Նախագահի թեկնածուն քաղաքական թիմ չունի

Նախագահի թեկնածուն քաղաքական թիմ չունի

Արցախյան ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ մեկ քվեարկությամբ պետք է որոշվի նախագահի եւ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության հարցը: Քանի որ 2017թ. սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը վերացված է, նախագահն ուղղակիորեն ձեւավորում է կառավարություն եւ գլխավորում այն:

Սահմանադրությունը նախատեսում է, որ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել նախագահին: Նման իրավիճակից խուսափելու համար նախագահը խորհրդարանում պետք է ունենա գոնե պարզ մեծամասնություն: Նախագահական մրցապայքարի հիմնական մասնակիցներն առաջադրվել են որեւէ կուսակցությունից, բացառությամբ Մասիս Մայիլյանի:  Ի պաշտպանություն Մայիլյանի հայտարարություն է արել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը: Փորձագետների մոտ տպավորություն կար, որ խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիքի» ցուցակը կգլխավորի Մասիս Մայիլյանը, բայց դա տեղի չունեցավ:

Ավելի վաղ ձեւավորվել էր «Մայիլյան-Նոր Արցախ» դաշինք, բայց ԿԸՀ-ում ԱԺ ընտրությունների մասնակցության համար առաջադրվել է «Նոր Արցախ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է պաշտոնաթող գնդապետ Գրիգորի Սահակյանը: Ստեփանակերտում լուրեր էին շրջանառվում, որ Մայիլյանը եւ Սամվել Բաբայանը պատրաստվում են հետընտրական հաամգործակցության հուշագիր ստորագրել: Նշվում էր նաեւ ժամկետ՝ փետրվարի 15-ը:

Այդ մասին, սակայն, առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա: Որոշ տեղեկություններով՝ հուշագրի ստորագրումը հետաձգվել է՝ երկու թիմերում ծագած տարաձայնությունների պատճառով: Տեղեկություններ կան, որ Մայիլյանի շատ համակիրներ հիասթափված են Սամվել Բաբայանի հետ համագործակցության որոշումից եւ հեռացել են: Նույնը, ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, տեղի է ունենում Սամվել Բաբայանի թիմում, որտեղ շատերը Մայիլյանին չեն ընդունում որպես հեղինակություն, քանի որ «կռված տղա չէ»: Բաբայանի մերձավոր շրջապատից տեղեկություն է տարածվել, որ ՊԲ նախկին հրամանատարը ցավոտ է ընդունել Մայիլյանի հայտարարությունը, որ նախագահ ընտրվելու դեպքում չի պատրաստվում իշխանությունը կիսել, եւ նրանց միջեւ կայացել է բավական ծանր խոսակցություն:

Որքանո՞վ են հավաստի կամ հերյուրածին այս լուրերը՝ պարզել առայժմ հնարավոր չէ: Արդյունքում ունենք ԿԸՀ-ում արձանագրված փաստ՝ Մասիս Մայիլյանը նախագահական մրցապայքարի մեջ է մտնում որպես ինքնաառաջադրված թեկնածու, որեւէ կուսակցություն նրան չի ընդգրկել ԱԺ ընտրությունների ցուցակում, Մայիլյան-Բաբայան հուշագիր չի ստորագրվել, իսկ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես չի հայտարարել, որ հանդիսանալու է Մայիլյանի քաղաքական հենարանը: