Երաժշտությունն ավարտվեց, տանգո չի լինի

Երաժշտությունն ավարտվեց, տանգո չի լինի

Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժեշտի տանգոն չի կայանա: Սին հույսեր էի փայփայում, թե կտեսնեմ նրանց կրքոտ եւ միեւնույն ժամանակ հուզիչ գրկախառնությունը տանգոյի գեղեցիկ հնչյունների տակ: Վերջացավ: ԱԺ-ում արդեն նոր գլխավոր դատախազն է դայլայլում` կին, եւ նրա ամեն դայլայլի հետ սպառվում է Արթուր Դավթյանի էպոխան: Ինչքա՞ն մնաց՝ մեկ ամի՞ս, երկո՞ւ՝ չգիտեմ էլ: Բայց դուք երեւակայեք, որ տանգոն չի կայանա ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը չի ուզում, այլ այն, որ Արթուր Դավթյանը չի հասկանում, որ դեռ կարող է Փաշինյանին պարտադրել՝ պարել այդ պարը: Էդ մարդը չի հասկանում, եւ վերջ: Գնաց-հասավ մինչեւ Բելառուս, շատ երեւելի դատախազների հետ նստեց, վեր կացավ, մրցանակներ ու դիպլոմներ տվեցին, բայց, միեւնույն է, ինքը չի հասկանում, որ առանց Նիկոլի հետ հրաժեշտի տանգոն պարելու հեռանալը հղի է բազմաթիվ անցանկալի հետեւանքներով՝ առաջին հերթին իր համար: Ուրիշ բան չմտածեք հանկարծ: Ես չեմ ասում, թե Արթուր Դավթյանը պապ է սպանել, տերտեր եւ այլն: Բանն այն է, որ նա ավելի շատ լավն է, քան վատը: Ես նույնիսկ կասեի՝ Արթուր Դավթյանի մասնագիտական որակների եւ ծանր պահվածքի շնորհիվ էր, որ մենք 2018թ. խեղկատակությունից հետո չմնացինք պետության փլատակների տակ:

Գժականները Ռադիոտուն էին մտել, կառավարական շենքերի մուտքերն էին շրջափակում, փողոցներ փակում, իսկ Արթուր Դավթյանն անդրդվելի էր: Ինչի՞ց էր դա՝ գլխավոր դատախազի մասնագիտական որակներից եւ, ինչպես ասացի, ծանր պահվածքից: Նույնը 2019թ. մայիսին տեղի ունեցավ, երբ Արթուր Դավթյանն արդեն սիրո եւ հանդուրժողականության գլխավոր դատախազ էր: Շրջափակվեցին դատարանները, ՍԴ-ն, դատավորներին պատուհաններից էին ցած գցում, բայց, միեւնույն է, Արթուր Դավթյանն անդրդվելի էր, սիրող ու հանդուրժող:

Արթուր Դավթյանը, սակայն, չգիտեր, որ 2020 թվականին պատերազմ է սկսվելու, որ ՀՀ իշխանություններն այդ պատերազմում կապիտուլացվելու են եւ ականջները կտրած չոբանի շան պես չեն իմանալու, թե պոչը որտեղ թաքցնեն: Հազարավոր զոհեր, պատասխան պետք է տրվեր, թե ինչու այդ տղաները զոհվեցին, ինչու գործ չի հարուցվում մեղավորների դեմ… Զոհվածների ծնողները, ընդդիմադիր պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազությանը հաղորդում հաղորդման հետեւից տվեցին… Բայց երեւում էր, որ նրանք լավ չէին ճանաչում Արթուր Դավթյանին: Կա գլխավոր դատախազի մի տեսակ՝ կոչվում է կայուն լուռ: Արթուր Դավթյանն այսպիսի աղմկոտ գործեր չի սիրում, բայց դա չի նշանակում, որ մանր գործերի հանդեպ էլ նույնքան հանդուրժող է: Եթե ես Նիկոլին, օրինակի համար, ասեմ՝ չաթլախ կամ քաղպուտանկա, Արթուր Դավթյանը չի հապաղի եւ մի 3 միլիոնանոց տուգանքի չեկ կուղարկի մեր տուն: Նա կայուն լուռ չէ նաեւ Սասուն Խաչատրյանի հետ կապ ունեցող քրեական գործերում: Հակակոռուպցիոն պայքարի կոմիտեի նախագահը (նախկին ՀՔԾ պետ) չի սիրում Արթուր Դավթյանին բազմաթիվ պատճառներով: Սասուն Խաչատրյանը չի կարողանում ջհանգիրյանություն անել ՀՀ գլխավոր դատախազի տիրույթներում, ինչն ավելի է ընդգծում Արթուր Դավթյանի ուժն ու պաշտոնի զորությունը: Ի վերջո, Արթուր Դավթյանին ընտրել է հայոց խորհրդարանը, իսկ Սասուն Խաչատրյանն ամեն անգամ պաշտոնի է թառել Նիկոլի մատի շարժումով ու «երջանկահիշատակ» նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությամբ:

Եվ ահա, վրա է հասնում Արթուր Դավթյանի պաշտոնավարման մայրամուտը: Այս ամենը խելապտույտ արագությամբ վերածվում է պատմության, մինչդեռ Արթուր Դավթյանը չի ավարտել (որոշ տեղեկություններով՝ նույնիսկ չի սկսել) իր կյանքի կարեւորագույն առաքելություններից թերեւս ամենակարեւորը՝ հայրենիքի դավաճաններին դատարանի առաջ կանգնեցնելու, նրանց համար պատիժ պահանջելու գործը: Ես հենց սա նկատի ունեմ Արթուր Դավթյանի եւ Նիկոլ Փաշինյանի հրաժեշտի տանգո ասելով: Նիկոլը չի ուզում, որ այդ պարը տեղի ունենա, Արթուր Դավթյանն էլ կա՛մ շատ չի պնդում, կա՛մ չի հասկանում, որ պետք է այդ պարը պարի, այլապես պատմությունն ինձ նման բարի չէ եւ նրան չի ներելու իր կայուն լռության համար: Սա աքսիոմ է՝ պատմության տեսանկյունից՝ վատն է այն գլխավոր դատախազը, որից այդ երկրի ռազմաքաղաքական իշխանությունը չի վախենում: