«Նման բան չկա»․ ո՞վ կփոխարինի Ռուստամ Բադասյանին

«Նման բան չկա»․ ո՞վ կփոխարինի Ռուստամ Բադասյանին

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի պահանջը և իր դեմ դժգոհության ալիքը մեղմելու համար որոշել է գնալ նախկինների ճանապարհով՝ ձևական կադրային փոփոխություններ անել։ Նա արդեն փոխել է իր կառավարության մի քանի նախարարների, բայց դեռ էլի նախարարներ կան, որոնք պետք է «քավության նոխազ» դառնան Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի և մեր կրած պարտության համար։ Թեպետ՝ այնպես չէ, որ նրանք իրենց մեղքի բաժինը չունեն այս ամենում։ Մեզ ասացին, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա նաև Փաշինյանի կառավարության հերթական ամենաքննադատված, իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ խնդրահարույց նախագծեր և կոնվենցիաներ անցկացրած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ 

Մեր տեղեկություններով՝ Բադասյանին փոխարինող երեք անուն է այս օրերին շրջանառվում, որոնցից մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։ Հիմա իշխանությունների ընտրությունը կանգնել է երկու կանանց վրա՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի և արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի: Փորձեցինք կապ հաստատելու երկուսի հետ էլ՝ հասկանալու, թե նրանցից որ մեկն է պատրաստ դառնալ մի կառավարության անդամ, որի ղեկավարին հասարակությունն ու քաղաքական ուժերը մեղադրում են հողերը հանձնելու, երկրի հանդեպ դավաճանության մեջ։ 

Աննա Վարդապետյանը, սովորության համաձայն, մեր զանգերին չպատասխանեց։ Իսկ Քրիստինե Գրիգորյանն էլ հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը փոխարինի Ռուստամ Բադասյանին նախարարի պաշտոնում, իր հետ քննարկե՞լ են այդ հարցը, ասաց․ «Նման բան չկա, և խորհուրդ եմ տալիս կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»։

Իսկ եթե լինի իրեն նման առաջարկ, պատրա՞ստ է մաս կազմել այս կառավարությանը: Գրիգորյանը կրկնեց․ «Նման բան չկա, խնդրում եմ կապ հաստատել Լուսինե Մարտիրոսյանի հետ (ԱՆ լրատվական վարչության պետի` խմբ․)»։

-Նման բան չկա, այսինքն՝ Դուք չեք նշանակվի, դա՞ եք ուզում ասել։

-Ոչ, դա չեմ ուզում ասել, ես խնդրում եմ կապ հաստատել Լուսինե Մարտիրոսյանի հետ։

-Շատ լավ, ուզում եմ հասկանալ՝ «նման բան չկա»-ն ո՞ր հարցին է վերաբերում։

-Վահե ջան, սենց ասեմ, էլի, քոմենթ չեմ տալիս էդ թեմայով, խնդրում եմ կապվել Լուսինե Մարտիրոսյանի հետ։ 

-Պարզապես Ձեր անունն է շրջանառվում, և ես չհասկացա՝ Ձեր պատասխանը, որ նման բան չկա, ինչի՞ն էր վերաբերում։

-Ձեր առաջին հարցին։

-Իմ առաջին հարցն այն էր, թե արդյոք Դո՞ւք եք նշանակվելու։

-Ասում եմ՝ նման բան չկա, խնդրում եմ կապվեք Լուսինե Մարտիրոսյանի հետ։