«Հրապարակ». Գնում ենք դեպի սահմանադրական փոփոխություննե՞ր

«Հրապարակ». Գնում ենք դեպի սահմանադրական փոփոխություննե՞ր

«Իմ քայլը» իշխանական ֆրակցիայում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ իմքայլականներ կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման։ «Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին` արագ ռեժիմով, մինչեւ տարեվերջ, ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները եւ ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաեւ վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- ասաց «Իմ քայլի» մեր զրուցակիցը: Խորհրդարանում ՄԻՊ 10-ամյակի միջոցառումից հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է միջոցառմանը եկած միջազգայինների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ կուսակցությունների, ԸՕ-ի մասին օրենքներում լուրջ փոփոխությունների են գնում, այդ թվում ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։

Միջազգայիններն ասել են, որ 6 ամսվա ժամկետի եւ հանրային քննարկումների պահանջը պետք է անպայման պահպանվի: Ի դեպ, «Իմ քայլը» կրկին բախվել է որակյալ մեծամասնություն ապահովելու խնդրին: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գզիրի նման ընկած դռնեդուռ` օրերս հատ-հատ համոզում էր իրենց ֆրակցիայի պատգամավորներին` խնդրում, բացատրում, որ անպայման ներկա լինեն ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու սահմանադրական օրինագծի (մոտ 80 ձայն է անհրաժեշտ) քվեարկությանը, որովհետեւ վախենում են, որ Միրզոյանի՝ ԱԽ անդամության օրենքի նման սա էլ կտապալեն։ «Խնդիրն այլ էր` ինչու էր այս օրենքի քվորումի ապահովման հարցը դրվել այդ երիտասարդի վրա, երբ մինչ այդ նման հարցերը Հակոբ Սիմիդյանն էր կարգավորում, մտորելու առիթ է»,- ասաց իմքայլականը: