Հարցիս տղավարի պատասխանի․ Աստծուն ես պատասխան տալու, եթե ինձ չպատասխանես էլ

Հարցիս տղավարի պատասխանի․ Աստծուն ես պատասխան տալու, եթե ինձ չպատասխանես էլ

Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ,  այսօր՝ փետրվարի 7-ին, ընթանում է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը:

Նիստերի դահլիճում են նաեւ 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների հարազատները։
Իշխան Արմենի Վահանյանը, նշենք, մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Քիչ առաջ վկա զինծառայողներից մեկի ելույթի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված զոհված զինծառայողի հայրը հունից դուրս եկավ։

«Երբ դուք նահանջում էիք, ով տվեց ձեզ այդ հրամանը, ձեր հետ սպա կա՞ր, թե՞ չկար։ Քեզ ուզում եմ հարց տամ, բայց պիտի տղավարի պատասխանես։ Էս հարցը ես տղերքից սաղին եմ տվել, բայց հիմա պիտի քեզ էլ տամ։ Ըստ քեզ՝ դավաճանություն եղել է, թե՞ չի եղել։ Հարցիս տղավարի կպատասխանես, էլի եմ ասում։ Սպաները ձեզ դավաճանե՞լ են, ձեզ թողել, իրենք փախե՞լ են։ Աստծուն ես էս հարցի պատասխանը տալու, եթե ինձ չպատասխանես, նայի քեզ ինչ եմ ասում»,- ասաց ծնողը՝ դիմելով վկա զինծառայողին։