Վարդենիսի նոր ավագանու նիստը հետաձգվեց Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ

Վարդենիսի նոր ավագանու նիստը հետաձգվեց Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ

Ինտրիգները Վարդենիսի քաղաքապետի ընտրության շուրջ շարունակվում են: Դեկտեմբերի 27-ին տեղի էր ունենալու Վարդենիս խոշորացված համայնքի նոր ավագանու առաջին նիստը, ընտրվելու էր համայնքի ղեկավար: Սակայն այսօր պարզ դարձավ, որ նիստը հետաձգվելու է մեկ շաբաթով: 
 
Վարդենիսի ընդդիմադիր կոալիցիայի համար, որը ավագանիում ՔՊ-ի նկատմամբ մեկ ձայնի առավելություն ունի՝ 14/13 հարաբերությամբ, պատրաստվում էր երկուշաբթի քաղաքապետի իր թեկնածուին ընտրել՝ Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյանին, սա անսպասելի հարված էր: «Ոչ մի լավ բան չենք սպասում: Էլի մի կեղտոտ բան մտածել են, մարկանց վրա կարող են ճնշել, եսիմ, ինչ են մտածել», - ասում է մեր զրուցակիցը «Ահարոն Խաչատրյան» դաշինքից: 

Նա համոզված է, որ «կեղտոտ բան մտածողը» մարզպետ Կարեն Սարգսյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն են, որոնք շատ ծանր են տանում այն հանգամանքը, որ իրենց հարազատ մարզում ընդդիմությունը «կրում» է ՔՊ-ին և իր քաղաքապետն է ունենալու: 

Օրենքով ավագանու առաջին նիստը պետք է գումարվեր ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրը, ժամը 11.00: Ո՞ր օրենքով է նիստը հետաձգվել, ինչո՞ւ: Հարցերն ուղղեցինք Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանին: 

- ՏԻՄ մասին օրենքով նախարարությունը համապատասխան շրջաբերական է ուղարկել մեզ ձեռնարկի տեսքով, որում ասվում էր, որ նիստը պետք է գումարվեր ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման հրապարակմանը հաջորդող երկուշաբթի, 11.00: Դրանից հետո տարածքային կառավարման նախարարը ԿԸՀ նախարար Մուկուչյանի հետ քննարկել է հարցը և նոյեմբերի 20-ի կողմերը հայտարարի են եկել, որ այլևս չմիջամտեն ՏԻՄ-ի գործերին, թող ՏԻՄ-ը որոշի, շաբաթվա որ օրը լինի նիստը և որ ժամին, որ ՏԻՄ-ը ազատ լինի իր գործառույթում: 

-Եթե իրենք նոյեմբերի 20-ին էին որոշել, որ ՏԻՄ-ն է նիստի օրը որոշում, ինչո՞ւ մարդկանց չէին ասել, բոլորը կարծում էին, թե դեկտեմբերի 27-ին է նիստը:

-Նոյեմբերին մենք ունեինք նախկին ձեռնարկը: Որից հետո մենք նորից շրջաբերական ենք ուղարկել նոյեմբերի 24-ին, բոլոր համայնքներին՝ 57 համայնքներին, որտեղ արդեն օրն ու ժամը նշված չեն եղել: 

-Բայց որքանո՞վ է ճիշտ, որ այսօրվա գործող ավագանին որոշի նիստի օրը, չէ՞ որ այն ղեկավարում է գործող ՔՊ-ական քաղաքապետը, որն ինքն էլ թեկնածու է, ու պարտվող թեկնածու: Նա ո՞նց պիտի որոշի, թե երբ լինի նիստը, որին ինքը տապալվելու է: Ստացվում է, որ մրցակիցներից մեկն է որոշում: 

-Ես հակասությունը չեմ տեսնում: Ինչ պիտի լինի, եթե մի քանի օր հետո լինի նիստը: 

-Մարդիկ էնքան վատ բան են տեսել, որ մտավախություններ ունեն, թե մի նոր խարդավանքի են գնում:  

- Հա, կասկածի որդը կա, բայց տրամաբանությամբ որ մտածում ես, երկու-երեք օրում ի՞նչը պիտի փոխվի: Օրը կգա, բարին հետը: