«Հրապարակ». Փաշինյանը բաժանում է ՔՊ-ն, որ տիրի

«Հրապարակ». Փաշինյանը բաժանում է ՔՊ-ն, որ տիրի

«Քաղպայմանագրում» շատերն են հասկացել, որ իշխող ուժում վերջին շրջանի խժդժությունները հրահրողն անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Ավելին, ՔՊ-ի ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստի» ընթացքում պատգամավորներից շատերի ելույթներում նկատել են վարչապետի ձեռագիրը, լեքսիկոնը: Հիշենք, որ այդ նիստի նպատակն Անդրանիկ Քոչարյանին ու նրա կողմնակիցներին պատժելն էր` իրենց «տեղը նստեցնելը», որ չուժեղանան, իրենց առանձին ու ինքնուրույն չզգան այն բանից հետո, երբ նախաձեռնեցին եւ հասան Գրիգոր Մինասյանի հրաժարականին։ Փաշինյանի թիմակիցներից շատերը կարծում են, որ իրենց շեֆն էլ է գնում Սերժ Սարգսյանի՝ «բաժանիր, որ տիրես» ճանապարհով, որ թեւերի բաժանված ՀՀԿ-ն ու բարձրաստիճան պաշտոնյաները, իշխանության հատկապես երկրորդ «սռոկում», այսպես ասած, միմյանց հարցերն էին լուծում, իրար կոկորդ կրծում, իսկ ինքը՝  Սերժ Սարգսյանը, վերջին պահին հայտնվում էր որպես արբիտր եւ «արդարադատություն»  իրականացնում: Իսկ ներթիմային բախումների ընթացքում մեկը մյուսի վրա ցեխ էր շպրտում, կեղտոտ սպիտակեղենը ջրի երես հանում: Թիմը պառակտվում էր, բայց շեֆը շահում էր` իր դիրքերն ամրապնդվում էին, ինքը տեղեկանում էր, թե ով ինչով է շնչում, եւ իր կարիքը բոլորն անխտիր զգում էին։

Մի կողմից, Փաշինյանն ուսապարկերին առաջարկել էր՝ որ պաշտոնյայից դժգոհ եք, կարող եք քննարկում, ստորագրահավաք նախաձեռնել եւ քննության առարկա դարձնել նրա պաշտոնավարման հարցը: Ապա այնքան հասունացրեց թեման, որ ուսապարկերին թվաց, թե իրենք լուծեցին Մինասյանի հարցը, թեեւ լուրեր էին շրջանառվում, որ նախարարն ինչ-որ մեղք է գործել Փաշինյանի հանդեպ, եւ դա է նրան ազատելու բուն պատճառը: Հետո, երբ ստորագրահավաքի թեւն ուժեղացավ, ստորագրահավաք նախաձեռնողների դեմ մեկ այլ թեւի հանեց, որ բալանսը վերականգնի: Այս տարիներին երկրի կառավարման ասպարեզում մեծ գիտելիքներ ձեռք չբերած Փաշինյանը, իրականում, մեծ հմտություններ է ձեռք բերել ինտրիգների եւ ՀՀԿ-ական հին մեթոդներով երկիրը կառավարելու գործում:

Ինչեւէ` Անդրանիկ Քոչարյանի հարցերը լուծվել են, հիմա նրան խարազանողների հերթն է։ Բանն այն է, որ մի խումբ ՔՊ-ականներ Քոչարյանի վարքը քննելու պահանջով դիմել են վարչությանը, հարուցվել են կարգապահական վարույթներ։ Խոսվում էր, որ երեկ երեկոյան տեղի ունեցած արտահերթ նիստում կամ այսօր՝ վարչության հերթական նիստում հնարավոր է քննարկվեն այդ վարույթները։ Խոսքը Հրաչ Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Արմեն Փամբուխչյանի դիմումների մասին է, որտեղ նրանք նկարագրել են, որ Անդրանիկ Քոչարյանն այնպիսի արտահայտություններ է արել, որ հարուցել է նրանց վրդովմունքը։ Հրաչ Հակոբյանի հետ կապված, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը մեղադրանք է հնչեցրել, երբ նա առաջարկել է արդարադատության նախարարի պաշտոնում քննարկել Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Քոչարյանը, ըստ թիմի, նրանցից ոմանց «նարկոբարոններ» է անվանել, ու հիմա պահանջում են, որ վարչությունը քննի եւ գնահատական հնչեցնի։

Երեկ խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք օրակարգո՞ւմ է պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը։ «Չէ, նման բան մենք` հեռացնել-բան, տենց հարց օրակարգում չի էլ կարող լինել: Պարոն Քոչարյանի մասին՝ չէ, բան ա տեղի ունեցել, ինֆորմացիա ունի վարչությունը, որի հետ կապված՝ պետք է քննարկում: Ինչ-որ ինֆորմացիա ունի, որ ինչ-որ բան ա տեղի ունեցել, պետք է հասկանանք՝ իրո՞ք տեղի է ունեցել»,- ասաց Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե ինչ «բանի» մասին է խոսքը։

ՔՊ-ական մեծամասնության կարծիքով՝ վարչությունն Անդրանիկ Քոչարյանի վերաբերյալ հատուկ որոշում չի կարող ընդունել, եթե անգամ կարգապահական վարույթը բավարարվի, ապա Քոչարյանի հարցը տեղափոխվելու է խմբակցության դաշտ, քանի որ նա կուսակցական չէ, միայն ՔՊ խմբակցության անդամ է, ուստի միայն խմբակցությունում կարող են որոշակի քայլեր նախաձեռնել, թե ինչպես պատժել թիմակցին։ Հնարավոր է՝ հարցը երկար ժամանակ օդում կախված թողնեն՝ կառավարելի դարձնելով բոլոր կողմերին, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը խմբակցության փակ նիստում հանդիմանել է նաեւ նրանց, ովքեր դժգոհել են, թե իբր Քոչարյանն իրենց մասին «սլիվներ» է կազմակերպել։ Փաշինյանը մոտավորապես ասել է՝ «սլիվներից» դժգոհելու փոխարեն այնպիսի վարք դրսեւորեք, որ արտահոսքերի առիթ չտաք։ 

Այսպիսով՝ ներկուսակցական այս «կիլդիմով» Փաշինյանը նախ որոշակի ժամանակահատված կարողացավ արտաքին եւ ներքին ավելի կարեւոր խնդիրներից շեղել ուշադրությունը եւ կուսակցական կեղտը ջրի երես հանելով` յուրաքանչյուր ուսապարկի մեկ անգամ եւս հիշեցրեց, որ նրանց ճակատագիրն իր ձեռքում է` ինչպես կուզի, այնպես էլ կտնօրինի։

ՀԳ․ ՔՊ վարչության երեկվա նիստում կուսակցականների քննարկած հարցերից մեկը ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար թեկնածուի ընտրությունն էր։ Այդ պաշտոնին մի քանի հավակնորդ կա՝ Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյան, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյան եւ այլք: Թե ում վրա կկանգնի վարչության ընտրությունը, կտեղեկացնենք առաջիկայում։