Ինչու հանկարծ Պուտինը հիշեց Մինսկի խմբին

Ինչու հանկարծ Պուտինը հիշեց Մինսկի խմբին

Այնուամենայնիվ, մոսկովյան առաջին հետպատերազմյան հանդիպումը կայացավ․ Փաշինյանն ու Ալիեւն առանձին-առանձին գրկախառնվեցին ՌԴ նախագաhի հետ, ապա իրար գլխով բարեւեցին՝ Здрасьте, շատ մեծ «սոցիալական հեռավորություն» պահելով՝ նստեցին: Պուտինը շուրջ 6 րոպե խոսեց նոյեմբերի 9-ի համաձայնագրով «առկա խնդիրների հաղթահարման հետագա քայլերի ու տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված», կողմերին շնորհակալություն հայտնեց, որ ընդունել են ՌԴ-ի ակտիվ միջնորդական ջանքերը։ Հիմնական ինտրինգն այն արտահայտությունն էր, որ «Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային սկզբունքներին։ Մենք շարունակում ենք մեր գործողությունները պարբերաբար համակարգել Մինսկի խմբի երկրների մեր գործընկերների հետ»։ Սա տարօրինակ էր՝ հաշվի առելով, որ ադրբեջանական ու ռուսական կողմը հետպարտերազմյան ողջ շրջանում ընդգծել են՝ գնացքը մեկնել է, Մինսկի խումբն ըստ էության չկա, բանակցային օրակարգ չկա։ Ադրբեջանի նախագահն էլ էր հայտարարել՝ այլեւս հակամարտություն չկա, հարց չկա, ստատուս՝ յոխ։ 

«Ռեգնումի» սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, որը նախկինում պնդում էր, որ Մինսկի խումբ գոյություն չունի, երեկ մեզ հետ զրույցում ասաց․ «Իմ տպավորությամբ՝ Պուտինն աջակցում է Մինսկի խմբին»։ Ինչո՞ւ այդպես հանկարծ։ Այս եւ այլ հարցերի Տարասովը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ դեռ հետեւում է, դեռ սպասում է այլ պաշտոնական հայտարարությունների։ 

«17-ի ձեւաչափին» միացած քաղաքագետ Մանուկ Սուքիասյանի կարծիքով, «այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվել է ռուս-թուրքական առաջնահերթությունների արդյունքում, ստեղծել է որոշակի խաղից դուրս վիճակ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիայի համար,  քանի որ կոնֆլիկտը, միեւնույն է՝ լուծում չի ստացել, եւ կոնֆլիկտի առարկան շարունակում է մնալ ակտուալ եւ չկարգավորված։ Հետեւաբար, կարծում եմ՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, հատկապես հաշվի առնելով, որ այդ ձեւակերպումներն արվել են հայկական կողմի համար ակնհայտ դիսբալանսով, փորձելու են այդ ամենի ֆոնին, նաեւ ԱՄՆ-ում առաջին դեմքի փոփոխության ֆոնին, որոշակի վերադասավորումներ ու վերանայումներ անել։ Եվ ահա՝ այդ լույսի ներքո է, որ Պուտինը հարկ է համարել հանդիպել Ալիեւի եւ Փաշինյանի հետ, հեռախոսազրույց ունենալ պաշտոնական Փարիզի հետ ու, ընդհանրապես, փարատել մտավախությունները։ Ու այն, որ ի սկզբանե խոսք էր գնում, թե ինչ փաստաթուղթ պետք է շրջանառի, մասնավորապես տարբեր աղբյուրներից արտահոսքեր էին լինում, որ ինչ-որ «բարի» տրանսպորտային ապաշրջափակումների մասին քննարկումներ են լինելու, ինչպես նաեւ գերիների մասին, ըստ իս՝ այնքան էլ էն չէր, ինչ պլանավորված էր նախապես»։ Հարցին, թե, այսինքն, օրակա՞րգ է փոխվել, Մանուկ Սուքիասյանն ասաց՝ կոնկրետությունն է նվազել, եւ կարծես թե մոսկովյան բանակցությունները շատ ավելի համեստ ու ընդհանրական են դառնալու։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը։ Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնովը նախօրեին մեկնաբանել էր, որ Մոսկվայում կցանկանային որոշ դրական արդյունքներ ստանալ ղարաբաղյան կարգավորման եւ նոյեմբերի 10-ի համաձայնագրի շուրջ, մինչեւ Ջո Բայդենի հունվարի 20-ի երդմնակալությունը, քանի որ հենց սկզբից Մոսկվան ինքնուրույն է վարում գործընթացը Հարավային Կովկասում, եւ, ընդհանուր առմամբ, նրան առանձնապես պետք չեն ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն, Մոսկվան դժկամությամբ է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Եվ որ Ֆրանսիան էլ որոշակի դժգոհություն է հայտնում, մասնավորապես, Մակրոնը հունվարի 11-ին կայանալիք հանդիպման մասին իմացել է շատ պատահական՝ դեկտեմբերի վերջին, եւ նա Մոսկվային հարցադրում էր անում այդ հանդիպման բովանդակության մասին ու ընդհանուր առմամբ «կարծես ինչ-որ դժգոհություն էր դրսեւորում այն փաստից, որ Փարիզը ներգրավված չէր նախապատրաստական աշխատանքներում»։

Ինչեւէ, Պուտինը երեկվա հանդիպմանը խոսեց նաեւ «արդարացի լուծման մասին, որը պետք է լինի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հետաքրքրությունների շրջանակում»։ Հիշատակվեց նաեւ ռազմագերիների ու զոհվածների փոխանակման հարցը։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այդ աշխատանքներն ընթանում են։ Իսկ հանդիպման մեկնարկին նա նշեց․ «Հատուկ ուշադրության են արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ»։ Սակայն սխալ կլինի ասել, որ այսքանով հայության տագապալի սպասումները ցրվեցին, քանի որ Փաշինյանը ոչ միայն «ստորագրելու սովորություն ունի», այլեւ բանավոր պայմանավորվելու։ Եվ հիմնական վախերն էլ կապված են դրա հետ։