Օգտվում են խոշորները, հարուստները, բայց այդ բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա․ Սուրեն Պարսյան

Օգտվում են խոշորները, հարուստները, բայց այդ բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա․ Սուրեն Պարսյան

Վարչապետի պաշտոնական կայքի «Վարչապետի որոշումներ» բաժնում տեղադրված է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառուները հաստատելու մասին» որոշում։

Որոշմամբ մի քանի միջացառոմների վերաբերյալ հանձնարարկաններ են տրվել ֆինանսների նախարարին՝ «որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ ներկայացնել միջոցառումների կատարմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը», էկոնոմիկայի նախարարին՝ «որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կառավարության ծրագրային դրույթներն ու հարկաբյուջետային սահմանափակումները հաշվի առնելով՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել տնտեսական քաղաքականության հայեցակարգը (ռազմավարությունը) և այդ համատեքստում՝ եկամուտների քաղաքականության վերափոխման համապարփակ (ոչ հատվածավորված) տեսլականը»։

«Հրապարակ» կայքի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ, իրավաբան Սուրեն Պարսյանի խոսքերով՝ այսպիսի որոշումը պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի ընթացքում կառավարությունը ձախողել է եկամուտների հավաքագրման գործընթացը, իսկ համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 9 % ավելի քիչ է հավաքագրվել, քան 2019 թվականին:

«Նաև 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված է ավելի քիչ եկամուտների հավաքագրում, քան 2020-ին պլանավորածը։ Դա տրամաբանական է՝ հաշվի առնելով 2020-ի ֆինանսատնտեսական ճգնաժամը և բացասական սպասումները։ Կառավարությունը, հասկանալով, որ 2021 թվականին եկամուտների հավաքագրումը ձախողվելու է կամ մեծ ռիսկեր ունի, ցանկանում է լրացուցիչ եկամուտների աղբյուրներ նշել, այսինքն՝ հարկեր ավելացնել բյուջեի մեծ մասն ապահովելու համար։ Հարկերի ավալացումը նաև թույլ կտա լրացուցիչ վարկեր վերցնել։ Քանի որ Արժույթի համաշխարհային միությունը, Համաշխարհային բանկը և այլ ֆինանսական կազմակերպություններ պահանջել և պահանջում են, որ Հայաստանն ավելացնի իր եկամուտները, հարկերը ավելացնի։ Ոչ ոք ոչ մեկին վարկ չի տրամադրի, երբ որ վարկ վերցնող անձի վարկունակությունը կամ եկամուտները նվազում են։ Իսկ Հայաստանի դեպքում այդպես է 2020 թվականի ընթացքում, և կանխատեսվում է, որ այդ գործընթացը 2021 թվականին շարունակվելու է»,- շարունակեց Պարսյանը։

Այս ամենով պայմանավորված, ըստ տնտեսագետի, կառավարությունը լրացուցիչ հարկեր նախատեսում է հավաքագրել նաև առողջապահության և կրթության ոլորտներից։ «Այս ոլորտները պետությունը դիտել էր որպես գերակա ոլորտներ, սոցիալական ոլորտներ և ազատել էր ավելացված արժեքի հարկից։ Այս ոլորտների առանձահատկություններն այն են, որ այստեղ մեծ տեսակարար կշիռ ունի աշխատավարձային ֆոնդը, և ԱԱՀ-ով հարկելիս հաշվանցմամբ մեծ գումարներ չկան: Եթե, օրինակ, կրթության ծառայությունները կազմում են 100 հազար դրամ, 20 տոկոսով պետք է ավելանան՝ դառնալով 120 հազար դրամ։ Այդ ամբողջ ծախսային բեռը դրվելու է սպառողի վրա։ Սպառողն է վճարում անուղղակի հարկատեսակներից ԱԱՀ-ն, իսկ բիզնեսը հավաքագրում է սպառողներից այդ հարկը և փոխանցում պետբյուջե։ Օրինակ՝ եթե համալսարանն իր վարձը 600 հազարից դարձնի 700 հազար դրամ, 700 հազարը վերցնելու է, 100 հազարը փոխանցի պետբյուջե, այսինքն՝ իր մոտ եկամուտները չեն ավելանում։ Եվ դեռ հարց է, բարձրացող վարձերի դեպքում համալսարանը հնարավորություն կունենա՞ հավաքագրել այդ վարձավճարները։ Նույնը նաև՝ առողջապահական ոլորտում»,- նշեց նա։

