Ամբողջ ժողովուրդն է տուժելու, 5000 դրամանոց ջինսը գնելու են 15000-ով, իսկ մենք 54 հազարի փոխարեն վճարելու ենք 316 հազար

Ամբողջ ժողովուրդն է տուժելու, 5000 դրամանոց ջինսը գնելու են 15000-ով, իսկ մենք  54 հազարի փոխարեն վճարելու ենք 316 հազար

Մի հատ հաշվարկ արեք, ամբողջ ժողովուրդն է տուժվելու սրանից։ Եթե մենք հիմա բարձր գնով հագուստ մաքսազերծենք, պարզ է, որ մարդիկ ստիպված են լինելու մի քանի անգամ ավելի թանկ գնով գնել այդ ապրանքը։ Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հագուստ ներկրող առևտրականներից մեկը։

«Մեկ ջինսից տաբատը 1 կգ է, եթե հիմա 1 կիլոգրամը թեկուզ երկու անգամ թանկանում է, դուք հաշվարկ արեք՝ ինչ է ստացվում, այսինքն՝ ջինսը Հայաստանում երկուսից երեք անգամ թանկանում է, ժողովուրդը հիմա, ասենք, 5000 դրամանոց ջինսը պետք է գնի 15000-ով։ Նախկինում մենք ունեիք 3 դոլար մաքսազերծում, բայց հեղափոխությունից հետո ասեցին՝ երկիրը գնում է բարգավաճման, պետք է 4 դոլար վճարեք, մենք համաձայնվեցինք, համաձայնվեցինք մեր, մեր ծնողների, երեխաների ապագայի համար, բայց հիմա արդեն տեսնում ենք՝ ինչ են անում։ Թող մի հատ փաստեր բերեն՝ ինչի հիման վրա են մաքսազերծման գները այսքան բարձրացնում։ Հարգելի կառավարություն, հաստատ վստահ եղեք՝ ոչ մեկ էս գրաֆիկով չի կարող և չի պատրաստվում աշխատել։ Բա էդ հաշվարկները, մենք չենք պատկերացնում՝ ոնց են պատրաստվում էդքան ապրանքը հաշվել, իրենք էդքան աշխատող ունե՞ն, կարո՞ղ ենք էդքանը բացել, հաշվել ու նույն ձևով վերադասավորել, էդ փոշոտ տեղը ո՞վ է հետո նորից մեր ապրանքը դնելու մեշոկը նույն ձև, կապի ու տա մեզ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Առևտրականներից մեկն էլ իր ելույթում խոսեց կոնկրետ փաստերով.«Հիմա տեսեք այս թուղթը, խնդրեմ։ Նախկինում 31 կգ ապրանքի համար պիտի վճարեի 54 հազար դրամ, հիմա ստիպված եմ լինելու վճարել 316 հազար դրամ։ Սա վերջին տվյալն է, մեկ շաբաթվա է»։