Ինչպես ուռին ու բարդին

Ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ իշխանություն եւ ժողովուրդ հանրույթներն արդեն գոյատեւում են՝ «ինչպես ուռին ու բարդին»․ ամեն մեկը՝ իր հոգս ու դարդին: Իրենց պատկերացումներով ու կենսակերպով: Ահա` Նիկոլ Փաշինյանը, կնոջ հետ, հերթական վոյաժների մեջ է` Նյու Յորքն են հայտնաբերում, ՄԱԿ-ի հերթական նստաշրջանին են մասնակցում: Իսկ Երեւանում մնացած նրանց թիմակիցները` Վահագն Խաչատուրյան, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ, ՊԵԿ նախագահ եւ մյուսներ, Եվրոպական Միության քրեական արդարադատության գործակալության` Եվրաջասթի նախագահի ընդունելությամբ են զբաղված: Մեծ թիմով, տասնյակ հաղորդագրություններով հայտնում են, որ Եվրաջասթի հետ փաստաթղթեր են ստորագրել հետագա սերտ համագործակցության մասին, եւ Եվրոպայից ժամանած հյուրն էլ ոգեւորված ճառեր է ասում` տեսեք, թե ինչ զիլ համագործակցություն ենք ծավալելու արդարադատության ոլորտում: Սա այն ոլորտն է, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած գործիչ` առանց դույզն-ինչ հիմքի, կարող է կալանավորվել եւ ամենաքիչը` մեկ տարի նստել բերդում, իսկ իշխանության մեջ գտնվողները մեզանում հանցանք «չեն գործում»:
Բայց ամենաուշագրավն այս ընդունելության մեջ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի պարագան է: Մարդ, ով ցանկացած հարցում իր պասիվությունն ու անհաղորդությունը բացատրում է Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների սահմանափակ լինելով, չգիտես ինչու, այժմ ընդունում է Եվրաջասթի նախագահին ու հայտարարում. «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր եւ ինստիտուցիոնալ հիմք ստեղծել...Մենք մեծ կարեւորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին...»: Իրո՞ք, պարոն նախագահ, մեր երկրում կա մի ոլորտ, որը Ձեզ հետաքրքրո՞ւմ է:
Կարծիքներ