Տնտեսագետն ասաց, որ տարբեր հաշվարկներով՝ առողջապահական ոլորտը, որի մեջ մտնում են նաև դեղերը և այլն, մոտ 1 միլիարդ դոլար է կազմում, իսկ դա հարկելու դեպքում հնարավոր է պետբյուջե 80-100 միլիոն դոլար լրացուցիչ գումար բերել։ «Իշխանությունները նշում են, որ այդ գումարների մասը կվերադարձնեն սոցիալապես խոցելի խմբերին, բայց մոռանում են նշել, որ այդ սոցիալապես խոցելի խմբերի համար արդեն իսկ բարձրացնում են առողջապահական ծառայությունների գները։ Ստացվում է, որ միջին և աղքատ խավը դարձյալ ֆինանսավորելու է այդ ծառայությունները։ Իսկ հարուստ խավը դարձյալ կօգտվի դրսի ծառայություններից, և մեծ հաշվով, մեծ ներդրում չի ունենալու այս գործընթացում։ Միանշանակ պետք է ավելացնել պետության եկամուտները, սակայն դա չպետք է իրականացվի ի հաշիվ բոլոր խմբերի, արդարացի պետք է բաշխվի հարկերի հավաքագրումը»,- ընդգծեց նա։

Պարսյանը նշեց, որ մյուս ուղղությունը վերաբերում է բիզնեսին, և կառավարությունը նախատեսում է շրջանառության հարկման շեմը 115-ից նվազեցնել։ «Հիշեցնեմ, որ մի քանի անգամ նման փոփոխություններ արվել են, նվազեցվել են, բարձրացվել են։ Շրջանառության հարկման շեմը բավականին հարմար է ոչ միայն հարկերի չափից ելնելով, այլ նաև դրա փաստաթղթավորումից ելնելով։ Այս պահի դրությամբ շրջանառության հարկման շեմը թույլ է տալիս փաստթղթերի առկայության դեպքում մանրածախ առևտուրը մինչև 1,5 % հարկ վճարի։ Իսկ այս նախագծով իշխանությունները դարձյալ փորձում են, օրինակ՝ միջին բիզնեսը, որի շրջանառությունը 70-80 միլիոն դրամ է, տանել ԱԱՀ դաշտ։ Այս դեպքում միջին բիզնեսները, ոչ թե օրինակ 1-2 % կվճարեն իրենց շրջանառությունից, այլ արդեն կվճարեն մոտավոր հաշվարկներով 4-8 %։ Այսինքն՝ հարկային բեռը մի քանի անգամ ավելանալու է փոքր և միջին բիզնեսի համար»,- հավելեց նա։

Բացի այս, Պարսյանի խոսքերով, իշխանությունները ցանկանում են փոփոխել գյուղմթերքի հաշվանցման հնարավորությունները, և այս առաջարկության հիմքում, ըստ էության, ընկած է սուպերմարկետների լոբբինգը կամ նրանց շահերը։ «Քանի որ սուպերմարկետները տարիներ շարունակ բողոքում էին, որ իրենց մոտ վաճառվող գյուղմթերքը թանկ է, քան, օրինակ՝ բակային խանութի գյուղմթերքը։ Քանի որ նրանց գյուղացուց ձեռք էին բերում, օրինակ՝ կարտոֆիլը 200 դրամով, վաճառում իրենց խանութում 250 դրամ, դրա մեջ ներառվում է 20 % ԱԱՀ-ն, ապա բակային խանութը կարող է այդ կարտոֆիլը ձեռք բերել 200 դրամով և վաճառել ենթադրենք 220-230 դրամով, քանի որ չի վճարում ԱԱՀ։ Այս առաջարկություններով փորձում են համահարթեցնել սուպերմարկետների և բակային խանութների գյուղմթերքի գները»,- պարզաբանեց տնտեսագետը։

- Կարո՞ղ են մանր ու միջին ձեռնարկատերերը կամ համալսարանները, սոցիալական անապահով խավերի ներկայացուցիչները դատարանում վիճարկել այս որոշումը՝ նշելով, որ սրանով իրենց իրավունքներն են խախտվում, կարո՞ղ են հաջողության հասնել դատարաններում։

- Հարկերի ավելացումը չի կարող դիտվել որպես հակասահմանադրական երևույթ։ Կարող ենք միայն դիտարկել Սահմանադրության համաչափության մասով՝ արդյո՞ք պետությունը համաչափ է բարձրացնում հարկային բեռը մարդկանց համար, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար, նոր խնդիրներ չի ստեղծում։ Հիմքերը, որ տանես Սահմանադրական դատարան ու վիճարկես, շատ թույլ են։ Այստեղ կարևոր է սոցիալական պետության որդեգրած քաղաքականությունը։ Ցավոք, այս կառավարությունը որդեգրեց ծայրահեղ լիբերալ մոտեցում։ Այն է՝ հնարավորինս կրճատել ունևորների, հարուստների հարկերը և այդ հարկային բեռը

