյան) մայիսի 17-ի 327-Ա որոշմամբ բարեգործական էր որակվել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը: Աննա Հակոբյանն ասել է, որ ծրագրի վրա 39,02 միլիոն դրամ է ծախսելու, որով Շիրակի մարզում բնակվող, 44-օրյա պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների համար մասնագիտական կողմնորոշման ճամբար, վերապատրաստումներ է կազմակերպելու: Աննա Հակոբյանը չի ասել քանի հոգու համար, բայց ծրագիրը հաստատվել է:

ՀՀ փոխվարչապետի (այդ պահին՝ Համբարձում Մաթեւոսյան) 2022 թվականի հունիսի 9-ի 403- Ա որոշմամբ բարեգործական էր որակել Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի 148,22 միլիոն դրամ արժողությամբ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագիրը: Աննա Հակոբյանը հավակնոտ նպատակ է սահմանել. Հայաստանում ձեւավորել քվանտային եւ մեզոսկոպիկ ֆիզիկայի եւ տեխնոլոգիաների զարգացման մշակույթ եւ Հայաստանը վերածել տարածաշրջանային գիտակրթական կենտրոնի, պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել նորարարական ընկերություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների: Աննա Հակոբյանը չի ասել քանի հոգու համար, բայց ծրագիրը հաստատվել է:

Ըստ նշված որոշումների, «Իմ քայլը» հիմնադրամը պարտավոր է եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել: Որոշումներից անցել է ավելի քան 6 ամիս ու առնվազն երկուական հաշվետվություն պիտի լիներ: Չկա: «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքում չկա, առանց սոցկայքերի իրենց կյանքը չպատկերացնող թավշյա-քայլոների սոցկայքերի էջերում չկա: Արված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելը «Իմ քայլը» հիմնադրամի այցեքարտն է:
Ու հիմա նույն՝ պատերազմի մասնակիցներին օգնելու նպատակով համագործակցություն է սկսում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը բարի համբավ ունի, բազմաթիվ հաջող իրականացված եւ իրականացվող ծրագրեր: Հաշվետվություն ներկայացնելուց խուսափող «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությունը ռիսկային է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի համար:

Իսկ նույն ծրագրի մասին երկու անգամ, վեց ամիս ընմիջումով հայտարարելը հատուկ է թավշյա-քայլոներին: Երեւանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 17-ի 1004-Ա որոշմամբ, Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում գտնվող 2 016 քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով մինչեւ 2080 թվականի ապրիլի 1-ը «Հայկ-88» ՍՊԸ-ին՝ 10 միլիոն դոլար ներդնելու եւ բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով:

Քաղաքապետի որոշումից 6 ամիս անց՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը 1859-Ա որոշմամբ, նույն տարածքը տրամադրել է նույն՝ «Հայկ-88» ընկերությանը՝ բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու նպատակով: Որոշումներից անցել է ավելի քան երկու տարի: Նշված տարածքում բան չի արվել,ինչպես բան չի արվում «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» եւ «Քվանտա» մագիստրոսական կրթություն» ծրագրերով: Բայց մնում են հարցեր. եթե Աննա Հակոբյանը ծրագրի իրականացման համար փող չուներ, փոխվարչապետը ինչո՞ւ է հաստատել ծրագիրը, եթե փող ուներ` ինչո՞ւ է մեկնարկից հազիվ վեց ամիս անց վերջացել ու արդյունք չկա, եթե չի վերջացել` նոր գործընկեր-ներդրողի անհրաժեշտությունը ո՞րն է:
Արեգ Մարգարյան