«Մամ, տենաս՝ կգա էտ օրը, որ ես տուն գամ»․ Հայոց բանակի օրը հերոսի 20-ամյակն է (տեսանյութ)

«Մամ, տենաս՝ կգա էտ օրը, որ ես տուն գամ»․ Հայոց բանակի օրը հերոսի 20-ամյակն է (տեսանյութ)

Ուղիղ 20 տարի առաջ՝ Ազգային բանակի կազմավորման օրը, ծնվեց Արտակ Գրիգորյանը: Գեղեցկադեմ տղան փոքր հասակում ճարպիկ էր ու աշխույժ: Դպրոցական տարիքում դասընկերների սիրելին էր, նրանց լիաթոք ծիծաղ պարգևող պատանին դպրոցում սիրել է մաթեմատիկա առարկան, սակայն բարձր դասարաններում սպորտն էր իր տարերքը: 2020 թ հունվար-ապրիլ ամիսներին սովորել է Էջմիածնի ԴՕՕՍԱՖ ՍՊԸ-ում, գերազանց հանձնելով բոլոր քննությունները, ստացել է վարորդական վկայական` ձեռք բերելով վարորդի մասնագիտություն:

2020 թվականի հուլիսի 30-ին զորակոչվել է բանակ`  ծառայության անցնելով Մեղրիի զորամասում: Բանակում եղել է կարգապահ, բանիմաց, աշխատասեր: Ուրալ մեքենայի վարորդ է եղել: Հոկտեմբերի 2-ին ներառվելով հրետանավորների վաշտում՝ Արտակը տեղափոխվել է Արցախ: Եղել  Է Ջաբրայիլում, Այգեհովիտում, Իշխանաձորում թեժ կռիվների է մասնակցել, որի պաշտպանական մարտերի ժամանակ էլ զոհվել է հոկտեմբերի 18-ի երեկոյան: ԴՆԹ հետազոտությունը հաստատվել է փետրվարի 5-ին, հուղարկավորվել է փետրվարի 9-ին հայրենի Դողս գյուղում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 27-ի հրամանով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով:
Հարազատներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Արտակի 20-ամյակը այլ կերպ է լինելու:

«Ակտիվ, աշխույժ, զգացմունքային, շատ շուտ էր հուզվում,...շատ կատակասեր էր, հիմա մեր տունը դատարկվել է»,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է հերոսի քույրը՝ Սրբուհին, մեծ վշտով պատմում ամիսներ ձգվող ապրումներից:

«Հայրիկս՝ որպես պահեստազոր, սեպտեմբերի 29-ից գնացել էր Արցախ՝ Մարտունի 3, իսկ Արտակը Ջրականն էր պաշտպանում, հոկտեմբերի 28-ի երեկոյան էր, հայրիկս զանգահարել է Արտակին, Արտակը ասել է, որ նահանջ են անում, հասնի Իշխանաձոր՝ կզանգի, ու էդպես էլ չի զանգում, հայրիկս զանգում է զորամաս և իմանում, որ զոհվել է, իսկ մենք՝ տան անդամներով,  լուրերից ենք իմանում․․․: Ամիսներ շարունակ Ստեփանակերտում Կարմիր խաչի հետ բանակցել են ադրբեջանցիների հետ ու միայն դեկտեմբերի վերջին նոր թույլ են տվել մտնել եւ հանել աճյունները, իսկ փետրվարի 5-ին հաստատվեց ԴՆԹ-ն»:

Պատերազմի օրերին երբ տուն է զանգահարել, շատ չի խոսել․ «Առաջինը հարցնում էի՝ ապահով է տեղը, թե ոչ, հետո՝ հաց կերել է, չի կերել: Զոհվելուց մեկ օր առաջ մայրիկիս հետ խոսեց, ասեց՝ մամ, տենաս՝ կգա էտ օրը, որ ես տուն գամ: Մաման ասեց՝ չասես նման բան, անպայման հետ ես գալու, որ էլի կատակներ անես, գոռգոռաս մեր վրա: Ձայն չհանեց»,-պատմում է քույրը՝ նշելով , որ Արտակը կրտսեր եղբոր՝ Անդրանիկի հետ շատ էր կապված․

«Առանց իրար չէին կարողանում, ոնց որ զույգ եղբայրներ լինեին, տարիքային տարբերությունը մեկ տարի է ուղիղ, շատ ուրախ էր, որ եղբոր հետ նույն զորամասում կծառայի․․․»:

Մանրամասն՝ տեսանյութում