Ռոբերտ Եսայան․ Մարդ ապաստարան

Ռոբերտ Եսայան․ Մարդ ապաստարան

ՄԱՐԴԸ

Ամեն մարդ՝ հիմա մի ապաստարան,
որ ո՛չ դուռ ունի, ո՛չ էլ՝ պատուհան,
ներսում մերթ լույս է ու մերթ էլ՝ խավար.-
հոգու պտտահո՜ղմ-եզրո՛ւյթ տեղահան:

Ո՛չ ցավի մեջ է ի զորու ապրել, ո՛չ էլ՝ ցավից դուրս,
ո՛չ խղճի մեջ է ի զորու ապրել, ո՛չ էլ՝ խղճից դուրս,
ո՛չ սիրո մեջ է ի զորու ապրել, ո՛չ էլ՝ սիրուց դուրս,
ո՛չ հույսի մեջ է ի զորու ապրել, ո՛չ էլ՝ հույսից դուրս:

Մերթ մոտենում է, մերթ էլ՝ հեռանում,
բեւեռից բեւեռ քայլող մի երա՜զ,
մերթ կյանքի դուռ է, մերթ՝ անհայտ անուն,-
մարդն՝ անհուններում բաբախո՜ղ երակ:

Թե՛ կյանքի մեջ է եւ թե՛ պատրանքի,
թեկուզ իրենով Անդի՜նն է չափում,
նա հոգու լույսն է, ոգին տարերքի,
հողից ո՜ւժ առնող անսահմանություն:

ԵՐԿՈՒ ՏՈՂՈՎ

Երբ ազատվում ես բառից, 
ինչպես ցանցից տանջանքի,
բացվում է նոր ասպարեզ, 
լո՜ւյս է իջնում քո ջանքին:

Ինչքան հայացքդ բերկրի 
իր անստվեր մերկությամբ,
նկուղներից խուլ եսի կբարձրանա՜ 
մարդն այնքան:

Սերը լույս է ու ոգի թեւերի տակ քո խղճի,
բախտդ երազ է ու կյանք, 
թե ունենա՜ս ուղեծիր:

Ոտնահետքդ կայծակ է, երբ 
քո տունն է ավերված,
սուր է ճամփադ, եւ զարկդ 
երկնքից է պահանջված:

Փրկելով գիր ու հավատ, խի՜ղճն ես 
փրկում մարդկության,
վերծանելով անցյալդ՝ ունենում ես 
դեմք ու ձայն:

Վառի՜ր, պոե՛տ, Անհունի ճրագները 
այս կյանքում,
խոսքդ գործ է ու երազ եւ 
քո գա՜հն է երկնքում:

ՌԵՔՎԻԵՄ

Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ Արմեն Եսայանին եւ նրա մարտընկերներին

Երբ հայելուց արյան
կարկառվում են ձեռքեր
եւ աղոթող երկինքն արագիլ է ճախրող
Հարության օրհնե՜րգ է հետքը նահատակի:

Մոխրից թռչող հոգու քանի՜ հեւք ու ասուպ,
բացվող դուռը բառն է. 
նա փակվո՞ւմ է հավերժ,
աստղի ճիչով բացում դո՜ւռը հիշատակի:

Լռությունը հողմ է, 
իսկ տանջանքը՝ կայծքար,
անավարտ կտավ է հայացքն անդաստանի,
եւ ծիրանի ճյուղը՝ մոր սպասում ու ճրագ:

Պատմությունը լույս է եւ ճիչ ապագայի,
ձեռքի հույսը՝ բռունցք ու երազ է թռչող,
ամենայն բան սկիզբ է. սա է կտակը հողի:
Տարածության սկիզբ է խոսքը հրաժեշտի,
հողից բուսնող աչքերը հասմիկներ են լույսի,
Հարության օրհնե՜րգ է հետքը նահատակի:

ՊԱՏԳԱՄ

Ազգ իմ քո բախտը կռիր քո՛ ձեռքով
բանալու անցք չէ ճանապարհը քո
ո՛չ էլ լուսանցք է ահեղ պատմության
այլ թուր է ռազմի ու զորահանդես
քոնը այնքան է ինչքան որ հատես
Ազգ իմ քո բախտը կռիր քո ձեռքով

