Վրաստանն անցում է կատարում

Հետխորհրդային տարածքի երկրների արտաքին քաղաքական ձգտումները, որպես կանոն, դիտարկվում են որպես ընտրություն Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։ Այս ընկալումը, ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, խանգարում է «հորիզոնական» կապերին ուշադրություն դարձնելուն, հատկապես այն դեպքում, երբ երկիրն ակնհայտորեն փորձում է դուրս գալ իր ռեգիոնի շրջանակներից եւ հաստատել կամ վերականգնել կապեր ոչ թե անմիջական հարեւանների, այլ հեռվում գտնվող գործընկերների հետ։
Այս տարեսկզբին, ինչպես նկատում է փորձագետը, մտորումների բավականին հարուստ նյութ տվեց Վրաստանի արտաքին քաղաքականության հետագիծը։ Թբիլիսին ոչ միայն դեպի Արեւմուտք իր ձգտումներն է փորձում վերանայել, այլ նաեւ զգալիորեն ակտիվացել է Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Մասնավորապես, փետրվարին վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելեց Ղազախստան։ Խորհրդարանական ընտրություններից հետո սա Կոբախիձեի 5-րդ արտասահմանյան այցելությունն էր՝ Ադրբեջանից, Հունգարիայից, ԱՄԷ-ից եւ Հայաստանից հետո։ Աստանայում նա հանդիպումներ ունեցավ նախագահ Տոկաեւի եւ վարչապետ Բեկտենովի հետ։ Մեկ ամիս անց՝ մարտի 4-5-ին, Վրաստանի վարչապետի այցերի գրաֆիկում Տաշքենդն է։ Տեղի ունեցավ նրա եւ Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւի հանդիպումը, ինչպես նաեւ՝ երկու երկրների միջեւ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստը։ Մարտի 7-ին արդեն Կոբախիձեն Աշխաբադում էր, բանակցում էր Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերիդմուհամեդովի հետ։
Սա հետաքրքիր ակտիվություն է, եւ օրակարգն էլ, թերեւս, պետք է լինի հետաքրքիր, եթե հաշվի առնենք, որ Կոբախիձեին ամենուր ուղեկցում են նրա առանցքային նախարարները։ Վրաստանը, ըստ էության, որոշակի արտաքին քաղաքական նոր կուրս է որդեգրել եւ ընթանում է ըստ դրա։ Ըստ Մարկեդոնովի, դա կարելի է բնորոշել որպես եվրաատլանտականությունից անցում դեպի նեյտրալություն։ Իհարկե, եզրահանգումների հարցում շտապել պետք չէ։ Սակայն պարզ է մի բան, որ Թբիլիսին սրբագրում է իր արտաքին քաղաքականությունը։ Վրաստանի համար ներկայում կարեւոր է դիվերսիֆիկացիան, եւ փորձում է եվրաատլանտյան «լճացման» շրջանը կոմպենսացնել եվրասիական ուղղությամբ ակտիվանալով։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ներկայում բավականին ակտիվություն կա վրաց-չինական հարաբերություններում։ Ու եթե այդ զարգացումները երկարաժամկետ հեռանկարի համար են, ապա լիովին տրամաբանական է, որ Թբիլիսին այդքան կենտրոնացել է Կենտրոնական Ասիայի վրա։
Ի վերջո, Վրաստանն այժմ աշխատում է իր նոր կերպարի կերտման վրա։ Իսկ այդ կերպարը շատ պարզ է՝ լինել երկիր, որն ունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ արտաքին տնտեսական կայունություն, որտեղ պրագմատիզմը գերիշխում է գաղափարաբանությանը։ Սրա հանրագումարում Կենտրոնական Ասիան լավագույն տարբերակն է՝ այս նոր ընտրությունն ի ցույց դնելու համար։
Կարծիքներ