Սթենֆորդ դառնալու ճանապարհին արդյոք մեզ հայագիտությո՞ւնն է խանգարում

Սթենֆորդ դառնալու ճանապարհին արդյոք մեզ հայագիտությո՞ւնն է խանգարում

Ամերիկյան բազմաթիվ համալսարաններում գոյություն ունեն GE (General Education) կոչվող դասընթացներ, որոնք ներառում են համալսարանական մակարդակին համապատասխան գիտելիքներ՝ մշակույթի, հումանիտար ու բնագիտական գիտությունների եւ այլ ոլորտներում։ Ընդհանուր կրթության դասընթացները միտված են ուսանողների մոտ ձեւավորելու համապարփակ գիտելիքներ համալսարանական կրթության ամենատարբեր ոլորտներում, ընդ որում՝ առանց դրանց ուսանողը չի կարող համալսարանն ավարտել։ ԱՄՆ բուհերում ընդհանուր կրթության այս դասընթացները վաղուց են կիրառվում եւ արդարացրել են իրենց։ Դժվար է ասել՝ ստացված արդյունքը պայմանավորված է դասախոսների արդյունավետ մեթոդաբանությա՞մբ, բուհերի խիստ կանոնակարգերո՞վ, ուսանողների բարեխղճությա՞մբ, թե՞ բոլորը միասին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ բազմաթիվ համալսարանների տված կրթության մասին մեր համալսարաններում այժմ միայն երազել կարող ենք։ 

Բոլորովին վերջերս ԿԳՄՍ նախարարության կողմից աշխատանքային քննարկման դրվեց «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների համար, եւ համալսարաններին տրվելու է ինքնավարություն՝ որոշելու նշված առարկաների դասավանդման նպատակահարմարությունը։ Համալսարաններում ունենք մի իրավիճակ, որ ոչ մասնագիտական ֆակուլտետներում համապատասխան առարկաները չեն դասավանդվում անհրաժեշտ բարեխղճությամբ, եւ խոսքը միայն հայագիտական առարկաների մասին չէ։ Օրինակ, հումանիտար ուղղվածության ֆակուլտետներում ոչ մասնագիտական՝ բնագիտական դասընթացներն ուսանողների համար, մեծ հաշվով, ունեն ժամանցի նշանակություն, եւ ընդհանուր միտումն այն է, որ ուսանողը չունի տվյալ առարկաների կարեւորության գիտակցումը։ Ուսանողների մեծ մասը չունի բավարար հետաքրքրություն այդ առարկաների նկատմամբ, իսկ դասախոսների մեթոդաբանությունը ոչ թե միտված է խնդիրը շտկելուն, այլ՝ շրջանցելուն։ Ֆակուլտետների ամբիոնները հաճախ ժամաքանակի խնդիր են լուծում եւ դասընթացների ընտրության հնարավորության դեպքում առաջնորդվում են այս հանգամանքով։

Իսկ ինքնավարության դեպքում, դժվար է ասել՝ արդյոք ամբիոնները նպատակահարմար կգտնե՞ն ծրագրում ներառել հայագիտական առարկաները, մանավանդ որ կան մասնագիտական դասընթացներ, որոնց անհրաժեշտ ժամաքանակ չի հատկացվում։ Ստացվում է այնպես, որ օրինագծի ընդունման դեպքում հայագիտական առարկաները հանվելու են ոչ մասնագիտական ֆակուլտետներից՝ ոչ թե ելնելով բովանդակային նպատակահարմարությունից, այլ՝ ժամաքանակի։ Նման զարգացումների դեպքում խոսք անգամ չի կարող լինել կրթության որակի բարձրացման մասին։ Նույն հումանիտար ֆակուլտետներում դասավանդվում են ոչ մասնագիտական համարվող բնագիտական առարկաներ.  միգուցե հաջորդ քայլն այդ առարկաները ե՞ւս ոչ նպատակային ճանաչելն է, թե՞ Սթենֆորդ կամ Քեմբրիջ դառնալու ճանապարհին մեզ միայն հայագիտությունն է խանգարում։

Կրթական ու մշակութային քաղաքականությունը պետության զարգացման կարեւորագույն օղակներից է, իսկ քաղաքականության մեջ նման անհետեւողական գործելաոճը պետականամետ մտածողության արդյունք չէ։ Հայերենը պետք է պետականորեն պաշտպանված լինի, եւ համալսարանում սովորող յուրաքանչյուր ուսանող, անկախ մասնագիտությունից, պետք է ունենա մասնագիտական գրագետ խոսք եւ գիտական աշխատանքը գրագետ շարադրելու հմտություն, այն, ինչը չի կարող տալ թեկուզեւ ամենալավ դպրոցական ծրագիրը։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