Քաղաքական բնույթի հեռախոսային հարցումները կասկածելի են ու անվստահելի

Քաղաքական բնույթի հեռախոսային հարցումները կասկածելի են ու անվստահելի

Այս օրերին քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցումներ են իրականացվում, որոնք առնչվում են թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական տարբեր հարցերի։ Այդ հարցման մասին նախօրեին մեզ պատմել էր «Հրապարակի» ընթերցողներից մեկը՝ մեզ հետ կիսվելով իրեն ուղղված հարցերի բովանդակությամբ։

Մասնավորապես, հարց են տվել, թե ում է համարում Ղարաբաղի հարցում մեղավոր, եւ առաջարկել են կոնկրետ տարբերակներից ընտրել մեկը։ Տարբերակները եղել են. ՀՀ կառավարությունը, բանակը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն: Հարցրել են, թե ինչպես է վերաբերվում տարբեր անվտանգային կառույցներին ու պետություններին, եւ թվարկել են. ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Իրան, կառույցներից` ՀԱՊԿ, ԵՄ, ՆԱՏՕ, Հաագայի դատարան: Հաջորդ հարցը՝ ինչքանո՞վ եք վստահում ՀՀ տարբեր ինստիտուտներին. ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին, դատական համակարգին: Հարց է եղել` վստահո՞ւմ եք արդյոք ՌԴ նախագահ Պուտինին: Հարցրել են նաեւ, թե ինչպես է վերաբերվում հետեւյալ գործիչներին. Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Ալեն Սիմոնյան: Մեր ընթերցողը շատ զարմացած էր հարցադրումներից եւ հատուկ շեշտում էր, որ «գեղական հարցում էր` սոցիոլոգիայի հետ կապ չունեցող»: Եվ վերջապես` մի հարց էլ են տվել, որը, ըստ մեր զրուցակցի, հարցման բուն նպատակն է հուշում. «Եթե առաջիկա օրերին ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը կընտրեք»: Ընդ որում` այս հարցի դեպքում տարբերակներ չեն հուշել, այլ առաջարկել են, որ իր նախընտրած կուսակցության անունն ասի, առանց հուշելու:

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Սոցիոլոգիայի ինստիտուտի նախկին տնօրեն Գեւորգ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ նման հարցադրումներն ի՞նչ նպատակ են հետապնդում եւ ո՞ւմ են պետք, հատկապես հեռախոսային ձեւաչափով, երբ չհամակարգված մոտեցում է ցուցաբերվում՝ մի հարցադրման դեպքում ներառելով պատասխանների տարբերակներ, մեկ այլ դեպքում՝ ընդհանրապես չառաջարկելով ոչ մի տարբերակ։

Բացի այդ, որքանո՞վ է պրոֆեսիոնալ այս մոտեցումը, եւ դա սովորաբար մասնավորի՞ կողմից է իրականացվում, թե՞ պետությունն էլ կարող է նման ձեւաչափի հարցման պատվեր իջեցնել։

«Ես նախ կասեի, որ դա ուղղորդված հարցում է եղել, արդեն հարցադրումներից է պարզ, որ ոչ թե հանրային կարծիքի գիտական ուսումնասիրություն է, այլ՝ ուղղորդված հարցում։ Սովորաբար այդ տիպի հարցումներ անում են կուսակցությունները՝ իրենց համար, որովհետեւ գիտական ուսումնասիրություններում ամեն ինչ շատ լայն ու օբյեկտիվ է դրվում, իսկ սա միանգամից զգացվեց, որ ուղղորդված է»,- նկատում է Գ․ Պողոսյանը։ Ինչ վերաբերում է հարցադրումների բովանդակությանը, ապա․ «Այդ կարգի հարցադրումները՝ հեռախոսային հարցումներով, որպես կանոն, անվստահելի են։ Ասեմ՝ ինչու․ որովհետեւ մեր բնակչության մեջ սերմանվել է այն կարծիքը, որ հեռախոսները ձայնագրվում ու գաղտնալսվում են, իրականում գուցե դա չկա էլ, բայց այն, որ այդ կարծիքը կարծրատիպի նման նստած է, մարդիկ անկեղծ չեն պատասխանում, խուսափում են եւ ավելի շատ լոյալ, դրական, իշխանամետ պատասխաններ են տալիս՝ վախենալով, որ կարող է ձայնագրվի, հետապնդվի։ Արդյունքում՝ օբյեկտիվ պատկեր, միեւնույն է, չենք ստանում, դրա համար հեռախոսային հարցումները՝ քաղաքական ենթատեքստով, օբյեկտիվ չեն։ Հեռախոսով դուք կարող եք հարցնել, թե ով ինչ է ուտում, որտեղ է հանգստանում, այդ դեպքում խնդիր չկա, բայց եթե քաղաքական հարցադրում է, այն էլ՝ անուններով, միշտ խուսափում են անկեղծ ու օբյեկտիվ պատասխաններ տալ»։
Ըստ սոցիոլոգի՝ հարցման ուղղորդված լինելու մասին խոսում է նաեւ հարցադրումների վեկտորը, օրինակ՝ վստահո՞ւմ եք արդյոք ՌԴ նախագահ Պուտինին. «Ուրիշ երկրի նախագահին մենք որպես ի՞նչ եւ ինչպե՞ս գնահատենք։ Կամ՝ երբ հարցրել են՝ ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր անվտանգային համակարգերին՝ մենք ինչքանո՞վ ենք ծանոթ ուրիշ համակարգերին, որ գնահատենք, հասարակ քաղաքացին ի՞նչ գիտի՝ ՆԱՏՕ-ի, Չինաստանի կամ Բրիքսի համակարգն ինչ է իրենից ներկայացնում, որ իր կարծիքն ենք հարցնում։ Սա մասնագիտական հարցման առարկա կարող է լինել, ոչ թե հանրային կարծիքի»։

Գ․ Պողոսյանն ընդգծում է՝ այս տեսակ հարցումները մասնագիտական առումով ոչ պրոֆեսիոնալ ու իրական պատկերը չարտացոլող ձեւաչափեր են․ «Նորից եմ նշում, որ հեռախոսային հարցումները կասկածելի են՝ քաղաքական բնույթի հարցումներ անելու համար, եւ հետո՝ շատ ուղղորդված հարցադրումներ էին»։ Սոցիոլոգը դժվարանում է ասել, թե ով կամ ինչ կառույց կարող էր դա անցկացնել, ամեն դեպքում՝ իրենց կողմից չի իրականացվում։ Ավելին՝ վերջին մեկ տարում, ինքը՝ լինեն արտաքին, թե ներքաղաքական բնույթի հարցումներ, պատվերներ չի ստացել։