Ձեզ երկու անվճար խորհուրդ տամ

Ձեզ երկու անվճար խորհուրդ տամ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է.

Վերջերս հայաստանյան ամենահզոր կուսակցությունները հայտարարություն են տարածել: Պահպանողական կուսակցությունը ևս այդ հզորների թվում է (մնացածներին չեմ անդրադառնում, քանզի նրանց ճիշտ անվանումը չգիտեմ):

Հայտարարությունից շատ բան չի հասկացվում, սակայն հասկանալի է, որ հզորները, ոգևորված լինելով ՀԱՊԿ-ում ՀՀ-ի առաջիկա նախագահությունից, որոշել են այդ կազմակերպությունից ինչ-որ բան պահանջել, մասնավորապես՝ փաստաթղթեր, պարզաբանումներ: Սրանք ցանկանում են, որ ՀԱՊԿ-ն իրենց տրամադրի նաև արբանյակային ծառայության, զենքի մատակարարման և նմանօրինակ այլ տեղեկատվություն: Այդ ամենը չստանալու դեպքում, սրանք սպառնում են դուրս գալ ՀԱՊԿ-ից: Իսկ, երբ ՀԱՊԿ-ից դուրս գան պահանջելու են դոկտրին մշակել: 

Հետաքրքիրը գիտե՞ք որն է: Ուրեմն, հզորները միշտ ասում էին, որ դեմ են ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին և օր առաջ ցանկանում են ձեռբազատվել նրանցից: Այժմ էլ ոգևորվել են Հայաստանի ՝ ՀԱՊԿ-ում նախագահելու հեռանկարից և որոշել են այդ կարգավիճակում ինչ-որ բաներ պահանջել: 
Պարոնայք հզորներ, կողմնորոշվեք: Դուք կամ ՀԱՊԿ-ին կողմ եք, կամ դեմ: Ի՞նչ է նշանակում, ՀԱՊԿ-ին դեմ լինելով, ստանձնել այդ կազմակերպության նախագահությունը: Այդպես չի լինում: Դա նույնն է, որ, օրինակ՝ Հյուսիսային Կորեան ՆԱՏՈ-ում նախագահի: Շատ ավելի բարոյական կլիներ, եթե դուք պահանջեիք, որ Հայաստանը հրաժարվի ՀԱՊԿ-ում նախագահությունից: Սակայն, դուք ավելի բարոյական չեք և ունենք այն, ինչ ունենք: 

Այս իրավիճակում ձեզ երկու անվճար խորհուրդ տամ՝

1. ՀԱՊԿ-ն թարգեք: Ավելի բարձր նշանաձող կա: Շուտով Ռուսաստանում ընտրություններ են: Գնացեք և մասնակցեք այդ ընտրություններին: Միգուցե հաղթեք և ձեզանից մեկը (օրինակ՝ Հայրապետեան Միքայելը) հայտնվի ՌԴ նախագահի աթոռին: Պատկերացնու՞մ եք, թե ինչքան պահանջելու բան կունենաք: Նախ, միանգամից Հայաստանը ՀԱՊԿ-ից կհանեք: Եվ հետո, ինչ մտքներովդ անցնի այն էլ կպահանջեք: 

2.Դոկտրին պահանջելու փոխարեն, ՀՀ պետռեգիստրից ձեր կուսակցությունների կանոնադրությունները պահանջեք, քանզի դրանք ձեզանից ոմանց շատ շուտով պետք են գալու: