«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանը «Հայանտառ»-ում կադրային ջարդ է նախատեսում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն Սեւանա լճով է զբաղվում եւ կարգադրում կես կիլոգրամից պակաս քաշով ձուկ չբռնել՝ հորդորելով 450 գրամանոց ձուկ հայտնաբերողներին ահազանգել իրավապահներին, այլեւ ուրիշ հարցերով։ Օրինակ՝ անտառներով։ Մեր տեղեկություններով, նա կարգադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին՝ ազատել գրեթե բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Մասնաճյուղերը 18-ն են։ Նախարարն ասել է, որ նոր թեկնածուներին անձամբ է ընտրելու։ Անտառտնտեսություններում լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագրի» անդամները, նրանց համակիրները, ազգականներն ու ընկերներն աշխատանք են պահանջում, եւ իշխանությունը որոշել է ապահովել։

Մենք փորձեցինք կապվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանի հետ, ով այս պաշտոնին նշանակվել է 2020 թ․ ապրիլին։ Նա ասաց, որ արձակուրդում է, հարցերին կպատասխանի արձակուրդից հետո։ Մեր աղբյուրներն ասացին, որ արձակուրդն էլ պատահական չէ՝ տնօրենը որոշել է պաուզա վերցնել։ Հավանաբար հույս ունի, որ նորաթուխ նախարարը մի քիչ կհանգստանա, եւ նրան հնարավոր կլինի բացատրել, որ կադրերն անտառում թփի տակ չեն աճում, եւ չի կարելի կամայականորեն ազատել կամ ընդունել աշխատանքի։