Հերթական ճնշումը սյունեցիների նկատմամբ

Հերթական ճնշումը սյունեցիների նկատմամբ

Զարմանալի պատահականությամբ՝ քննչական կոմիտեն ընտրություններից 1 շաբաթ առաջ ավարտել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը և մի ծավալուն հաղորդագրությամբ տեղեկացրել է հանրությանը, որ գործն ուղարկում է դատարան։ «Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ:

Պետությանը պատճառված վնասի չափով կալանք է դրվել Առուշանյանին պատկանող անշարժ գույքի վրա: Վերջինիս երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով, իսկ ՍՊ ընկերության վաճառքի գծով տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը : Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է քննչականի մի քանի էջանոց հաղորդագրության մեջ, որը նաեւ համընկավ Նիկոլ Փաշինյանի վաղվա՝ Սյունիք կատարելիք այցին։

Հիշեցնենք, որ Քննչականը վերջերս վերացրել էր առաջադրված մեղադրանքներից մեկը, իսկ մյուսով հետապնդումը դադարեցրել էր․ «Առաջադրված մեղադրանքներից մեկը վերացրեցին` 225-րդ հոդվածի 1-ին մասով էր, որ ապօրինի քրեական գործ էին հարուցել և ձերբակալել էին ապօրինի։ Գտան, որ անհիմն է, դա վերացրին, 133-րդ հոդվածով մեղադրանք չառաջադրեցին՝ իբր ապօրինի ազատությունից զրկելու համար։ Մնացած մասով մեղադրանքները շարունակվում են։ Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»,- մեզ հետ զրույցում ասել էր Առուշանյանի պաշտպանը՝ հավելելով, որ դատարանում կապացուցեն բոլոր մյուս մեղադրանքների անհիմն լինելը։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Առուշ Առուշանյանը զենքի ձեռքին մեկնել էր ճակատ, իսկ 44 օրյա պատերազմից հետո էլ առաջին օրվանից եւ մինչ այսօր զենքը ձեռքին Սյունիքի սահմաններն է պաշտպանում, բայց քանի որ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին եւ անդամագրվել է «Հայաստան» դաշինքին, որի նախընտրական ցուցակում 32-րդ համարն է, ուստի հետապնդվում է գործող իշխանությունների կողմից։