Քեզ բաժան-բաժան արեց թշնամին
բայց չկոտրվեց ոգիդ արիական
հարվածից առաջ-տրոհեց սակավ
դիրքդ հոգեւոր որ վխտի քամին
ավերակներում օջախում անգամ
քեզ բաժան-բաժան արեց թշնամին

Ազգ իմ քո բախտը կռիր քո՛ ձեռքով
հարատեւելու չկա այլ դարպաս
բերդդ հանձնելով-դարեր կզղջա՜ս
երերուն վարքով-միայն զո՜հ կտաս
հարվածի՛ր զենքով գրոհի՛ր երգով
ազգ իմ քո բախտը կռիր քո՛ ձեռքով

ԻՆՔՆԱԶՆՆՈՒՄ ԵՌԱՏՈՂԵՐՈՎ

Ազատամարտիկ ընկերոջս՝ Մնացական Մուրադյանին

Բառերն անխնա խոշտանգում են ինձ,
մինչդեռ ես նրանց
նոր կյա՜նք եմ տալիս:

***
Այնքան ազատություն ունեմ ես, աշխա՛րհ,
ինչքան կարող է լուսավորել
դաշույնիս շեղբը:

***
Ինքնահաստատման զոհասեղանին
թպրտացող լուսա՜յգ է
իմ առաջին տողը:

***
Տողերիս միջեւ կա տարածություն,
որ լցվում է միշտ
շնչո՜վ ժամանակի:

***
Լռության վիհերով անցնող բառերը
կոփվում են, որպեսզի դյուրին բարձրանան
լեռը Տառապանքի։

***
Երազի համբույրից ծնվող սերերը
հալվող մոմեր են-
հանգչող մասնի՜կը տիրող Անդորրի…

***
Ծառը ստվերով ըմպում է երկինքը
եւ տերեւ-տերեւ սլանում հեռու.
օ՜, հիշատակի հողմացրիվ բերդ…

***
Եվ ի՞նչ տվեց քեզ
աներեւույթ տեղանքը եսի.
թերեւս հրեշտակի թեւահարող լույսն ու սփոփանքը:

***
Ժամանակի ափից կտրեցիր 
քո բաժին հացը որպես ճամփորդ՝
բացելով լուսամուտը դեպի Անհայտություն…

***
Երբ հանդիպեցիր երես առ երես ոգուն Անհայտի-
բառերիդ միջով հորդեց երկինքը 
բոլորանվեր…

***
Եվ սկզբնավորող մի դուռ հայտնվեց քո ճանապարհին.
դարերի խորքից ժայթքող երկինքը
արթնացրեց լավան քո հիշողության:

***
Հիմա ակունք է քո ամեն բառը,
իսկ ճանապարհդ որպես բանալին ոգու աշխարհի,
պտտվում է լոկ ձեռքով Նաիրյան արեգակների:

***
Եվ քո բառերի ազատությունը
(որ չի՛ կասեցնում ձեռքը տաղանդի)
կանխորոշո՜ւմ է Ոգուդ ընթացքն ու տարածությունը:

***
Ուսերիդ բեռը՝ աստղ լուսացող,
որ խթանում է ընթացքն հարատեւ
եւ դիմավորում քեզ Ապագայից:

***
Երբ մեր լեռներից հառնի բռունցքը տառապանքների
եւ հիշողության զանգը ղողանջի ծովից-ծով Երկրի,
քաոսը, որպես ոխի կափարիչ, պիտի գլորվի…

***
Քաղաքական դաշտում անհաղթահարելի դիրք չկա, Երկի՛ր,
Մազե կամուրջներով անցնող քո ոգին նախ հաղթանակել մարտադաշտերում,
հաստատում է իրեն բոլո՜ր կշիռներում:

***
Գտնում եմ Անսահմանի տերեւով ծածկված խնձորը հայացքիդ:
Դա կարմիր փուչիկն է իմ մանկության:
Եվ երազն հուշերիս թարթիչներից կախված՝ առավո՜տ է…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