«Ապրելու երկիրը» կկազմի՞ կոալիցիա ՔՊ-ի հետ

«Ապրելու երկիրը» կկազմի՞ կոալիցիա ՔՊ-ի հետ

Երեկ Սյունիքի Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում արձանագրեցինք հետևյալ պատկերը. 

«Քաղպայմանագիր» (ՔՊ) 4093
«Աշխատանք և արդարություն » 2693
«Մեկ Հայաստան» 979
«Ապրելու երկիր» 2307
«Զարգացող համայնք» 570
«Հանուն ժողովրդավորության պաշտպանների դաշինք» 794
«ՀՅԴ» 403

Ստացվում է այնպես, որ Քաղպայմանագիրը թեպետ ամենաշատ ձայներն է հավաքել, սակայն անցողիկ շեմը չի հաղթահարել: Անցողիկ շեմը հաղթահարելու համար նրան հարկավոր է կոալիցիա կազմել «Աշխատանք և արդարություն» դաշինքի հետ, որը ստացել է ավելի քան 2693 ձայն, կամ «Ապրելու երկիր» կուսակցության հետ, որը ստացել է շուրջ 2307 ձայն:

Մենք կապ հաստատեցինք  «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակով առաջին համարը զբաղեցնող Արա Զաքարյանի հետ` պարզելու համար, թե վերջինս կկազմի՞ կոալիցիա Քաղպայամանգրի հետ, թե՞ ոչ:  

Ի պատասխան մեր հարցին, Զաքարյանը նշեց. «Կոալիցիա կազմելը չի բացառվում, էս պահին կոնկրետ քննարկում չկա»։ Հարցին, թե ինչո՞ւ, ինչի՞ն եք սպասում, վերջինս ասաց. «Թիմով պետք է նախ որոշում կայացնենք, որից հետո միայն եթե կլինեն առաջարկներ, կհասկանանք, թե ինչն է ճիշտ, մենք այս պահին ոչ մեկին առաջարկ չունենք անելու»,- շեշտեց Զաքարյանը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, եթե Քաղպայամանգրից առաջարկ լինի, կհամաձայնե՞ք, վերջինս ասաց, որ ոչինչ բացառել չի կարող, քանի որ թիմն է որոշում կայացնողը, մենք նաև հարց ուղղեցինք, թե թիմ ասելով ո՞ւմ նկատի ունեք կոնկրետ, Արա Զաքարյանը շեշտեց.

«Տեղական թիմին և կուսակցությանը, բայց նախ և առաջ տեղական թիմին, քանի որ ստացել ենք այս պատկերը»:

Մենք նաև հարց ուղղեցինք, թե գո՞հ եք ստացված պատկերից, մեր զրուցակիցն ասաց` ոչ: «Գոհ չենք, իմ պատկերացումները սիսիանցիների հետ կապված այսպիսին չէին: Չեմ ուզում մանրամասնել, սակայն շատ բաներ ինձ դուր չեն եկել», - նշում է նա:  

Հարցին, թե ինչը՞ Ձեզ դուր չի եկել, վերջինս ասաց, որ այդ մասին խոսել չի ցանկանում: