Կապ չունի, թե ով ընտրվեց կամ ինչ է լինելու, ՔՊ-ն նորից կանգնելու է նույն խնդրի առաջ

Կապ չունի, թե ով ընտրվեց կամ ինչ է լինելու, ՔՊ-ն նորից կանգնելու է նույն խնդրի առաջ

Երեկ ավարտվեց Գյումրիում 3 օր տևած, Փաշինյանի հայտարարած փրայմերիզը: Ամփոփվեցին արդյունքները, եւ 7 թեկնածուների մեջ առաջատար եղավ անկուսակցական, բայց ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը: Հենց նրան էլ Փաշինյանը կնշանակի Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:Հիշեցնենք, որ նախնական ընտրություններին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

Ուշագրավ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող մյուս 6 թեկնածուները զիջեցին Սարիկ Մինասյանին եւ փրայմերիզին մասնակից 1050 ընտրողից մեկ քառորդը իր ձայնը տվեց նրան:

Գյումրու ավագանու ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանի խոսքով՝ փրայմերիզն այս իշխանության կազմակերպած շոուի մի մասն էր ընդամենը:

«Փրայմերիզ կոչվածը բացարձակապես որևէ ձևով չէր կարող արտացոլել Գյումրի համայնքում ստեղծված իրավիճակի պատկերը:Մեզ համար մեծ հաշվով կապ չուներ, թե ով կընտրվեր իրենցից  :Գյումրիում ունենք 109453 ընտրող, իսկ այդ փրայմերիզին ընդամենը 1050 ընտրող է մասնակցել, որը ընտրազանգվածի մեկ տոկոսն էլ չի կազմում: Սա, բնականաբար, չի կարող արտացոլել Գյումրու ընտրական պատկերը , դրանով չի կարելի կարծիք կազմել գյումրեցու որոշման մասին: Այս փուլում կապ չունի, թե ով ընտրվեց, կամ ինչ է լինելու: Երբ որ գնանք արտահերթ ընտրությունների, վստահ եմ, որ գյումրեցին իր կարծիքն այդ ժամանակ կարտահայտի, եւ ՔՊ-ն, որ Գյումրիում վարկանիշ չունի, կանգնելու է նույն խնդրի առաջ․ հերթական անգամ Գյումրին ապացուցելու է, որ ՔՊ-ն անընդունելի է գյումրեցու համար»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց ավագանու անդամը։
: