Նախկին «Նավակ ճոճողը»

Նախկին «Նավակ ճոճողը»

Բաքվում ծնված «Նավակ ճոճողը» (ԱԺ ՔՊ-ական երեսփոխան Գաբրիելյան Վիլենը) օրերս Նիկոլին բնորոշ դատողություն է արել: Առաջարկել է դուրս գալ փողոց և համոզվել, որ մարդիկ անտարբեր են Արցախի հարցում: Սակայն որպես նախկին բաքվեցի, Վիլենը պետք է գիտակցեր, որ շարքային քաղաքացիները մտածում են այնպես, ինչպես նրանց ուղեղում ներարկում է գործող իշխանությունը: Իսկ Արցախյան երկրորդ պատերազմում իր առաջնորդի (գլխավոր) հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ մոռանան Արցախի մասին: Սակայն դա այդպես չէր 2020 թ.-ի սեպտեմբերին՝ երբ նախաձեռնվեց ադրբեջանական ագրեսիան: Ինչի ականատեսներն ենք եղել մենք բոլորս, և ենթադրում եմ՝ նաև Վիլենը: Ով 2018-ի իշխանափոպությունից հետո «Նավակ ճոճողից» վերածվել է պարոն Գաբրիելյանի:

Դա՝ մեկ, և երկրորդ՝ նախկին բաքվեցի Վիլենը, ենթադրաբար, պետք է իմանա, որ հակառակ երևույթն է առկա Ադրբեջանում: Որտեղ հատկապես վերջին երկու տասնամյակում մարդկանց ուղեղներում ներարկվել է հայատյացության վրա հիմնված հայրենասիրության գաղափարը: Իսկ եթե դա տեղի չունենար, ապա ադրբեջանցիների մեծամասնությունը վստահաբար մինչ այդ ո՛չ մի պատկերացում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի մասին և ո՛չ էլ տեղյակ է եղել երկրամասի գտնվելու վայրի մասին: Համենայն դեպս, ես 2000-ական թվականների սկզբին որպես լրագրող, իսկ այնուհետև հասարակական կազմակերպության աշխատակից, շփվելով ադրբեջանցիների հետ՝ նկատել եմ, որ ղարաբաղյան թեման չուներ այն սրությունը, ինչն առկա է այս օրերում: Ու դա էլ հենց, կրկնվեմ, գործող իշխանութան գաղափարական քարոզարշավի շնորհիվ է կյանքի կոչվել:   

Այնպես որ, նախքան քաղաքական լուրջ դատողություն անելը, մի փոքր մտածելը չէր խանգարի: Դա որպես «Նավակ ճոճողի» ֆեյսբուքյան նախկին ընկեր եմ ասում՝ այն էլ 24,5 տարով նրանից մեծ: Ճանաչելով այն ժամանակվա Վիլենին՝ կարող եմ պնդել, որ նման դատողություն անելու փոխարեն իր խռովարար (դրական իմաստով) էությանն ավելի համապատասխան կլիներ, եթե որպես ՔՊ-ական երեսփոխան կազմակերպեր, օրինակ, Երևանի հանրային տրանսպորտի չարեփոխման վերաբերյալ լսումներ Ազգային ժողովում: Որովհետև այն իշխանությունը, որի բազմաթիվ ներկայացուցիչներ տարիներ առաջ փողոց էին դուրս եկել ընդդեմ ուղեվարձի 50 դրամ թանկացման, այսօր սակագինը թանկացնում է 2-ից 3 անգամ (նայած փաթեթին): Ելույթ կունենար խորհրդարանում, օրինակ, այն հարցով, որ ուղեվարձը զուտ 100 դրամանոցնեըով վճարելու գաղափարը կյանքի կոչելուց առաջ իշխանությունը բնակչությանն ապահովվեր այդ արժեքի մետաղադրամի անհրաժեշտ քանակով: Ինչը դժվար չէր՝ հաշվի առնելով նախկինների ժամանակ ուղևորահոսքի մոնիթորինգի պատկերը: Եվ ոչ թե արհամարհեր դա՝ մարդկային արժանապատվությունը տրորող իրադրություններ գեներացնելով հանրային տրանսպորտում: 

Ի դեպ, ասեմ, որ հարգում եմ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանի հանդեպ Վիլենի հավատարմությունը: Ինչպես կյանքն է վկայում, մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն ՔՊ-ական երեսփոխաններին, ովքեր համարձակվում են բարձրաձայնել շնորհազրկված նախկին պաշտոնյայի հետ ընկերական հարաբերությունները պահպանելու մասին: Կարծում եմ, որ այդքան քաջություն ունեցող «Նավակ ճոճողը» պետք է օրինակ վերցներ ՔՊ-ական իր գործընկեր Աղազարյանից, ու պայքարեր այն երևույթների դեմ, որոնց դեմ ինքը կռիվ էր տալիս նակինների օրոք: Եվ որոնք ծաղկում են այսօր «մեծարգո վարչապետի» պաշտոնավարման պայմաններում: