Մեզ խոստանում էին

Մեզ խոստանում էին

Ներկա ժամանակը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի ոչ միայն որպես պոպուլիզմի, ստի, արհեստական հուսահատության, ինքնասպան թրքասիրության ու համատարած մանիպուլյացիաների ժամանակաշրջան, այլև իշխանությունների ֆենոմենալ մի ունակությամբ։ 

Տեսեք... եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է իրականում սպասվում, ապա Հայաստանի իշխանությունների բացարձակապես բոլոր խոստումների ու հայտարարությունների իմաստը ճիշտ հակառակը հասկացեք։ 
Մեզ ասում էին, որ մենք «հպարտ քաղաքացիներ» ենք, իսկ իրականում մեզ դրեցին մեր պատմության ամենանվաստացված վիճակում։ 

Մեզ ասում էին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ իրականում Արցախին դրդում են «շարժվել» դեպի թուրքերի արյունոտ երախը։ 

Մեզ խոստացել են պայքարել Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի համար, իսկ արդյունքում իշխանությունը նույնիսկ վախենում է արտաբերել «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը։ 
Մեզ ասում էին, որ պայքարելու են Հայաստանի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար, արդյունքում հանձնեցին Գորիս-Կապան մայրուղու մի հատվածը օկուպանտներին, և բացի այդ Հայաստանի տարածքի 150 քառակուսի կիլոմետրը մինչ օրս օկուպացիայի տակ է։ 

Մեզ խոստացան խաղաղության դարաշրջան, իսկ դրա դիմաց մենք ստացանք ամենօրյա գնդակոծություններ, Հայաստանի քաղաքների սեպտեմբերյան ռմբակոծություններ, պատերազմի իրական սպառնալիք և մեր եղբայրների մահերը օկուպանտների կրակոցներից։ 

Մեզ ասում էին, որ արմատախիլ են անելու համակարգային կոռուպցիան, իսկ միջազգային իրավապաշտպան կենտրոնները ամեն անկյունում գոռում են հակառակը։ 

Մեզ խոստացել են էկոլոգիական և «կանաչ» երկիր, իսկ մայրաքաղաքի կենտրոնում ոչնչացվում է կանաչ տնկարկները։ 

Հիմա մեզ ասում են,որ անելու են ամեն ինչ, որ հանկարծ նոր պատերազմ չլինի...և այս պարագայում հարց․ Ինչ° սպասել այս անգամ։

Արման Աբովյան