Ռ․Քոչարյանին ազատելու հիմքեր չկան․ դատախազությունը առարկեց միջնորդության դեմ

Ռ․Քոչարյանին ազատելու հիմքեր չկան․ դատախազությունը առարկեց միջնորդության դեմ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով այսօրվա նիստին նրա պաշտպանները միջնորդեցին անհապաղ ազատ արձակել Ռ․Քոչարյանին եւ վերացնել խափանման միջոցը։

Մեղադրողներից Գեւորգ Բաղդասարյանը միջնորդության վերաբերյալ ներկայացրեց իրենց առարկությունը․«Սույն գործով բոլոր դատարանների կողմից քննարկվել է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունը եւ դրան տրվել են համապատասխան գնահատականներ։ Այդ հարցը դատական պրակտիկայի կողմից լուծված է։ Դատարանները արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահին մեղսագրվող արարքները  չեն բխում նրա կարգավիճակից։ Ամփոփելով ՍԴ որոշման վերաբերյալ մեր դիրքորոշումը՝ Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը։ ՍԴ որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին ազատելու հիմքեր չկան, միջնորդում ենք ներկայացված միջնորդությունը մերժել»։

Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել. 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 2.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը: