Գրե՞մ, թե՞ չգրեմ

Գրե՞մ, թե՞ չգրեմ

Մեր հարևան Շմավոնը երեկ հեռավար կարգով դիմել էր ինձ: Ասում է.
- Դու լրագրող մարդ ես, քո ձայնն իմից շուտ կհասնի Նիկոլին: Խնդրում եմ երկու տող գրես իմ փոխարեն:
- Ո՞ւմ, Նիկոլի՞ն:
- Չէ, գրի Նիկոլի խոստման մասին:
- Լավ էլի, Շմավոն, հիմա ո՞վ է Նիկոլի խոստումների մասին բան գրում, որ ես գրեմ: Լրագրողները կարդան՝ ի՞նչ կմտածեն իմ մասին:
- Բայց այս մեկը կորոնավիրուսի ժամանակների խոստում է:
- Դա ո՞րն է, էն որ ասում էր ում շունն ա, պինցետով կբռնեմ...
- Չէ, չէ, չէ, դա ամենասկզբում էր: Իմ ասածը նրա՝ ավելու ուշ շրջանի խոստումներից է:
- Բայց վերջերս, իմ հիշելով, նա խոստումներ չի տվել:
- Ո՞նց չի տվել է... Ասա՝ չես ուզում գրել, օգնել ինձ:
- Բա ամոթ չի՞ Շմավոն ջան, ես երբևէ քո խնդրանքը գետնով տված կա՞մ: Որ Նիկոլը ոչ մի խոստում չի կատարում, ես մեղավո՞ր եմ: Անիմաստ է, հասկանո՞ւմ ես, նրան իր խոստումները հիշեցնելը: Մի հատ հիշիր կոռուպցիայի դեմ պայքարի խոստումը և տես թե շուրջներս էս ինչ կոռուպցիա է, որ ծաղկում է:
- Քյասար ասա՝ կգրե՞ս, թե՞ ուրիշի զանգեմ:
- Չեմ գրի, զանգիր ուրիշ լրագրողի:
- Դե համարը տուր:
- Ո՞ւմ համարը:
- Էդ ուրիշ լրագրողի:
- Ձեռ ե՞ս առնում, Շմավոն, հիմա էլ զանգես էդ լրագրողին ու ասես Էդիկ Անդրեասյա՞նն է համարդ տվել: Բա չի մտածի՞, որ ուզում ենք իրեն շառի մեջ գցել:
- Ինչո՞ւ պետք է նման բան մտածի:
- Որովհետև լրագրող է ու հասկանում է, որ Նիկոլի չկատարած խոստումների մասին բան գրելը լավ վերջաբան չի ունենում:
- Շատ բարդացրիր: Ընդամենը երկու տող պետք է գրես: Եթե կուզես՝ իմ անունով հրապարակիր:
- Շմավոն, հրապարակողը ես չեմ, գլխավոր խմբագիրն է, իսկ ես նրան երբեք չեմ խաբի: Սիրուն չէ:
- Իսկ դու մի խաբիր, գրի, որ ես եմ քեզ պատմել, իսկ դու գրի ես առել:
Այլևս նահանջելու տեղ չունեի,
- Դե լավ, պատմիր, բայց եթե «բեսեդկի» քո ելույթների նման քֆուր-քյաֆար լինի մեջը, չեմ գրելու:
- Չէ, ի՞նչ քֆուրքյաֆար, ընդհակառաը, սա խնդրանքի պես մի բան է, ուղղակի պետք է վարչապետին հիշեցնել իր խոստումը:
- Սպանեցիր, Շմավոն, ո՞ր խոստումի մասին է խոսքը:
- Հիշո՞ւմ ես, որ հայտարարեց, թե պարգևատրելու է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդին:
- Հիշում եմ:
- Դե ուրեմն՝ իրեն հիշեցրու:
- Ասենք՝ հիշեցրի, դրանից քեզ ի՞նչ օգուտ, Շմավոն:
- Ո՞նց թե ինչ օգուտ: Ես կորոնավիրուսով հիվանդացած 2-րդ պացիենտն եմ Հայաստանում:
- Բայց առաջինը չես, չէ՞:
- Աստված չանի, առաջինն արդեն էն աշխարհն է գնացել:
- Դու ի՞նչ գիտես:
- Գիտեմ:
- Ո՞ւ...
- Ու էն, որ հիմա առաջին հերթում ես եմ:
- Ու մտածում ես, որ Նիկոլը քե՞զ պետք է պարգևատրի:
- Բա էլ ո՞ւմ:
- Վայ քո տունը շինվի, էլ մարդ չկա՞: Այնքա՜ն սոված հեղափոխականներ կան: Մեկին կբերեն, կպարգևատրեն, ո՞վ է ստուգելու՝ առաջին հիվանդն է թե՞...
- Բա ես քեզ այսքան ժամանակ ի՞նչ եմ բացատրում: Ասում եմ՝ իմ մասին գրի, որ էդ պարգևատրումը «բրոնյա» անենք, ուրիշ մարդու մեջտեղ չգցեն: Գրի, որ այսպես ու այսպես, դու ճանաչում ես առաջին հիվանդին, անունը՝ Շմավոն:
-Բա ասում ես առաջինը մեռել է:
-Դա միայն ես գիտեմ:
- Եվ ի՞նչ, կարծում ես կաշխատի՞:
- Աշխատեց՝ աշխատեց: Ո՞վ գիտի, թե ով է եղել առաջինը կամ ով է լինելու հազարերորդը:
- Չգիտեմ, Շմավոն ջան, չգիտեմ: Դու նույնիսկ Իտալիայում չես եղել: Բա որ հարցնեն որտե՞ղ ես վարակվել, ի՞նչ ես ասելու:
- Դու գրի, ես մի բան կմտածեմ: էսա գնամ մի հատ դիմակ էլ առնեմ, նկարվեմ, գցեմ ֆեյսբուք...
- Վայ քո տիպը չկտրվի, Շմավոն: Դու ինձ կգցես պատմության մեջ: Քեզ բան չեն ասի, բայց ինձ կդատեն՝ Փաշինյանից փող շորթելուն նպաստելու համար: Չեմ կարող Շմավոն ջան, կներես, բայց հենց իմանամ, որ Նիկոլն ուզում է իր խոստումը կատարել, առաջինը քեզ իմաց կանեմ...
Տու-տու-տու...
-Ալո՞, Շմավո՞ն... Թռա՞վ:
Երևի գնաց դիմակ առնելու: Տեսնես վերջին խոսքերս լսե՞ց: