Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը

Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը

Վարչապետ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ուշագրավ մի միտք արտահայտեց, որը, ցավոք, լրատվամիջոցների կողմից պատշաճ ուշադրության չարժանացավ։ 

«...դուք արել եք դա, որպեսզի այդ միջազգային կազմակերպությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ձեր մասին ավելի մեղմ զեկույցներ գրեն, ձեր ընտրակեղծիքների, ձեր հավաքած եւ բաժանած կաշառքների նկատմամբ աչք փակեն»։ 
Երկրի վարչապետը փաստացի մեղադրում է միջազգային կազմակերպություններին՝ ինչ-որ բանի դիմաց զեկույցներ մեղմելու, թալանը հանդուրժելու, ընտրակեղծիքների նկատմամբ աչք փակելու մեջ։ Միջազգային կազմակերպություններն ինչ-որ կերպ կանդրադառնա՞ն այս հայտարարությանը, չենք կարող ասել։ 

Սակայն այստեղ կա հարցի շատ ավելի էական, չենք վախենա ասել՝ նաեւ զավեշտալի կողմը։ 
Իսկ այսօր վստահելի՞ են միջազգային կառույցները, թե՞ ինչ-որ բանի դիմաց ընդամենը «աչք փակող» կազմակերպություններ են։ Սա շատ կարեւոր հարցադրում է, որի պատասխանը պետք է իրենց համար գտնեն նախեւառաջ վարչապետն ու իր թիմը։ Հիմա Փաշինյանն ու իր թիմը պատերազմի մեջ են Վենետիկի հանձնաժողովի, Ջիանի Բուքիքիոյի հետ։ Ավելացավ նաեւ ԵԺԿ-ն։ Վաղը կավելանան մյուսները։ Ստացվում է, որ եթե քո սրտով է արձագանքը, ապա դրանք հեղինակավոր եվրոպական կառույցներ են, իսկ եթե ոչ՝ դրանք ինչ-որ բանի դիմաց աչք փակող կոռումպացված կառույցնե՞ր են։ Նման գավառական պատկերացումներով հնարավոր չէ աշխատել եվրոպական կառույցների հետ։

Գուցե Նիկոլը ճի՞շտ է

Ընդունենք, որ Փաշինյանը ճիշտ է, եւ միջազգային կառույցները ժամանակին «աչք են փակել» Հայաստանի ներքին քաղաքական պրոցեսների վրա։ Այսինքն՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն աշխատել են այդ կառույցներում։ Ստացվում է, որ կոնկրետ մարդիկ ավա՞նդ են ունեցել այդ «աչքփակոցի»-ի մեջ։ Եվ այստեղ ծագում է հաջորդ հռետորական հարցը՝ ինչո՞ւ կամ ինչի՞ դիմաց են սույն պաշտոնյաները մասնակցել «աչք փակելու» պրոցեսներին։ Ովքե՞ր են նրանք։

Հիմա՝ հերթով

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ նրա փոխնախարարները, առանց կենսագրություն մարդու էնտուզիազմով, միջազգային հարթակներից խոսում են հեղափոխությունից հետո ժողովրդավարության, խոսքի ազատության եւ անկախ դատական համակարգի կայացման մասին։ Նրանք արդեն իրենց «նորհայաստանյան» CV-ն ունեն։ Հետաքրքիր է, որ արտաքին գործերի նախարարն էլ, նրա չորս փոխնախարարն էլ նախկին իշխանության ներկայացուցիչներ են, ավելին՝ նաեւ Հայաստանը միջազգային ատյաններում ներկայացնողները։
Զոհրաբ Մնացականյանը Մարտի 1-ից հետո եղել է ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան։ Եվ եթե խոսք է գնում այդ կառույցում Մարտի 1-ի թեման խեղաթյուրված կերպով ներկայացնելու, Փաշինյանի եւ մյուս ձերբակալվածների դեմ աշխատելու, ինչ-որ բանի դիմաց ԵԽԽՎ-ում աչք փակելու պրոցեսի մասին, ապա Մնացականյանը հենց այն մարդն է եղել, որը նախագահական աշխատասենյակներից հրահանգ ստանալը եւ անվերապահ կատարելը համարել է սրբության պես մի բան։

Ավետ Ադոնց - ԱԳ փոխնախարար. «արտի 1-ից հետո նշանակվել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ նա այդ շրջանում Մարտի 1-ի թեման ԵՄ-ում ներկայացրել է այսօրվա Նիկոլի եւ դատախազ Արթուր Դավթյանի տեսանկյունից։ Թե՞ այն ժամանակ նրա տեսակետները 100 տոկոսով համընկնում էին 2008-ի «Հայլուրի» տեսակետներին։ 
Արտակ Ապիտոնյան - ԱԳ փոխնախարար. մի քանի տարի ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում եղել է ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, խորհրդական, իսկ 2009-2013 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ։ Զոհրաբ Մնացականյանը եւ իր թիմը, եթե հետեւենք Փաշինյանի խոսքի տրամաբանությանը, միջազգային կառույցներում «Մարտի 1» էի՞ն «կոծկում»։ 

Եթե իսկապես միջազգային կառույցներն ինչ-որ բանի դիմաց «աչք են փակել», ուրեմն այս մարդիկ իրենց ավա՞նդն են ունեցել այդ դավադիր գործում, իսկ եթե իսկապես չեն նկատել այդ պրոցեսները, ուրեմն կոմպետե՞նտ չեն։ Եթե կոմպետենտ չեն, ապա ինչո՞ւ են վերոնշյալ անձինք մինչեւ այսօր գլխավորում ԱԳՆ-ն, առաջ տանում մեր արտաքին քաղաքական գիծը։
Ուշադրություն դարձրեք․ երբ այսօր ԱԳՆ ղեկավար կազմը Նիկոլին դուր գալու համար միջազգային հարթակներից խոսում է հեղափոխության աննախադեպ ձեռքբերումների մասին, ապա նրանք կեղծում են ոչ միայն պատմությունը, այլեւ՝ իրենք իրենց։

Ուշադրություն դարձրեք. նախարար Զ. Մնացականյանը, փոխնախարարներ Ա. Ապիտոնյանը, Ա. Ադոնցը բոլորն էլ հին Հայաստանում աշխատել են նախագահների աշխատակազմերում՝ բավականին բարձր պաշտոններում։ Եվ եթե նրանք տեսել են թերություններն ու սխալները եւ լռել, ապա դա այլ բան է, եթե ամեն ինչի հետ համաձայնել են՝ այլ բան։ 

Կա նաեւ երրորդ՝ տրամաբանությանն ավելի մոտ տեսակետը․ նրանք «վատ բան» չեն արել, ուղղակի այսօր Նիկոլին դուր գալու համար կեղծում են իրենք իրենց։ Սա իրոք պատիվ չի բերում։
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, այստեղ էլ ունենք տարբերակներ՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանն է բացահայտ զրպարտում, կա՛մ մեր արտաքին գործերի նախարարությունում ոչ կոմպետենտ մարդիկ են այսօր նստած, կա՛մ սույն պաշտոնյաներն ինչ որ արել են, արել են գիտակցված՝ հետապնդելով միայն նեղ անձնական առաջնահերթություններ։

Թերեզա ՄԱՆՈՒԿՅԱՆ