Փաշինյանի կառավարության դեմ լարվածությունն աճում է, նրա վարկանիշն ընկնում է․ Ալեքսանդր Իսկանդարյան

Հանրապետությունում առկա քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամով պայմանավորված «Հայրենիքի փրկության ճակատ» շարժումը շարունակում է «իմքայլական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ-հանրահավաքները։
Ստեղծված իրավիճակը զուգորդվում է Հայաստանի անվտանգության ու սուվերենության համար իշխանությունների անկարողությամբ որևէ բան անելու, միաժամանակ նոյեմբերի 9/10-ի կապիտուլյացիայի ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է Հայաստանից և Արցախից տարածքներ պոկել ավելի վտանգավոր դարձնելով սահմանամերձ բնակիչների կյանքը։
Չնայած Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի աթոռին, որը երբեմն իրեն ու իրեն աջակցող ինչ-որ պաշտոնյաների թույլ է տալիս հոխորտալ, իսկ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, կասկածելի ծագում ունեցող որոշ խմբավորումներ դարձրել է իր և իրեն աջակցող փոքր խմբերի համար վահան ու գործիք։
Ներքաղաքական իրավիճակի շուրջ «Հրապարակը» խոսել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
- Պարո՛ն Իսկանդարյան, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման համար նախադրյալներ կա՞ն հիմա։ Թուրքիայի նախագահ Էրդողանը, կարծես թե, վերջերս հայտարարեց սահմանները բացելու պատրաստակամություն հայտնեց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, կարծես թե, դեմ չէր։
- Ես չեմ կարծում, որ հիմա լուրջ է դրա մասին խոսելը։ Էրդողանը շատ բան է ասում՝ ամենէկզոտիկականից մինչև փոխադարձ հակասական բաներ։ Նա միաժամանակ այս օրերին խոսեց բաների մասին, որոնք այդ ամենին հակասում են։ Սկզբունքորեն, տեսականորեն հնարավոր է մի օր։ Եղել է «Ֆուտբոլային դիվանագիտությունը», փորձ եղել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կարգավորելու և սահմանները բացելու ուղղությամբ։ Այն ժամանակ չստացվեց։ Սկզբունքորեն, հետագայում հնարավոր է, բայց հիմա դրա ժամանակը չէ։ Նրանք ճնշում են գործադրում, նրանք փորձում են պատերազմի ավարտից անմիջապես հետո ինչ-որ կտորներ պոկել իրենց օգտին։ «Կտորներ» ասելով՝ ես անպայմանորեն նկատի չունեմ տարածքներ, չնայած տարածքներ նույնպես։ Լիազորությունների կտորներ, Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացի վրա ազդելու կտորներ, քաղաքական ինչ-որ ձևաչափեր և այլն, որ դրանք շահեկան լինեն իրենց համար։ Թուրքերը փորձում են հասնել խաղաղապահ խումբ տեղակայելուն, փորձում էին մտնել Մինսկի խմբի համանախագահների կազմ, գուցե դա նույնպես խոսակցությունների առարկա է հանդիսանում հիմա, ես չգիտեմ։ Այսինքն՝ նրանք ճնշման միջոցով փորձում են ինչ-որ բանի հասնել։
Թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքի հետ, ես չեմ հասկանում, հասկանալի է, չէ՞, ինչ-որ գործընթաց կա։ Ահա, երբ այդ ամենը կարգավորվի, երբ որ ինչ-որ հստակություն լինի, դրա համար ինչ-որ ժամանակ կանցնի։ Երբ քիչ թե շատ պարզ կլինի, թե ինչ է անում Ռուսաստանը, ինչ է անում Թուրքիան, ինչ է անում Ադրբեջանը, ինչ ձևով է այդ ամենը տեղայնացվում, այդ հստակությունը հայտնվի, այդ ժամանակ կսկսեն, այդ թվում՝ դիվանագիտական գործընթացներ։ Երբ Հայաստանում քաղաքական իրավիճակը քիչ թե շատ պարզ կդառնա․ հիմա ախր ամբողջովին անհասկանալի է։ Ինչպիսին կլինի Հայաստանում քաղաքական կոնֆիգուրացիան մի քանի ամսից։ Երբ այս ամենը տեղայնացվի, հնարավոր է սկսեն ինչ-որ գործընթացներ, բայց այսօրվա դրությամբ ոչ այնքան լուրջ է դա։
- Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, և որ նաև հայկական կողմը պարտվող եղավ այս պատերազմում՝ Հայաստանը կարո՞ղ է արդյունավետությամբ գործել։
- Ինչը, որ տեղի է ունեցել, հո՞ հավերժ չէ։ Դե, Ձեր շուրջը նայեք, այսպիսի պետությունները շատ են։ Ես օրինակներ չեմ բերի Լատինական Ամերիկայից կամ դասական օրինակներ չեմ բերի։ Բայց կողքից, որ կհասկանա ձեր ցանկացած ընթերցող։ Դե, Վրաստանն ապրում է։ 2008 թվականին ռուսները չգրավեցին Թբիլիսին, որովհետև չցանկացան։ Իսկ նրանք մինչև Թբիլիսի հասան։ Ռուսական տանկերը, հրանոթները կանգնած էին Թբիլիսիից 105 կիլոմետր հեռավորության վրա և մինչ այժմ այնտեղ կանգնած են Ախալգորիում, Հարավային Օսիայի տարածքում։ Եվ Վրաստանում շատ լուրջ իրավիճակ էր նվաստացման, պարտության, բայց ապրում է, չէ՞, Վրաստանը։ 1990-ական թվականների սկզբին ի՞նչ վիճակում էր Վրաստանը, բոլորն են հիշում, Հայաստանում երևի։ Այն գոյություն չուներ որպես կենտրոնական պետություն և պարտություն էր կրել Հարավային Օսիայից, Աբխազիայից և Աջարիան գործնականում Վրաստանի կազմի մեջ չէր մտնում, բայց ապրում է, չէ՞, Վրաստանը։
Ուկրաինան․ պետությունը, որը կորցրել է Ղրիմը, կորցրել է Դոնբասը, կորցրել է Լուգանսկը։ Ուկրաինայում գրեթե բոլոր պետական համակարգերում կոլապս եղավ, ապրում է, չէ՞, Ուկրաինան։ Մոլդովան ապրում է և այլն։ Այսինքն, այն, ինչ տեղի ունեցավ հիմա, իհարկե, շատ լուրջ խնդիր է, սա ցնցում է, հանրությունը սա ընկալում է որպես պարտություն։ Սա պարտություն է, բայց աշխարհի բոլոր պետություններն ինչ-որ պահի իրենց պատմության մեջ պարտություն կրել են։ Աշխատել է հարկավոր, վերստեղծել է հարկավոր, վերագործարկում է հարկավոր, շատ բաներ ինստիտուցիոնալիզացնել է հարկավոր։ Պատկերացնել, որ կարող է ստեղծվել ընտիր ներքին քաղաքականություն վատ բանակի, վատ կուսակցական համակարգի, վատ քաղաքացիական հասարակության, վատ ինստիտուցիոնալացման պայմաններում, չի կարելի։ Ոչինչ չի ստեղծվում անօդ տարածությունում, այս ամենը փոխկապակված բաներ են։
Պետք է զարգացվի տնտեսությունից սկսած մինչև կուսակցական համակարգ, ներգրավել որակավորված մարդկանց, կարող մարդկանց ներքին քաղաքականության մեջ։ Ներքին քաղաքականությունն է պետք կառուցել, պետությունն է պետք կառուցել։ Եթե այդ կառուցումը սկսի, ներքին քաղաքականությունը համապատասխան կլինի, իսկ առանձին վերցնել հնարավոր չէ։
- Պահանջում են ազգային համաձայնության կառավարության ձևավորում, որքանո՞վ եք դա հնարավոր համարում։ Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը՝ դրա անհրաժեշտությունը կա՞։
- Հայաստանում քաղաքական լուրջ ճգնաժամ կա։ Ճգնաժամը բավականին բնական է։ Պատերազմում պարտությունից հետո սովորաբար այսպես լինում է։ Երբեմն նաև չի լինում այսպես, բայց հաճախակի այսպես է լինում։ Եվ հակված են մեղադրելու այն կառավարությանը, որը տվյալ պահին տվյալ պետությունը ղեկավարում է, և պահանջելու նրա հրաժարականը։ Հաճախակի այդպիսի կառավարությունները հրաժարական են տալիս։ Այստեղ տեղի ունեցողը բավականին բնական բան է։ Ի՞նչ, ե՞րբ, ինչպե՞ս տեղի կունենա, չգիտեմ, շատ հավական է, որ այս կառավարությունը կփոխվի։
