Ընդդիմությունը երբեք այսքան անատամ ու անծրագիր չի եղել

Ընդդիմությունը երբեք այսքան անատամ ու անծրագիր չի եղել

«Հրապարակ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

- Տպավորություն է ստեղծվել, որ իշխանություններին հարկավոր էր արտակարգ դրություն հայտարարել, որպեսզի սահմանափակեր ԶԼՄ-ների գործունեությունը։

- Համաձայն չեմ այդ գնահատականի հետ, քանի որ մինչ այդ քաղաքագետները, վերլուծաբանները, քաղաքական ու հասարակական ակտիվիստները պահանջում էին իշխանություններից ժամ առաջ երկրում արտակարգ դրություն մտցնել, խիստ քննադատում էին, որ ուշանում է։ Հիմա ինչպե՞ս կարելի է դա համարել ԶԼՄ-ների գործունեության սահմանափակմանն ուղղված քայլ, երբ արտակարգ դրությունը մի քանի օրից կավարտվի, ու մարդիկ կխոսեն այն ամենից, ինչից կուզեն, ի՞նչ է տալու իշխանություններին այս մի քանի օրը։ Ընդհակառակը, երբ իշխանություններին մեղադրում էին ուշանալու հարցում, նրանք պատասխանել են, որ արտակարգ դրությունը որոշակի սահմանափակումներ է ենթադրում, ուստի սպառնալիքը պետք է իրական լինի, այլ ո՛չ՝ հավանական, որպեսզի տպավորություն չլինի, թե դա կարող էր առիթ հանդիսանալ սահմանափակումներ մտցնելու, առանց խիստ անհրաժեշտության։ 

- Բայց, սահմանափակելով այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը, իշխանությունները կարող են կոծկել իրենց անհաճո ինֆորմացիան, եւ հանրությունը չի կարողանա հսկողության տակ պահել նրանց գործունեությունը։

- Հուսով եմ՝ հիշում եք, թե մինչ արտակարգ դրություն հայտարարելն ինչ վայնասուն էր երկրում, ուստի պիտի այս բարդ իրավիճակից դուրս գալու ժամանակ այս սահմանափակումը դրական համարեիք։ Առավոտից երեկո խոսում էին, թե Ծաղկաձորը վերացավ, ամայացավ, այլեւս ոչ մի զբոսաշրջիկ չի գնա, տպավորություն էր, թե երազում էին, որ Ծաղկաձորը վերանա, միայն թե Փաշինյանին քննադատեն։ Երազում, որ երկրում հիվանդները շատ լինեն, որպեսզի առիթն օգտագործեին ու քննադատեին իշխանություններին։ Իսկ ցանկացած բարդ իրավիճակի առիթով չարախնդալն այնքան զզվելի էր դարձել, որ ես նման վիճակը նմանեցնում եմ, երբ 1988-ի Սպիտակի երկրաշարժի առիթով Ադրբեջանից հեռագրեր էինք ստանում, որում շնորհավորում էին մեզ։ Բայց այն ժամանակ Ադրբեջանի որոշ մտավորականներ քննադատում էին իրենց քաղաքացիներին ու հորդորում չկորցնել մարդկային կերպարը։ Բայց մեր պարագայում չարախնդացողներին ամոթանք տվողներ չկային, քանի որ մարդկային կերպարը կորցրել են հենց այս չարախնդացողներին ֆինանսավորողները՝ «ղարաբաղյան կլանի» պարագլուխները։ Անգամ զօրուգիշեր աղաղակում էին, որ եթե այս համավարակի դեմ չեն կարողանում պայքարել իշխանությունները, ի՞նչ են անելու պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ այս ճգնաժամի դեմ պայքարից մեր իշխանությունները դուրս կգան ուժեղացած, կազմակերպված ու իրենց սխալներից դաս քաղած, իսկ իրենց ընդդիմություն կոչողներն այդպես էլ կմնան անուղղելի, պատերազմ կաղերսեն Ալիեւից, կմնան Ադրբեջանի շահերի սպասարկող ու մեր իշխանություններին թիկունքից հարվածող, միայն թե կարողանան պրծնել Փաշինյանից, քանի որ տեսնում են, որ արտահերթ գործընթացներ երկրում իրենց ջանքերի արդյունքում տեղի չեն ունենա, ուստի մնում է երազել պատերազմ, որ կարողանան մեղքը Փաշինյանի վրա գցել ու պաշտոնանկ անել։ Ու երբ այսօր որոշ ընդդիմադիրներ հայտարարում են, թե այս բարդ իրավիճակում պետք է պետության կողքին լինել ու համախմբվել, պարզ ստախոսություն է, քանի որ լավ հասկանում են, որ իրենց համախոհներով հազիվ մի քանի տոկոս են կազմում, ու այս հանրաքվեի արդյունքում դա լինելու էր տեսանելի, էլ չէին կարողանալու ասել, թե Փաշինյանի վարկանիշը շատ է ընկել, հարկավոր են արտահերթ ընտրություններ։ 

- Փաշինյանն իր ցանկացած քայլը հեղափոխություն կամ միկրոհեղափոխություն է որակում, հիմա էլ նշում է, որ երբ համավարակի պատճառով փլուզվի համաշխարհային տնտեսությունը, մենք շանս կստանանք տնտեսական հեղափոխություն անելու։

- Տնտեսության մեջ հեղափոխական, թռիչքային զարգացումներ լինում են, բայց դա ավելի շատ պայմանավորված է համաշխարհային տնտեսության մեջ գիտատեխնիկական առաջընթացով կամ այլ որակական զարգացումներով։ Եթե կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությանը լուրջ վնաս է հասցվելու, այդ բարդ իրավիճակից դուրս կգան ճկուն ուղեղ ունեցողներն ու մտքի հեղափոխություն անողները, բայց դա չի հանգեցնելու տնտեսական հեղափոխության, ուստի լավ  կլինի այդ թեման հանգիստ թողնենք ու մատնացույց անենք մեր գիտակցության մեջ տեղի ունեցած այն միկրոհեղափոխությունները, որոնց մասին իշխանությունները չեն խոսում։ Նախ, քաղաքականությունը դարձել էր թանկ հաճույք, ով բացում էր քսակը, նրա շուրջ էլ համախմբում էր տեղի ունենում, ձեռք էին բերվում իշխանական լծակներ եւ փողի ուժով ու վարչական ռեսուրսով պահում էին իրենց իշխանությունը։ Սակայն այս հեղափոխությունը ցույց տվեց, որ ավելի քիչ գումար ծախսվեց այն իրականացնելու համար, քան ծախսվեց հաջորդ տարի հեղափոխության տոնակատարությունն անցկացնելու վրա։
Երկրորդ․ այս տարիների ընթացքում ինչպես ընդդիմադիր լիդերները, այնպես էլ օրվա իշխանությունների ազդեցիկ ներկայացուցիչները գնում էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների դուռն ու աջակցություն խնդրում՝ խոստանալով, որ հենց գան իշխանության, ավելի լավ կծառայեն ՌԴ-ի շահերին։ Վերադառնում էին Մոսկվայից ու հայտնում «բարի» լուրը, որ Կրեմլից «դաբրո» ունեն։ Թե որքանով էր դա իրական, այլ թեմա է, բայց դա մեր երկրում դիտարկվում էր որպես հաջողության գրավական, ու շատ արագ այդ գործչի հանդեպ հետաքրքրությունը մեծանում էր։ Բայց այսօր, եթե մեկն ասի, որ ՌԴ-ից «դաբրո» ունի, նա կա՛մ կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից, կա՛մ էլ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում։ ՌԴ-ն իր ռազմավարական դաշնակից երկրում հեղաշրջման փորձ չի նախաձեռնի, հետո էլ խայտառակ լինի, որ իր դրածոն չկարողացավ իշխանությունը վերցնել կամ էլ վերցնելուց հետո պահել, ժողովուրդը լցվեց փողոց ու տապալեց նրան։ Մասնավորապես․ Քոչարյանի թիմակիցները մեռան մեզ հասկացնելով, որ նա Պուտինի ընկերն է, ու հարկավոր է դրա հետ հաշվի նստել, մենք էլ մեռանք իրենց հասկացնելով, որ իրենց հասկացել ենք, բայց իրենք չեն հասկացել, որ այդ ընկերությունը քաղաքական գործոն չի կարող դառնալ, որ ՌԴ-ում հրաշալի գիտեն Քոչարյանի հանդեպ հանրային ատելության մասին եւ նրան չեն աջակցի ու այդ ատելությունն իրենց վրա վերցնի։
Եվ, վերջապես, երրորդ միկրոհեղափոխությունը, որ շուրջ մեկուկես տարի է՝ նախկինների ողջ քարոզչամեքենան խելք է սովորեցնում Փաշինյանին, թե ինչու ես դատում երկրորդ նախագահին, չէ որ դրանով նախադեպ ես ստեղծում, որ հաջորդն էլ գա, քեզ դատի։ Առաջարկում են՝ անցյալի մեջ չխորանալ, իր բաժին թալանն անել, վերջում իշխանությունը հանձնել հաջորդին, որ նա էլ գա, անցյալը չփորփրի ու իր թալանն անի։ Իսկ Փաշինյանը հստակ հասկացնել տվեց, որ եթե նախկիններն օրենք են խախտել, հանցագործություն արել, ապա ցանկացած նախագահ էլ կդատվի, նրանց մերձավոր շրջապատի ցանկացած անդամ էլ, ու թող հաջորդն էլ գա, իրեն դատի, եթե ինքն ու իր թիմակիցները հանցագործություն արած կլինեն։ 

- Իշխանությունների գործելաոճը՝ լավ թե վատ, տեսանելի է, իսկ ինչպե՞ս կգնահատեք ընդդիմությանը։

- Շատ է խոսվում, որ քաղաքական գործընթացները դուրս են եկել խորհրդարանից, բայց տեսնում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմությունը՝ բոլորով միասին ու առանձին-առանձին, քաղաքական օրակարգ չունեն, միայն սպասում են, որ իշխանություններն օրակարգ թելադրեն, իրենք էլ քննադատեն արածն ու չարածը։ Ընդդիմությունը երբեք այսքան անատամ, անծրագիր չի եղել ու նախաձեռնությունն ամբողջությամբ հանձնել իշխանություններին։ Հեղափոխությունից հետո ընդդիմադիրները գործունեության ֆրոնտ չէին տեսնում, քանի որ Փաշինյանի վարկանիշը շատ բարձր էր, անցել է երկու տարի, ու նույն ընդդիմադիրներն այդպես էլ իրենց խաղը չեն գտել։ Այդպես էլ կարող է խաղը տանուլ տան՝ դեռ խաղի մեջ չմտած։ Ինչպե՞ս կարելի է թողնել, որ այսքան ժամանակ անց էլ պայքարը գնա ներկա ու նախկին իշխանությունների միջեւ՝ անցյալը դատափետելու կամ գովերգելու մակարդակում, ո՞ւր է այս վիճակի մեր այլընտրանքը։ 
Մեզ համար հավասարապես վտանգավոր է թե՜ ներկա ու թե՜ նախկին իշխանությունների կողմից կառավարելի ընդդիմությունը։ Մեր երկրին ու առաջին հերթին հենց իշխանություններին անհրաժեշտ է, որ երկրում ձեւավորվի գաղափարական, ծրագրային, արժեհամակարգային հենքի վրա ընդդիմադիր բեւեռ, փորձառու գործիչներով համալրված։ Այլապես, եթե նախկիններին հաջողվի իշխանությունը զավթել, ի՞նչ տեսք կունենա մեր քաղաքական դաշտը, եւ որքանո՞վ այդ վիճակը կնպաստի երկրի առաջընթացին։ Իսկ եթե իշխանություններին հաջողվի նախկիններին վերջնականապես ջախջախել, այդ դեպքում ի՞նչ տեսք կունենա մեր քաղաքական դաշտը, ո՞ր ուժերը պետք է պարտադրեն իշխանություններին՝ սխալներ թույլ չտալ, երբ այդ ուժերը, մի կողմ քաշված, սպասում են՝ տեսնեն, թե գործող ու նախկին իշխանությունների կռիվն ինչով է ավարտվում, որ նոր մտածեն քայլ անելու մասին։ Կարծում եմ՝ արտախորհրդարանական ընդդիմադիրները, որոնք բացառում են անցյալին վերադարձը, պետք է այս պաուզան գրագետ օգտագործեն, լրջորեն գնահատեն իրավիճակն ու նախանշեն իրենց ասելիքն ու անելիքը, քանի ուշ չէ։