փոխանցել հասարակության վրա։ Դիցուք, խոշոր տնտեսվարողների շահութահարկը 20 %-ից դարձավ 18 % 2020-ի հունվարի 1-ից, և այդ 2 %-ը, որ նրանք քիչ են վճարում, դրվեց ամբողջ հասարակության վրա՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկերն ավելացվեցին։ 2021 թվականի հունվարի 1-ից դարձյալ ալկոհոլային խմիչքների, ծխախոտների ակցիզային հարկերը բարձրանալու են, դրան գումարվելու է բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի ակցիզային հարկերի բարձրացումը։ Այսինքն՝ հարկերի կրճատման բեռը կամ հարկերի ներման բեռը դրվում է ամբողջ հասարակության վրա։ Օգտվում են խոշորները, հարուստները, բայց այդ բեռը փոխանցվում է ամբողջ հասարակության վրա։ Այստեղ անարդար է, կարծում եմ։

- Ի՞նչ պետք է արվեր, որ հնարավորինս վնաս չկրեին մանր ու միջին բիզնեսները, առավել անապահով խավերը։

- Միանշանակ պետությունը պետք է ավելացնի իր եկամուտները, պետք է վերանայի հարկային քաղաքականությունը՝ անցնելով պրոգրեսիվ հարկային համակարգի, այսինքն՝ շատից շատ, քչից քիչ սկզբունքը պետք է գործի։ Շատ շահույթ ունեցողը պետք է շատ հարկ վճարի, իսկ մեր երկրում հակառակ պրոցեսն է գնում վերջին 2 տարվա ընթացքում։ Այսինքն՝ մենք, ի հաշիվ եկամտային հարկի համահարթեցման, մոտ 40 միլիարդ դրամ զիջեցինք հարուստներին, բարձր աշխատավարձ ստացողներին, խոշոր տնտեսվարողներին, բայց 40 միլիարդ կարող էր օգտագործվել մեր պետական բյուջում առանձին խնդիրներ լուծելու համար։ Օրինակ՝ 30 միլիարդով հնարավոր է Հայաստանում պետական բարձրագույն կրթությունն ամբողջությամբ դարձնել անվճար։ Այս կառավարությունը գնում է դեպի ծայրահեղ լիբերալ մոտեցմանը՝ «եկե՛ք հարկերը իջեցնենք, տնտեսվարողներն այդ զիջված հարկերով ներդրումներ կանեն», բայց այդպիսի ներդրումներ չարվեցին ո՛չ 2019, ո՛չ 2020, ո՛չ էլ 2021 թվականին կարվեն այդպիսի ներդրումներ։ Այդ տնտեսվարողներն ուղղակի փողերը տարան Հայաստանից։

- Կարելի՞ է ենթադրել, որ այս դեպքում արդեն մանր ու միջին բիզնեսները կփորձեն ստվերային դաշտ մտնել, ստվերային դաշտը կմեծանա։

- Շրջանառության հարկի շեմն իջեցնելու դեպքում փոքր, միջին բիզնեսը, որը 70-80 միլիոն դրամ շրջանառություն ունեցողներն են, նրանք կա՛մ կփորձեն քիչ իրացում ցույց տալ կա՛մ, օրինակ՝ նոր բիզնեսներ ստեղծել իրենց ծանոթների անունով, օրինակ՝ 70 միլիոն դրամի շեմին մոտենալուց հետո իրենց բարեկամներից մեկի անունով նոր բիզնես ստեղծեն։ Մեխանիզմներ կան։ Նախկինում կառավարությունն այդ շեմը 58 միլիոնից դարձրեց 115 միլիոն դրամ հենց նրա համար, որ բիզնեսներն իրենց իրական շրջանառությունը հայտարարագրեն, այսինքն՝ չմտածեն, որ «հեսա անցնելու ենք շեմը», որ չթաքցնեն։ Բայց, էլի եմ ասում, 2020 թվականը ֆինանսատնտեսական տեսանկյունից բավականին ճգնաժամային տարի էր։ 

Բոլոր բիզնեսները, այդ թվում՝ միջին բիզնեսը, լուրջ կորուստներ ունեն, և նման հարկային բեռ նախատեսելը, սահմանելը, կարծում եմ, կապախթանի տնտեսական ակտիվությունը։ Մենք բիզնեսին գոնե մի քանի տարվա երաշխիք տանք, որ օրենսդրությունը չի փոխվելու, հատկապես, որ խոսքը փոքր ու միջին բիզնեսին է վերաբերվում, ամեն տարի ինչ-որ փոփոխություններ ենք անում, բարձրացնում-իջեցնում ենք։ Հարկային օրենսդրության անկայունությունը լրացուցիչ ռիսկեր և անորոշություն է ստեղծում։