Ամեն դեպքում այս կառավարության սեպտեմբերի 25-ի վարկանիշը և այսօրվա վարկանիշը շատ են տարբերվում։ Եթե պատերազմ չլիներ, այլ կերպ կլիներ։ Վարկանիշի անկումը այսպես թե այնպես եղել է, ես չեմ ասում՝ «ամեն ինչ լավ էր», բայց պատերազմը կատալիզացրեց այն գործընթացները, որոնք կան հասարակության շրջանում։ Եղել են իրավիճակներ, երբ նախագահները ստիպված էին հեռանալ՝ Մութալիբովը և Էլչիբեյը, պարտված մարտեր, Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացասական զարգացում և այլն, և այս նախագահները ստիպված էին հրաժարական տալ։ Նրանցից հրաժարական պահանջում էին բառացի նույն կերպ, ինչպես Հայաստանում։ Բայց եղել է նաև այլ կերպ՝ Սաակաշվիլին 2008 թվականին մնաց։ Պատերազմի ավարտից հետո նա դեռ երկար ժամանակ նախագահ մնաց։
Խնդիրը սա չէ, խնդիրը Փաշինյանի անձը չէ, այն 100 մարդիկ չեն, որոնց, ենթադրենք, կհեռացնեն։ Վաղ թե ուշ նրանք կհեռանան իշխանությունից։ Խնդիրն այն է, թե ինչ է լինելու հետո։ Լավ, խոչընդոտ կա։ Այս մարդիկ խոչընդոտ են որոշ փոփոխությունների համար։ Ինձ չի հետաքրքրում՝ այդ խոչընդոտները կհեռացնեն, թե ոչ, ենթադրենք, կհեռացնեն, բայց ի՞նչ փոփոխությունների դեպքում։ Ի՞նչ է հետո պատրաստվում անել մարդկանց միությունը, որը բողոքում է։ Ինչպե՞ս, ինչպիսի՞ մարդիկ են դա անելու, ինչպե՞ս է կառուցվելու հաջորդող համակարգը, ի՞նչ ձևով են որակավորվելու մարդիկ, որոնք ներգրավվելու են այդ կառավարության մեջ։ Ի՞նչ է միավորում այն մարդկանց, որոնք հիմա հրապարակներում են՝ բացի Փաշինյանին և նրա կառավարությունը չսիրելուց։ Մենք տեսել ենք, այդքան էլ շուտ չի եղել, 2,5 տարի առաջ Սերժ Սարգսյանի հանդեպ ոչ սիրուց հավաքված մարդիկ եկան իշխանության, և մենք ի՞նչ տեսանք արդյունքում։ Խնդիրը երբ և ինչպես հեռացնելը չէ, դա էլ իհարկե, երբ հեռացվի, ի՞նչ ձևով է կառուցվելու հաջորդող քաղաքականությունը։
Հեղափոխությունը նպատակ չէ, այն միջոց, գործիք է, այն անում են ինչ-որ բանի համար։ Մարդկանց հեռացումը, որոնք իշխանության գլխին են, նպատակ չէ, գործիք է։ Եթե նրանք վատ են աշխատել, եթե բոլոր ձախողումները կապված կորոնավիրուսի, տնտեսության, կոռուպցիայի, պատերազմի հետ, այդ ամենի համար նրանք են մեղավոր, լավ։ Հեռացնելը գործիք է, որպեսզի ինչ-որ բան անեն բանակի, տնտեսության, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։
Ես հարց տամ՝ եթե վաղն ընտրություններ լինեն, ի՞նչ տեղի կունենա, ես չեմ կարող ասել։ Ո՞ւմ մարդիկ քվե կտան, ո՞ւմ համար քվեաթերթիկը կգցեն, ինչպիսի՞ կուսակցությունների համար, որտե՞ղ են այդ կուսակցությունները, ո՞ր քաղաքական գործիչների համար, որտե՞ղ են այդ քաղաքական գործիչները, այս է խնդիրը։ Հայաստանի խնդիրն այն է, որ նպատակ դարձնի ոչ թե քանդելը, այլ կառուցելը։ Փաշինյանի կառավարության դեմ լարվածությունն աճում է, նրա վարկանիշն ընկնում է, դա ակնհայտ է, նրա և իր կառավարության։ Առջևում ծանր խնդիրներ, առջևում տնտեսական ճգնաժամ է, առջևում լուրջ քաղաքական ճգնաժամ է, առջևում խնդիրներ են, որոնք պետք է լուծել անհապաղ՝ բանակի խնդիրը, սահմանների խնդիրը, պետք է ներքին քաղաքականության մեջ աշխատել։ Ղարաբաղի հետ կապված խնդիրը, փախստականների խնդիրը, այս ամենը ծանր խնդիրներ են։
- Միսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասաց, որ «Փաշինյանը ոչ ոք է», «Ես հաղթել եմ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի բանակին», սրանով ի՞նչ է ուզում Ալիևն ասել։
- Ինձ թվում է, որ սա շատ ցավալի պետք է լինի ադրբեջանական հասարակության համար։ Ադրբեջանը հաղթեց, Ադրբեջանը Թուրքիայի հետ, պատերազմում հաղթանակ եղավ։ Դրանից հետո մենք տեսնում ենք, թե ինչ ասում և ինչպես է գործում պարոն Ալիևը։ Պատճառները նույնպես հասկանալի են, հա՞, նա հավաքում է պոպուլյարություն իր հասարակության ներսում։ Բաքվի վարչակարգը մեծ հաջողության է հասել։ Ոչ այն իմաստով, որ Ադրբեջանն է հասել ու գրավել տարածքներ, այլ Բաքվի վարչակարգը։ Դեռ հուլիսին մենք տեսնում էինք, որ Բաքվի կենտրոնում մարդիկ գրոհում էին Ադրբեջանի խորհրդարանը, և տարբեր վատ բառեր էին գոռում Ալիևի հասցեին։
Հիմա Ալիևին աջակցում են բոլորը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, արևմտյան կողմնորոշում ունեցող մարդիկ, և բոլորը դարձան հայրենասեր։ Եվ այս ֆոնին պարոն Ալիևն իրեն պահում դեռահասի պես։ Նույնիսկ 18 տարեկան տղաները, երբ կռվում են, եթե դու հաղթել ու հարվածել ես քո մրցակցին և քո մրցակիցն ընկել է, վերևից կանգնելն ու բարձր վիրավորելն այդքան էլ ընդունելի չէ։ Հաղթեցիր, լավ։ Իսկ այստեղ շարունակվում են նվաստացման փորձերը։ Ու սրանք անձի նվաստացման փորձեր են, և այդ թվում՝ կոնկրետ անձի նվաստացման, առաջին հերթին անձամբ Փաշինյանի։
Ալիևը նաև ևս մեկ ցնցող արտահայտություն արեց, այն ինձ ուղղակի ցնցեց, ասաց, որ «Ես ցանկանում էի», համարյա բառացի եմ ասում, «Ես ցանկանում էի, որ այս փաստաթղթի ստորագրումն առցանց տեղի ունենար, և որ Փաշինյանը դա ստորագրեր անձամբ, բայց հետո ինձ համոզեցին, և ես որոշեցի, որ ես այսպես էլ նրան բավականաչափ նվաստացրել եմ դա անելու համար, և չարեցի դա»։ Որևէ մարդու գիտակցված նվաստացումը մեծ մարդու առաջադրանքն է պետության նախագահի համար։ Քաղաքականության մեջ սովորաբար այսպես չի արվում։ Ինչ էլ որ պատահի, ինչպես էլ որ լինի, ամեն դեպքում խոսքը պետության մասին է, ոչ թե բակում տղաների կռվի մասին։ Գուցե 12 տարեկանում, գուցե 13 տարեկանում են այդպես անում, ես չգիտեմ, 16-ում՝ այնքան էլ չէ։ Դա ցույց է տալիս հասարակության վիճակը։ Այսինքն՝ այդ ձևով կարելի է հասնել պոպուլյարության։ Գուցե դա կարելի է հասկանալ, եթե մտածես, որ Ադրբեջանը 26 տարի իրեն նվաստացած է զգացել ու այդ կերպ վերագործարկվում է, վերամշակվում է․ «Իսկ մենք հիմա կնվաստացնենք հայերին, մենք հասանք մեր ուզածին»։ Եվ դա, իմ կարծիքով, ոչ այնքան առողջ երևույթ է, բայց դե ադրբեջանցիներն այդպիսի տրամադրության մեջ են, Աստված իրենց հետ։ Բառերին, որոնք Ալիևն օգտագործում է, երևի թե, պետք չէ այդքան լուրջ ուշադրություն դարձնել։ Այդ ամենը հասկանալի է, թե ինչ լսարանի համար է արվում, հասկանալի է, թե ինչ հոգեբանական վիճակում։
Ադրբեջանը շարունակում է մեզ համար խնդիր մնալ։ Եվ նա շարունակում է խնդիր մնալ ոչ թե նրա համար, թե ինչ է ասում կամ չի ասում Ալիևը, այլ՝ այնտեղ կա խնդիր, որը պետք է լուծել։ Որոնցից սկսած հարկավոր է սկսել կառուցել, կրկնում եմ, ամեն ինչը, այդ թվում՝ փոխհարաբերությունները Ադրբեջանի հետ։ Մեր հակառակորդն այնպիսին է, ինչպիսին որ կա, մենք ուրիշ մեկը չունենք։
Կարծիքներ