«Հրապարակ»․ Ես էլ եմ խորհրդի անդամ, բայց ինձ չեն հրավիրել նիստին

«Հրապարակ»․ Ես էլ եմ խորհրդի անդամ, բայց ինձ չեն հրավիրել նիստին

Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը Մատենադարանում Հանրային խորհրդի նոր կազմի հետ էր հանդիպում՝ փակ դռների ետեւում։ Նորից հեռախոսները հավաքել են` արտահոսքից խուսափելու համար։ Նշենք, որ նոր խորհուրդը պետք է ստեղծի քաղաքականապես չեզոք 7 անդամից կազմված փաստահավաք հանձնաժողով, որը պետք է քննի Հայաստանում անկախացումից մինչեւ 2023 թ․ մարդու իրավունքների խախտումներն ու 2-3 տարում զեկույց ներկայացնի։ Սակայն հարց է առաջանում` որքանո՞վ այդ աշխատանքը կարող է արդյունավետ եւ անաչառ լինել, եթե ՀԽ նոր անդամները բացառապես իշխանական անձինք են` Դանիել Իոաննիսյան, Գայանե Աբրահամյան, Սոսի Թաթիկյան, Ժիրայր Ոսկանյան, Ռուբեն Բաբայան եւ այլք: Այս մարդկանց հարցազրույցները եւ հրապարակային ելույթները լսելը միայն բավական է՝ վստահորեն ասելու համար, որ նրանք ՔՊ-ի գաղափարների կրողն են, նրա քաղաքականությունն արդարացնողները: Գայանե Աբրահամյանը պատերազմից հետո վայր դրեց պատգամավորական մանդատը, մարդիկ կարծում էին՝ գիտակցել է, որ ՔՊ-ն Հայաստանը տանում է կործանման, սակայն նա իր վերջին հարցազրույցներում ՔՊ պատգամավորներից ավելի եռանդուն է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին եւ կատարվածի մեղքը բարդում ռուսների վրա: Հանրային խորհրդի նոր կազմի, ինչպես նաեւ` հին անդամների կատարած աշխատանքի մասին զրուցել ենք հրապարակախոս, վերլուծաբան, ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանի հետ:

- Ինչո՞ւ ներկա չէիք ՀԽ վերջին նիստին, Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամանոց զրույց է ունեցել ՀԽ անդամների հետ: Ձեզ լուսանկարներում չնկատեցինք:

- Ես էլ եմ Հանրային խորհրդի անդամ, սակայն ինձ չեն հրավիրել այդ նիստին: Նոր կազմը նայեցի, կյանքն ահագին ուրախ է անցնելու…. Կառավարությունն ունի իրավունք՝ 15 անդամ նշանակելու, դրանցից շատերը դուրս էին եկել, այժմ կառավարությունը որոշել է լրացնել շարքերը: Պարզ է, որ այդ 15 հոգին կնշանակի իշխանամետ անձանց, դժվար է պատկերացնել մի իշխանություն, որն իշխանականներին տեղ տալու փոխարեն ընդդիմադիրներին տեղ կտա, ես այդտեղ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ինձ, քանի դեռ նոր ԱԺ ընտրություններ տեղի չեն ունեցել, խորհուրդը լիազորված է գործելու, եւ ես շարունակում եմ իմ անդամակցությունը, բայց հրավեր չեմ ստացել, անգամ չգիտեի, որ նիստեր են եղել, Ձեզնից եմ լսում: Անգամ էլեկտրոնային հասցեն ստուգեցի, նույնիսկ այդ եղանակով չեմ ստացել որեւիցե հրավեր:

- Ինչո՞ւ չեն հրավիրել, եթե Դուք էլ եք խորհրդի անդամ:

- Իրենց պետք է այդ հարցը տալ: Հանրային խորհրդի նիստի մասնակիցները չեն կարող ջոկովի լինել: Այնտեղ բոլորիս տվյալները կան, դժվար թե ինձ չկանչելը թյուրիմացություն լինի:

- Վազգեն Մանուկյանի ժամանակ ՀԽ-ն քիչ թե շատ աշխատող մարմին էր, այժմ շատերը կարծում են, որ իշխանականներով, սորոսականներով լցված խորհուրդը դժվար թե արդյունավետ աշխատանք կարողանա կատարել: Ի՞նչ եք կարծում` խորհուրդն ի՞նչ կարող է անել այժմ:

- Դե, հույս ունեմ, որ միայն 15-ն են իշխանական, մյուս 15-ը հանրային դեմքեր են, որոնք ընտրվել են, 15 հոգի էլ ընտրվել է հասարակական կազմակերպությունների կողմից, հուսանք՝ պատկերը խառն է, եւ ոչ բոլորն են այնտեղ իշխանական, կարծում եմ՝ կան նաեւ բողոքականներ, սակայն ես մտածում եմ, որ այս կառավարությունը որոշումներ կայացնելիս Հանրային խորհրդին բանի տեղ չի դնելու:

- Գուցե նոր կազմին բանի տեղ դնի, ինչպես ասում եք….

- Եթե իր կողմից հաճելի որոշումներ, առաջարկներ լինեն, իհարկե, բանի տեղ կդնի, բայց Վազգեն Մանուկյանն ինչի՞ համար դուրս եկավ, այն բանի համար, որ նույնիսկ հեռախոսազանգերին չէին պատասխանում, նա էլ ասաց՝ ես հո երեխա չե՞մ…. թողեց գնաց, հետո եկավ Ստյոպան, նա էլ թողեց, դուրս եկավ, ու արդեն քանի տարի խորհուրդը չի գործում: Կես տարի առաջ հավաքվեցինք, հորդորեցինք հավաքվել, նախագահ նշանակել, պակասը լրացնել….

- Հանրային խորհրդի հին կազմից ովքե՞ր կան այժմ:

- Օրինակ` Արշակ Սադոյանն է հներից մնացել, ես եւ էլի որոշները, բայց ասեմ, որ ես ընդդիմադիր քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքական վերլուծաբան եմ:

- Ամեն դեպքում՝ քննադատում եք իշխանությանը:

- Նորմալ մարդը վատ բանը քննադատում է, լավը` գովում: Ես առաջնորդվում եմ այդ սկզբունքով: Հանրային խորհուրդն ունի որոշ լիազորություններ, օրինակ` քաղաքական ուժերի, հանրային շերտերի հետ քննարկումներ անելու եւ այլն: Հիմա նույն բանը ես անում եմ, սակայն՝ առանց Հանրային խորհրդի: Եթե 45 հոգով պիտի հավաքվենք, 20-ը ամեն գնով իշխանությանը պաշտպանի, ի՞նչ իմաստ ունի այնտեղ լուրջ հարցեր քննարկել: Սահմանադրորեն լայն լիազորություններ ունի, սակայն, ինչպես մնացյալ կառույցները, Հանրային խորհուրդն էլ այս վիճակում է հայտնվել: