Իշխանությունները՝ դարձյալ առանց դիմակի

Իշխանությունները՝ դարձյալ առանց դիմակի

Այս օրերին, երբ ոստիկանությունն աջ ու ձախ մարդկանց տուգանում է դիմակ չկրելու կամ դիմակը մի թեթև սխալ կրելու համար, այդ նույն դիմակ կրելու մասին օրենք ընդունած իշխանության շատ նեկայացուցիչներ շարունակաբար խախտում են իրենց իսկ ընդունած օրենքները։ Երեկ մենք գրել էինք, թե ինչպես է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանի լողափերից մեկում, որն ասում են՝ իրեն է պատկանում, մեծ փարթի կազմակերպել, որտեղ մարդիկ դիմակով չէին, ինքը՝ ևս։ Բայց միակ Հայկը չէ, որ խախտում է իր իսկ ընդունած օրենքները։

Երեկ Արմինե Մելքոնյան անունով օգտատերը ֆեյսբուքում լուսանկար էր հրապարակել, որտեղ ինքն է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և իրեն Նավակ ճոճող անունով հռչակած և վերջերս Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն դարձած մեկ այլ իմքայլական Վիլեն Գաբրիելյանը։ Երեքն էլ առանց դիմակի են ու չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։Լուսանկարից էլ երևում է, որ նրանք ևս, կարծես թե Սևանա լճի ափին են։

Իհարկե, մենք դեմ ենք պարետատան այս անիմաստ դիմակարշավին, երբ լողափին մարդկանց տուգանում են դիմակ չկրելու համար, մենք համարում ենք նաև, որ այս մարդիկ ևս՝ լինեն պատգամավոր, նախարար, թե շարքային քաղաքացի, իրավունք ունեն իրենց հանգիստը ազատ կազմակերպելու՝ զերծ անիմաստ ու ավելորդ պարտադրանքներից։ Բայց, միևնույն ժամանակ, չենք կարող չարձանագրել, որ այդ նույն պատգամավորները, որոնք ԱԺ-ում կողմ են քվեարկում արտակարգ դրության երկարաձգման ու դիմակ չկրելու համար տուգանելու մասին օրենքներին, և որևէ մեկը չի ընդդիմանում կառավարության այս որոշումներին, դրսում իրենք իրենց իսկ ընդունած օրենքներն են անխնա խախտում։ Եվ մնում են անպատիժ՝ ի տարբերություն հասարակ քաղաքացիների։