Վերահաշվարկի արդյունքները չեն բավարարել ՔՊ-ին

Մենք այսօր տեղեկացրել էինք, որ Չարենցավանում և Բերդում ՔՊ-ն, չհաշտվելով պարտության հետ, վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողով: ՔՊ-ի վստահված անձինք 19 տեղամասից 13-ում վերահաշվարկ էին պահանջել` հույսով, որ ձայների այնպիսի տարբերություն կլինի, որ էապես կազդի ընտրությունների արդյունքների վրա: Ընդ որում, հանձնաժողովների մեծ մասում նախագահներն ու քարտուղարները հենց ՔՊ-ի նշանակած մարդիկ էին, բայց իշխող ուժը, փաստորեն, չվստահելով իր նշանակած մարդկանց, կասկածի տակ է դրել նրանց անաչառությունն ու պահանջել նորից կատարել ձայների հաշվարկ:
Մի քանի ժամ տևած վերահաշվարկից հետո, սակայն, որևէ էական փոփոխություն չի արձանագրվել: Մասնավորապես, ՔՊ-ի ձայները անվավերների հաշվին ավելացել են ընդամենը յոթով, «Ապրելու երկիր» կուսակցության ձայներն ավելացել են` դարձյալ յոթով, իսկ գործող քաղաքապետ, հաղթած թեկնածու Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ձայները նվազել են ընդամենը մեկով:
Նույնը նաև Բերդում է եղել, որտեղ ՔՊ-ն վեց տեղամասում վերահաշվարկի դիմում էր ներկայացրել: Այստեղ դեռ չեն ավարտել հաշվարկը, սակայն ԿԸՀ-ից ասացին` էական տարբերություն դարձյալ չի արձանագրվել:
Կարծիքներ