Լեզուս էլ չի պտտվում, ասեմ՝ Փաշինյանի սիրտը նոր մարտի 1 է ուզում

Լեզուս էլ չի պտտվում, ասեմ՝ Փաշինյանի սիրտը նոր մարտի 1 է ուզում

«Հրապարակ»-ի զրուցակիցն է «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը, ով այլեւս չի սատարում Նիկոլ Փաշինյանին եւ առաջին իսկ օրվանից կանգնած է Բագրատ սրբազանի շարժման կողքին։ 

Նա մեր նախորդ հոդվածներից մեկում ներում էր հայցում հայ ժողովրդից, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին գնացել է Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու։ Նրա հետ զրուցել ենք Բաղրամյան փողոցում տեղի ունեցած վերջին հանրահավաքի ժամանակ։ 

- Հունիսի 12-ին ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ նետեց Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի վրա։ Դուք 2018թ․ իշխանափոխության ակտիվ մասնակիցներից եք եղել․ համեմատելով այսօրվա իրադարձությունների հետ, ի՞նչ կարծիք ունեք իշխանության գործողությունների վերաբերյալ, եւ ինչպիսի՞ն էր ոստիկանությունը մինչեւ Նիկոլ Փաշինյանը, ինչպիսի՞ն է հիմա։

- Ոստիկանությունը 2018թ․ իրեն ավելի զուսպ պահեց, այսպիսի բռնաճնշումներ այն ժամանակ չեն եղել։ Նույն ոստիկանները, ովքեր 2018-ին ծառայում էին, հիմա էլ են ծառայում, ակնհայտորեն, հիմա նրանք շատ ավելի ագրեսիվ են դարձել։ Չեմ հասկանում նրանց ագրեսիայի պատճառը, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ոստիկաններից ոմանք անձնական վրեժխնդրություն ունեն ժողովրդից, ինչն ինձ համար անընդունելի է։ Շարքային ոստիկաններ կան, որ անձնական վրեժխնդրություն ունեն, ասես՝ փոքր ժամանակ իրենց հետ կոնֆետ չեն կիսել կամ բակում նեղել են իրենց։ Ես այդ ոստիկաններին եմ դիմում՝ տղերք, չի կարելի, դուք օրենքն եք պաշտպանում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական ծառաներն եք։ Ձեր գործողությունները քրեաիրավական հետեւանքներ են ունենալու՝ այսօր լինի, թե վաղը։ Կադրերը դիտում եմ ու ապշում՝ ո՜նց են մարդկանց ծեծում ոստիկանական շարքերի հետեւում։ Ակնհայտ է, որ 2018-ին ոստիկանությունը շատ ավելի մեղմ ու գրագետ էր գործում, քան հիմա։ 

- Ինչո՞վ է դա, ըստ Ձեզ, պայմանավորված։

- Որպես պետական համակարգին ծանոթ մարդ՝ ասեմ, որ համակարգն ուղիղ է աշխատում․ ինչ հրահանգ ստանում են, դա էլ կատարում են։ Ներքին համոզմունք ունեմ, որ հենց այդպիսի հրաման էլ ստացել են, ոստիկանների հետ աշխատանք են տարել, ագրեսիա են մեջները ներարկել։ 

- Ուժի այսպիսի գործադրմամբ ի՞նչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը։

- Իշխանությունն ուզում է ասել, որ կառչած են մնալու աթոռին։ Լեզուս էլ չի պտտվում, բայց այս մարդը ոնց որ Մարտի 1-ի կարոտ է մնացել։ Հունիսի 12-ին, երբ ժողովրդի վրա ԱԺ-ի մոտ նռնակ էին նետում, Փաշինյանն ամբիոնից շտապում էր ոստիկանությանն արդարացնել՝ չիմանալով, թե ոնց է եղել, ում վրա է նռնակ նետվել։ Ամբողջ ՔՊ-ի վերնախավը շտապեց արդարացնել ոստիկանության գործողությունները, հրահանգ իջեցվեց իրավապահներին՝ ոստիկաններին պատժող որեւէ գործողություն չանել։ Մարդն անուղղակի հրահանգեց՝ ոչ մի կերպ չգնալ բացահայտման ճանապարհով։ Իմ տեղեկություններով՝ մեծ պարգեւավճարներ են ստանում ոստիկանները։ 

- Նիկոլ Փաշինյանի եւ այս կառավարության հեռացման օրակարգով՝ խորհրդարանական ընդդիմությունն անվստահության գործընթաց սկսելու համար արտահերթ նիստ գումարեց, ՔՊ-ականները չմասնակցեցին, գործընթացը տապալվեց, եւ կարծես թե շարժումը փակուղի է մտել։ Դուք անձամբ ի՞նչ սպասելիք ունեք շարժումից։

- Ինչ-որ մեկը կարծում էր, թե Նիկոլ Փաշինյանը թողնելու է, որ ՔՊ-ական պատգամավորները մասնակցե՞ն արտահերթ նիստին։ Բնական է, որ ոչ։ Ես տեղեկություններ ունեմ, որ պատգամավորներից առնվազն մի քանի հոգի փորձել է մասնակցել նիստին, սակայն այդ պատգամավորների նկատմամբ բռնաճնշումներ են եղել, կոմպրոմատներով սպառնացել են։ Ինձ համար առնվազն ակնհայտ էր, որ Փաշինյանը կառչած է մնալու այդ աթոռին եւ չի պատրաստվում օրինական ճանապարհով հեռանալ։ Այն, որ ժողովուրդն ընդվզել է այս իշխանության դեմ, որ հունիսի 12-ին այս փողոցում ոստիկանությունը 25 նռնակ նետեց ժողովրդի վրա, այս իշխանության լեգիտիմության մասին խոսք գնալ չի կարող։ Թե գործընթացները ոնց կզարգանան՝ ժամանակը ցույց կտա։ 

- Սրբազանի գլխավորած շարժման վերջն ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ է լինելու։

- Շարժման ձեւաչափը, հանրահավաքներ անել-չանելու հարցը չեմ կարծում, որ առաջնային է, կարեւորն այն է, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Մեր ժողովուրդն ուզում է արդարություն, հայրենիք ու պատիվ։ Մեր ժողովուրդը խաբված է, 2018 թվականի խոստումները կատարված չեն։

Մանրամասն՝ տեսանյութում