Բացարձակ ճշմարտությունը. ապագա կա ապագա

Բացարձակ ճշմարտությունը. ապագա կա ապագա

«Հայաստանը կդառնա բնակչության ամենափոքր թիվն ունեցող երկիրը Կովկասում» հրապարակումից տեղեկանում ենք, որ, համաձայն միջազգային փորձագետների՝ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կկազմի 1,5 միլիոն մարդ։

Հիմա դժվար է հիշել, բայց նման մի կանխատեսում, կարծես, Համաշխարհային բանկն է արել 2050 թվականի համար, դեռեւս 15-20 տարի առաջ. լավագույն սցենար՝ 2.5 մլն մարդ, չափավոր՝ 2.0 մլն, վատագույն սցենար՝ 1.5 մլն մարդ: Փաստորեն, վատագույն սցենարն իրականություն դառնալու ճանապարհին է:  Արտասահմանյան մի լուրջ կառուցի ներկայացուցիչ էլ, հանդիպումներից մեկի ժամանակ (20-25 տարի առաջ) հայտնել էր կարծիք, որ Հայաստանի բնակչությունը հասցվելու է 800-900 հազար մարդու:

Փաստորեն, «բնական» ժողովրդագրական գործընթացները հանգեցնելու են այն բանին, որ ՀՀ բանակի թվակազմը չի կարող գերազանցել 10-15 հազարը: Գուցե դա է նկատի ունեցել «բարեկիրթ» մի անձնավորություն՝ ասելով, թե Հայաստանը բանակ չպետք է ունենա: Նա, իհարկե, մի փոքր չափազանցրել է. քանի դեռ ՀՀ տարածքում (նրա ինչ-որ մասի վրա) կլինի պետականության հատկանիշներ ունեցող կազմավորում, ուրեմն այդ հատկանիշներից մեկը հանդիսացող բանակը նույնպես կլինի: Ուղղակի դա կլինի խորհրդանշական ինչ-որ բան, որը չի զբաղվի սահմանների պաշտպանությամբ. դրա անհրաժեշտությունը կվերանա, քանի որ, ինչպես ասել է հայ քաղաքագիտական մտքի «տիտանը», «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է»: Երեխաները չեն ծառայի, կամ ծառայությունը կլինի ակումբ գնալու նման ինչ-որ բան:

Միջոցներ չեն «վատնվի» բանակի վրա: Վրա կհասնի համընդհանուր բարեկեցությունը:
Նման զարգացումների պարագայում իշխող քաղաքական ուժի որդեգրած արտաքին քաղաքականությունն ընկալելի է, իսկ նրա առաջնորդի վարքագիծը՝ ըմբռնելի: Գուցե հետագայում, լոսերում ու այլ տեղերում հանգրվանած, գլուխները վիսկի «քաշող» հայ պատմաբաններն ու քաղաքագետները գրեն, որ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում մենք չենք ունեցել այսպիսի մեծություն:

Հիմա, ի՞նչ անի նա, որ հայերը չեն ցանկանում ապրել իրենց պատմական հայրենիքում: Ի՞նչ անեն, բոլորից հավաքե՞ն անձնագրերը:

Այս խորապատկերին, միանգամայն հասկանալի է, թե ինչու հարեւան երկրի ղեկավարը հռչակվեց որպես կիրթ անձնավորություն: Կիրթ կամ բարեկիրթ՝ նշանակում է նաեւ գթասիրտ: Այո, երբ ՀՀ-ն բանակ չունենա, նրա էլ ավելի փոքրացած, Իրանից կտրված տարածքում մնացած բնակչությունն իր հույսը կդնի հենց նրա գթասրտության ու ողորմածության վրա:

Այժմ հասկանալի է, թե օտարերկրյա զորքերի անարգել մուտքն առայժմ ինքնիշխան համարվող երկրի տարածք ինչու չէր կանխվում. թեպետ այսօր դրա հնարավորությունը կա, բայց չէ՞ որ վաղը չի լինելու: Հետեւաբար, այսօրվանից պետք է սովորել դրան:

Փաստորեն, կրկին անգամ ՀՀ բնակչության համոզիչ քվեն ստացած քաղաքական ուժի ծրագրային հենքը խարսխված է պրագմատիզմի, ռեալպոլիտիկի սկզբունքների վրա, այն բանի վրա, որ երկիրը պետք է շարժվի «բնական» ժողովրդագրական գործընթացներին համընթաց:

ՀԳ. C'est la vie.

Գագիկ Վարդանյան