Հարցազրույց

«Հրապարակ». Ե՛վ ծոմ է, եւ՛ հացադուլ

«Հրապարակ». Ե՛վ ծոմ է, եւ՛ հացադուլ

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը երեկվանից հացադուլ է սկսել։ «Բողոքելով իշխանության` Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ, հունիսի 10-ից հացադուլ եմ սկսում»,- հայտարարել էր նա։ Ավելի ուշ` Բաղրամյան պողոտայից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ Հայրիկյանը հայտարարեց՝ որոշել է նաեւ իր «բողոքն արտահայտել այն բանի դեմ, որ Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»։ «Ես հացադուլ եմ սկսել՝ բողոքի հացադուլ, եւ այսկերպ ես նաեւ իմ անձնական մասնակցությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը։ Այո՛, ցույցերին, քայլերթերին, ելույթներին կմասնակցեմ, ինչպես մասնակցել եմ, էլի կանեմ, բայց զուգահեռաբար այս բողոքի հացադուլով ես լրացուցիչ մեր հայրենակիցների ուշադրությունն եմ հրավիրում մեր պարտականությունների վրա, ոչ թե խնդիրների վրա»,- հայտարարել է նա։ Մենք զրուցել ենք Պ. Հայրիկյանի հետ:

- Ո՞րն է հացադուլի պատճառը` մեր ընթերցողի համար մեկ անգամ էլ ձեւակերպեք:

- Իրավական Հայաստանի հիմքերը խախտված են, եւ եթե վերցնում ենք հարցը քաղաքական մասով, ապա ես ասում եմ, որ այս ամենն անթույլատրելի է, եւ իմ բողոքն եմ ամրագրում հացադուլով: Գալիս է մի պահ, երբ անարդարությունների դեմ ուզում ես այսպես պայքարել: Առհասարակ, հիմա հնգօրյա պահքի շրջան է: Աստծունը` Աստծուն, ես ծոմ կպահեի նաեւ հենց միայն դրա համար, բայց քանի որ կա նման հարց, ես որոշեցի տարբեր առիթներով արտահայտած բողոքը նաեւ այսկերպ ներկայացնեմ, շեշտադրեմ, բացի այդ, ես շատ եմ կարեւորում ամսի 12-ին կայանալիք հավաքը եւ կոչ եմ անում մարդկանց՝ ներկա գտնվել:

- Այսինքն` սա ավելի շատ ծո՞մ է, ոչ թե հացադուլ:

- Ե՛վ ծոմ է, ե՛ւ հացադուլ:

- Քանի՞ օր եք պատրաստվում հացադուլ անել` հի՞նգ:

- Դե, արդեն 2 օրը լրացավ: Նախապես հիմա ոչինչ չասեմ: Տեսնենք:

- Ձեր բողոքն ո՞ւմ է կոնկրետ ուղղված, իշխանությունների՞ն:

- Ցանկացած բողոք ինքնին բողոք է, բայց այս բողոքը կոնկրետ բողոք է արդարադատության նախարարների դեմ, որ մեր ուղարկած նախագիծը` Սահմանադրությունը փոխելու մասով, պարտակեցին` 2014-ից: Սա բողոք է Նիկոլ Փաշինյանի անթույլատրելի կեցվածքին` որպես կոռուպցիոն հանցախմբի ղեկավար: Ամեն անգամ, երբ իշխանությունները ձախողվել են, բարեփոխումների դիմումները ներկայացրել ենք, սակայն, ընդհանուր առմամբ, այս բողոքն այն մասին է, որ Հայաստանն իրավական պետություն չէ: Իսկ ինչու իրավական պետություն չէ, որովհետեւ իրավական ակտեր են ընդունվել ու խախտվել մի քանի անգամ: Ես չգիտեմ աշխարհում մեկ դեպք գոնե, որ սահմանադրական բարեփոխման ծրագիր ունենան ու 3 անգամ ձախողեն:

- Կարծում եք՝ այս իշխանություններին հետաքրքրո՞ւմ է, թե ով է հացադուլ անում, ով` հաց ուտում, ով ինչ է մտածում առհասարակ:

- Գիտե՞ք ինչ կա․ ամեն իշխանություն, ի վերջո, մարդկանցից է բաղկացած: Այդ մարդիկ, ուզեն թե ոչ, ունեն պարտականություններ, թե ինչ կանեն իրենք, դա իրենց անձնական հաջողությունն ու ողբերգությունն է, բայց ես՝ որպես քաղաքական գործիչ, չեմ կարող իմ ազգի համար այս կարեւոր պրոցեսներն աննկատ թողնել, թողնել, որ հենց այնպես անցնի-գնա ամեն ինչ: Այս հացադուլի նպատակը նաեւ դա է: Աստծո առաջ հասկանալի է, որ կարող ենք միայն ծոմ պահել, գնալ եկեղեցի, մոմ վառել, ապաշխարել, բայց հանրային կյանքում պետք են առարկայական բնութագրումներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image